ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՍՈՎՈՐՈՒՅԹ Է ԴԱՌՆՈՒՄ

Մայիսի 20-ին տեղի է ունեցել առաջին նախագահ, Հայ Ազգային Կոնգրեսի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը: Հանդիպմանը, որին մասնակցել են նաեւ ԲՀԿ-ից` Վարդան Օսկանյանն ու Ստեփան Մարգարյանը, եւ Հայ Ազգային Կոնգրեսից` Լեւոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը, քննարկվել են երկրում ստեղծված իրավիճակը, երկու քաղաքական ուժերի միջեւ համագործակցությունը, ինչպես նաեւ խորհրդարանական ոչ իշխանական ուժերի քառյակի անելիքների հետ կապված հարցեր:

ԷԼԻ ՄԵՐԺԵՑԻՆ

Դերասան Վարդան Պետրոսյանի գործով երեկվա դատական նիստին միջնորդությամբ է հանդես եկել Ֆրանսիայից ժամանած փաստաբան Մարի Լոռ Դոզեն՝ դերասանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ: Նախորդ նիստին դա փաստաբանին չէր հաջողվել` անորակ թարգմանության պատճառով: Միջնորդությունը, սակայն, դատարանը մերժել է:

ԼԱՎ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ Աժ-ում հայտարարել է, որ մտադիր է «վարչապետերի ակումբ» ստեղծել՝ ընդգրկելով երբեւէ կառավարության ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձանց: Ակումբի անդամները, ըստ Աբրահամյանի, օգտագործելով իրենց փորձն ու գիտելիքները պետք է քննարկեն երկրի իրավիճակը եւ լուծման ընդհանուր ուղիներ առաջարկեն: Ուշագրավ է, որ այս նախաձեռնությունը ոգեւորել է Հրանտ Բագրատյանին, ով երեկ Աժ-ում նկատել է, որ իր քննադատություններին զուգահեռ մշտապես առաջարկել է նաեւ հարցերի լուծման ուղիները:

ՎԵՐԸՆՏՐՎԵՑ

Երեկ Աժ քվեարկության արդյունքում Կենտրոնական բանկի նախագահ է վերընտրվել Արթուր Ջավադյանը: ԱԺ Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանի խոսքով` կողմ են եղել քվեարկած 79 պատգամավորներից 77-ը:ՀՀԿ-ից բացի մնացած 4 խմբակցությունները (ԲՀԿ, «Ժառանգություն», ՀՅԴ, ՀԱԿ) հայտարարել են, որ չեն մասնակցում քվեարկությանը, ՕԵԿ-ն էլ հայտնել է, որ իրենց խմբակցությունը ազատ կքվեարկի:

ԳԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔԸ

Երեկ մահացել է վերջերս ադրբեջանական գերությունից ազատագրված, 77-ամյա Մամիկոն Խոջոյանը: armlur.am-ի հետ զրույցում Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետ Կամո Չոբանյանը հաստատեց տեղեկությունը: Նրա խոսքով՝ արդեն մեկ շաբաթ է, ինչ Մամիկոն Խոջոյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր էր, նույնիսկ հնարավոր չի եղել նրան տեղափոխել Բերդի քաղաքային հիվանդանոց: Հիշեցնենք, որ 77-ամյա Խոջոյանը գերեվարվել էր հունվարի 28-ին եւ միայն մարտի 4-ին Հայաստան վերադարձվել հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարեւելյան հատվածում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո: Մեկ ամսից ավելի գերության մեջ մնալուց հետո հոգեկան հիվանդությամբ տառապող Մամիկոն Խոջոյանը ՀՀ իշխանությունների խնամքին էր հանձնվել՝ առողջական լուրջ խնդիրներով:




Լրահոս