ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԻՇԽԱՆԱԿԱՆ ՊԱՌՆԱՍԸ ՍԿՍՎՈՒՄ Է ԳՈՐԻՍԻՑ

Երեկ, Գորիսի քաղաքապետի պաշտոնի համար առաջադրված 4 թեկնածուներից երկուսը` Սյունիքի գործող մարզպետ Վահե Հակոբյանի մտերիմ ընկեր Տիգրան Կարապետյանը եւ Արա Բուդաղյանը, ինքնաբացարկի դիմում ներկայացրեցին: Քաղաքապետի պաշտոնի համար ընտրապայքարը շարունակելու են առաջադրված մյուս երկու թեկնածուները` Վաչագան Ադունցը, ում հովանավորում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը եւ ավագանու անդամ Հրայր Յոլյանը: Արդեն իսկ պարզ է, որ քաղաքապետ ընտրվելու է Սուրիկ Խաչատրյանի հովանավորյալը, ում պաշտոնապես պաշտպանում է նաեւ ՀՀԿ-ն: Այսինքն՝ Գորիսի քաղաքապետի ընտրություններն ավարտվեցին նախընտրական փուլում: Իսկ մինչ այդ սին հույսեր էին ծնվում, թե թեժ ընտրություններ են լինելու: Բայց ինչպես նկատեցինք, ոչ մի թեժ, ոչ մի էմոցիա, ընդամենը` որոշում եւ կատարողներ: Գորիսի քաղաքապետի տեղական նշանակության ընտրության քաղաքական ազդեցությունը կզգացվի ապագայում՝ 2017 եւ 2018 թթ. ընտրություններին: Եվ այն քաղաքական ուժերը, որոնք այսօր զրոյական ուշադրություն անգամ չդարձրին Գորիսում տեղի ունեցածի վրա, այդպես զրոյական քվեներ էլ ստանալու են համապետական ընտրություններում, ու հետո էլ կոկորդ են պատռելու, թե իրենց քվեն գողացան: Մինչդեռ գողացողն այն անտարբերությունն է, այն անհեռատեսությունը, այն լռությունը, որ այսօր դրսեւորվեց նրանց կողմից Գորիսի թեկնածուների ինքնաբացարկից հետո: Եվ որքան քաղաքական ուժերը շարունակեն իրենց պատվից ցածր ու քաղաքականապես անհեռանկար համարել ՏԻՄ ընտրությունները, այդպես էլ կշարունակեն մնալ լուսանցքային դերակատարներ: Իսկ գլխավոր դերում կրկին նորին մեծություն Լիսկան է:

 

Հայաստանում տնտեսական աճի ցուցանիշը շարունակում է դոփել տեղում: ԱՎԾ հրապարակած ցուցանիշների համաձայն, այս տարվա առաջին չորս ամիսներին տնտեսական աճը կազմել է 3.6 տոկոս: Ընդ որում, եթե մարտին այս ցուցանիշը կազմել էր 3.3 տոկոս, ապա մեկ ամսվա ընթացքում այն աճել է 0.3-ով: Ավելին՝ շարունակվում է անկումը արդյունաբերական արտադրանքի ոլորտում՝ 1.4 տոկոս, էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում՝ 1.5 տոկոսով: Շարունակում է տեղում դոփել նաեւ արտաքին առեւտրաշրջանառությունը՝ այն աճել է 1.6 տոկոսով, ասել է թե՝ գրեթե չի աճել: Նկատենք, որ Տիգրան Սարգսյանի կառավարությունը նախատեսել էր ապահովել մինչեւ 7 տոկոս, իսկ Հովիկ Աբրահամյանի ծրագրով՝ 5 տոկոս տնտեսական աճ: Սակայն մեր վարչապետերի կանխատեսումները տնտեսական աճի ցուցանիշների առումով «ձգվում են» մինչեւ ԱՎԾ-ի հրապարակումները, որոնք իրականում պաշտոնապես ի չիք են դարձնում հարազատ կառավարության սահմանած աճի փուչիկը:

 

Վերնիսաժի հարակից տարածքում մայիսի 17-ին տեղի ունեցած կրակոցների հետքերով, համաձայն «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ անսպասելի ու կտրուկ զարգացումներ կարող են տեղի ունենալ: Նախ՝ հիվանդանոցից փախուստի փորձ է կատարել Կարո Կարապետյանի փեսայի մեքենայի դիմացը կտրած վիրավոր երիտասարդներից մեկը, ինչը, սակայն, կանխել են ոստիկանները: Բացի այդ, «Ժողովուրդ»-ը պարզեց, որ կրակոցների հեղինակի` Գոռ Առաքելյանի դուստրը՝ 2,8 տարեկան Լիլի Առաքելյանը, ով դեպքից հետո տեղափոխվել է հիվանդանոց, մինչ օրս չի խոսում: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ Լիլիի տատիկից՝ Հասմիկ Ստեփանյանից, ում խոսքերով՝ Գոռին ծեծել են ու հասցրել այն աստիճանի, որ կրակի: Պարզվում է՝ դեպքի վայրում է եղել ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզի քննչական բաժնի պետը` Մարատ Դուրյանը, ով ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Լեւոն Յոլյանի փեսան է: Նա ամբողջությամբ ականատես է եղել դեպքին եւ, ամենայն հավանականությամբ, որպես վկա ցուցմունքներ կտա ոստիկանությունում:

 

ՀՀ Կոտայքի մարզի Գեղաշեն համայնքում խոշոր եղջերավոր կենդանիների շրջանում հայտնաբերվել է բրուցելոզ տեսակի հիվանդություն, որի պատճառով հարկադիր սպանդի է ենթարկվել 48 խոշոր եղջերավոր կենդանի, տուժել է ավելի քան քսան ընտանիք: Ստացվում է՝ ՀՀ գյուղնախարարությունը գյուղացիներին օգնելու, անասուններին ժամանակին պատվաստելու փոխարեն, ձեռքերը ծալած նստած սպասում են, թե երբ են անասունները հիվանդանալու, որ իրենք անցնեն գործի, այն է` ախտորոշեն ու ենթարկեն հարկադիր սպանդի: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ գյուղնախարարության ՍԱՊԾ անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը հայտնեց, որ իրենք պատվաստումը աննպատակահարմար են համարում: Սա ոչ այլ ինչ է, քան պետության կողմից դրսեւորվող առնվազն հանցավոր անփութություն, անտարբերություն ու բարձիթողի վիճակ: Այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչու է ՀՀ կառավարությունը պատվաստանյութերի ձեռքբերման համար բյուջեից հատկացումներ անում: Օրինակ՝ անցյալ տարի՝ 510 մլն դրամի, իսկ այս տարի՝ 594 մլն դրամի չափով:

 




Լրահոս