ՇԱԽՄԱՏԸ ԿՆՈՋ ԽԱՂ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ճանաչվեց Հայաստանի լավագույն շախմատիստ: «Ժողովուրդ» օրաթերթը շնորհավորեց Տիգրանին հաղթանակի կապակցությամբ եւ ուղղեց մի քանի հարց:
-Հետաքրքիր է, ի՞նչ զգացողություններ եք ունենում արդեն հաղթողի կարգավիճակում:
-Շատ մեծ ուրախություն, քանի որ այդ հաղթանակի մեջ ներդրված են տարիների աշխատանք, ժամանակ: Բոլորս գիտենք, որ Հայաստանն ուժեղ է շախմատի բնագավառում: Ե՛ւ հպարտություն, ե՛ւ պատասխանատվության զգացում ունեմ հիմա, քանի որ վերադարձա հավաքական եւ արդեն պետք է հանդես գամ հիմնական կազմում:
-Հավաքականի կազմում Օլիմպիական չեմպիոն եք եղել: Դրանից այն կողմ էլ ինչի՞ մասին պետք է երազի շախմատիստը:
-Շախմատիստը միշտ երկու բանի մասին է մտածում: Մեկ, որ թիմային խաղում դառնա Օլիմպիական չեմպիոն, եւ երկրորդը` անհատական հարթակում ճանաչվի աշխարհում լավագույնը: Ես դեռ այդքան մոտ չեմ այդ քայլին: Փորձելու եմ մոտակա տարիներին ընդգրկվել գոնե լավագույն տասնյակի մեջ:
-Երեխաներին սովորաբար ստիպողաբար են տանում տարբեր խմբակներ: Ձե՞զ էլ շախմատի ստիպելով են տարել:
-6 տարեկանս դեռ չէր լրացել, երբ ծնողներս տարան ինձ շախմատի, բայց, ինչպես իրենք են ասում, սիրով եմ գնացել: Հետագայում էլ այնքան է գրավել, որ ես ինքս եմ որոշել դա մասնագիտություն դարձնել:
-20 տարուց ավել շախմատ եք խաղում: Այնուամենայնիվ, չե՞ն լինում պահեր, երբ ցանկանաք թողնել ամեն ինչ ու սկսել զբաղվել մեկ այլ բանով:
-22 տարի է, ինչ խաղում եմ, բայց ամեն անգամ, երբ գեղեցիկ պարտիա եմ խաղում ու նոր հաղթանակներ ունենում, կարծես նորովի եմ սկսում սիրել շախմատը, բացի այդ, շախմատն ինձ համար արդեն դարձել է մասնագիտություն, դրանով եմ դրամ վաստակում: Այդքան տարի մի բանով զբաղվելուց հետո դժվար կլիներ փոխել մասնագիտությունս: Մինչեւ պրոֆեսիոնալ դառնալը, շախմատն ինձ համար զբաղմունք էր, բայց հիմա` ոչ: Դա նաեւ սպորտաձեւ է, որով հետաքրքիր է ինձ համար մրցել:
-Ի՞նչ մակարդակի վրա է այսօր շախմատը Հայաստանում:
-Որ երկրի հետ էլ համեմատենք, մենք լինելու ենք միջինից շատ ավելի բարձր, բացի Ռուսաստանից: Բայց եթե մենք վերցնենք բնակչության քանակային ու տոկոսային առումով, տարածքով, ապա մենք լավագույնն ենք աշխարհում:
-Եթե մտաբերեք համաշխարհային գրոսմայստերների, ո՞ւմ կհամարեք լավագույնը, ո՞վ է Ձեզ համար «ուսուցիչ»:
