ԴԻՏԱՎՈՐՅԱ՞Լ Է ԱՐԵԼ
Մայիսի լույս 17-ի գիշերը՝ ժամը 2-ի սահմաններում, Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, ծագումով դիլիջանցի, 32-ամյա տղան Դիլիջան քաղաքում «Ֆոլկսվագեն գոլֆ» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Դիլիջանի 25-ամյա բնակչուհուն: Վերջինս տեղափոխվել է Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն: Նրա վիճակը կայուն ծանր է: Մեր տեղեկություններով՝ վրաերթի պահին աղջկա կողքին տղա է եղել: ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ դեպքից հետո, առավոտյան վրաերթ կատարողը մեղայականով ներկայացել է ոստիկանություն: Իրավապահ մարմիններից տեղեկացանք, որ վրաերթ կատարողը ձերբակալված է, քրգործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածով («Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը»): Դիլիջանի մեր աղբյուրները հաղորդում են, որ վրաերթ կատարած վարորդն իրավապահներին ասել է, որ վթարի ենթարկված աղջիկն իր ընկերոջ քույրն է, իսկ վերջինիս կողքին կանգնած տղան գիշերը ծեծել է իր ընկերուհուն, երիտասարդը ցանկացել է պատժել ընկերոջ քրոջը ծեծողին, սակայն վերջինս ընկերուհուն հրել գցել է ավտոմեքենայի առաջ: Դեպքի կապակցությամբ կատարվում է քննություն:
ՄՆԱՑԵԼ Է ՏԱՆ ՊԱՏԻ ՏԱԿ
Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի Ներքին Ծաղկավան համայնքի ղեկավար Նաիրի Աթաբեկյանը հայտնեց, որ մայիսի 20-ի առավոտյան՝ ժամը 8-ի սահմաններում, Ն. Ծաղկավան գյուղում քանդվել է գյուղի առանձնատներից մեկի ներսի պատի շերտը, որի հետեւանքով 85-ամյա բնակչուհի Սիրավարդ Յոլչյանը մահացել է: Գյուղապետն ասաց, որ զոհված կինն ունի 3 տղա եւ մեկ աղջիկ, վերջինս բնակվում է հարեւան Սարիգյուղ համայնքում: Ծեր կնոջ աղջիկը տուն է եկել ժամը 9.30-ի սահմաններում եւ մորր գտել է փլատակների տակ: Կնոջ ամուսինը մահացած է,երկու տղաները Ռուսաստանում են բնակվում, մեկը՝ Դիլիջան քաղաքում: Գյուղապետ Ն. Աթաբեկյանն ասաց, որ այդ տունն արտաքինից վթարային տեսք չի ունեցել, այն թեեւ հին է եղել, սակայն ունեցել է ամուր տանիք:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ՊԱՐՏՔԵՐՆ ԱՃՈՒՄ ԵՆ
Ընթացիկ տարվա մարտի վերջի դրությամբ մեր երկրի համախառն պետական պարտքը կազմել է 1 տրիլիոն 883 մլրդ 092.1 մլն ՀՀ դրամ, որի մոտ 85%-ը կազմել է արտաքին, մնացյալը՝ ներքին պարտքը: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ տարեսկզբի համեմատ մեր երկրի համախառն պետական պարտքն աճել է, ընդ որում՝ աճել է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին պարտքը: Արտաքին պարտքի գերակշիռ մասը կազմել է ՀՀ կառավարության պարտքը, որը գոյացել է բազմակողմային վարկային ծրագրերից: Նշենք, որ 2013 թվականի վերջի դրությամբ Հայաստանի համախառն պետական պարտքը կազմել է 1 տրիլիոն 861 մլրդ 265.9 մլն ՀՀ դրամ: