Ո՞Վ ԿԿԱՌՈՒՑԻ ՊԱՏԸ
Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ գյուղի մանկապարտեզի շենքն ադրբեջանական գնդակոծություններից պաշտպանող պատ կառուցելու համար իրենք դիմել են Կարմիր Խաչին, ՀՀ պաշտպանության նախարարությանը եւ Հայ օգնության ֆոնդին: Նախադպրոցական հաստատությունը ադրբեջանական գնդակոծություններից պաշտպանող պատն ունենալու է 70 մ երկարություն, 3 մետր բարձրություն: Ա. Այդինյանի փոխանցմամբ` Կարմիր Խաչի միջազգային ընկերությունն Այգեպարի գյուղապետարանին հայտնել է, որ այդ հարցով դիմել է միջազգային դոնոր կազմակարպութուններին եւ ակնկալում է ֆինանսավորում, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը պատրաստակամություն է հայտնել աջակցել պաշտպանիչ պարսպի կառուցապատմանը, իսկ Հայ օգնության ֆոնդը պատրաստ է վճարել պաշտպանիչ պատը կառուցող շինարարներին: Նշենք, որ Այգեպարի մանկապարտեզ է հաճախում 23 երեխա: Այս տարվա ապրիլի 14-ին ադրբեջանական «ԴՇԿ»-ի՝ խոշոր տրամաչափի գնդացրի 3 գնդակ պայթել էր գյուղի մանկապարտեզի շենքի միջանցքում, ավերածություններ գործել: Բարեբախտաբար, մանուկներն այդ ժամանակ իրենց տներում էին եղել: Ի դեպ, Այգեպարի մանկապարտեզի շենքը նորոգվել է ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորմամբ, գույքով հագեցվել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցներով:
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԿԱՆ
Տավուշի մարզում խոսակցություններ են տարածվել, թե նոր մարզպետ Հովիկ Աբովյանը պատրաստվում է կադրային լուրջ փոփոխություններ կատարել: Հ. Աբովյանը ծագումով մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանից է, եւ ակնկալվում է, որ մարզպետարանի նոր կադրերը պետք է լինեն հենց այդ տարածաշրջանից: Մասնավորապես շրջանառվում է Կարեն Նազարյանի անունը, ով Նոյեմբերյանի տարածաշրջանի Կողբ գյուղի թիվ 2 միջնակարգ դպրողցի տնօրենն է: Կարեն Նազարյանը, չնայած իր երիտասարդ տարիքին, տարբեր ոլորտներում ղեկավար պաշտոն վարելու բավականին փորձ ունի: Վերջինս կարող է զբաղեցնել Տավուշի մարզպետի տեղակալի կամ մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի պաշտոնը: Մարզպետ Հովիկ Աբովյանը «Ժողովուրդ»-ի հետ հեռախոսազրույցում ասաց, որ մարզպետարանի աշխատակազմում առայժմ կադրային ոչ մի փոփոխություն չի կատարվել:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