-Օրինակ` Գարի Կասպարովն ինձ համար լավագույնն է աշխարհում, չնայած մասնագետների կարծիքն այստեղ կիսվում է, մի մասը հավանությունը տալիս է Ռոբերտ Ֆիշերին: Լավագույնների մեջ, իհարկե, առաջինը Տիգրան Պետրոսյանն է, ում պատճառով էլ մեր հայկական շախմատն այսօր այս բարձրության վրա է:
-Ի դեպ, հետաքրքիր զուգադիպություն է` երկուսդ էլ Տիգրան Պետրոսյան եք: Չի՞ պատահել, երբ ասեք` ես շախմատիստ Տիգրան Պետրոսյանն եմ, ու ստանաք այս տիպի պատասխան. «Նա վաղուց մահացել է»:
-Դուք առաջինը չէիք, որ նման օրինակ բերեցիք: Եղել են նման դեպքեր, ավելի շատ մանուկ հասակում, վերջին տարիներին մարդիկ արդեն սովորել են, որ կա նաեւ ուրիշ Տիգրան Պետրոսյան: Փոքր էի, Հունգարիայում մրցաշարի էի մասնակցում, հայրիկիս հետ էի գնացել, երբ լսել էին անունս, հորս մոտեցել ու ասել էին` այդ ինչպե՞ս է Տիգրան Պետրոսյանը մասնակցում, չէ՞ որ նա մահացել է:
Իմ անունը հայրս մտադրաբար էլ դրել է Տիգրան` ի պատիվ շախմատիստ Տիգրան Պետրոսյանի:
-Ինչո՞վ եք զբաղվում ազատ ժամանակ:
-Շփվում եմ ընկերներիս հետ, տարբեր տեղեր ենք գնում, սիրում եմ մաֆիա խաղալ, զբաղվել սպորտով` սեղանի թենիս, ֆուտբոլ: Մենք շախմատիստներով նույնիսկ թիմ ունենք: Տարբեր են նախասիրություններս, բայց աղմկոտ վայրեր չեմ սիրում, տանն էլ կարող եմ հաճույքով նստել ու ֆիլմ դիտել, համացանցում էլ երկար ժամանակ եմ անցկացնում: Հետեւում եմ լուրերին:
-Վերջերս նաեւ ամուսնացաք: Ինչպե՞ս է ընտանիքն ազդում կարիերայի վրա:
-Փաստը ցույց է տալիս, որ լավ է ազդում` վերջին հաղթանակս նկատի ունեմ: Իսկ եթե ավելի լուրջ, դեռ շուտ է, նոր եմ ամուսնացել` 3 ամիս է: Մի քանի տարի հետո կկարողանամ համեմատություններ անել, բայց ինձ շատ լավ եմ զգում, հաստատ դրական կանդրադառնա:
-Ձեր կինը նույնպե՞ս շախմատիստ է:
-Բարեբախտաբար ոչ:
-Ինչո՞ւ բարեբախտաբար:
-Իմ սուբյեկտիվ կարծիքով` աղջիկները չպետք է շախմատ խաղան:
-Շախմատը զուտ տղամարդկայի՞ն խաղ է:
-Ավելի շատ մասնագիտական պահ կա: Կանանց, աղջիկների մոտ գալիս է մի պահ, երբ նրանք ամուսնանում են, երեխա ունենում, բնականաբար, այդ ընթացքում շախմատով չեն զբաղվում: Իսկ սպորտի մեջ եթե 3-4 տարի չզբաղվես, այն էլ այդ երիտասարդ տարիքում, հետո էլ ի՞նչ իմաստ ունի շարունակելը: Տղաներին ընտանիքը չի խանգարում, իսկ կնոջը խանգարում է: Փաստ է նաեւ, որ տղաներն ավելի լավ են խաղում:
-Եւ վերջին հարցը: Ինչի՞ մասին եք երազում:
-Հիմա արդեն երազում եմ բալիկների մասին եւ այն մասին, որ իմ գործակիցը մասնագիտական առումով բարձրացնեմ, որպեսզի իմ կայուն  աշխատանքն ու եկամուտն ունենամ ու կարողանամ ընտանիքիս հետ վայելել:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս