ՄԻԼԻՈՆՆԵՐՈՎ ԳՆՎԱԾ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԵՐԸ ՉԵՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Կոտայքի մարզը, թրթրուրներից դեռ «չազատված», հիմա էլ այլ վարակով է պատվել` Գեղաշեն համայնքի խոշոր եղջերավոր կենդանիները ձեռք են բերել բրուցելոզ տեսակի հիվանդություն: Այս համայնքում արդեն մեկ շաբաթ է, ինչ շուրջօրյա հսկողութուն է սահմանված: Գլուխ բարձրացրած հիվանդության պատճառով հարկադիր սպանդի է ենթարկվել 48 խոշոր եղջերավոր կենդանի, ինչի արդյունքում տուժել է ավելի քան քսան ընտանիք: «Ժողովուրդ»-ն այս թեմայով զրուցեց ՀՀ ԳՆ ՍԱՊԾ անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանի հետ, ում պատճառաբանությունները վկայում են պետության կողմից դրսեւորվող առնվազն հանցավոր անփութության, անտարբերության ու բարձիթողի վիճակի մասին:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ ԳՆ ՍԱՊԾ անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանն ասաց, որ վերջին տասը տարիներին ողջ հանրապետությունում բրուցելոզի դեմ պատվաստում չի իրականացվում: «Կատարվում են ախտորոշիչ հետազոտման միջոցառումներ: Բրուցելոզի ու տուբերկուլոզի դեպքերում մենք կենդանուն չենք պատվաստում, որպեսզի նա իմունիտետ ձեռք բերի եւ չվարակվի, այլ հետազոտում ենք, եւ եթե կենդանին հիվանդ է, ապա ենթարկում ենք սանիտարական սպանդի, որպեսզի մյուսներին չվարակի»,-ներկայացրեց Մկրտչյանը:
Փաստորեն, բրուցելոզի դեմ մեր հանրապետությունում պայքարի միջոց որպես այդպիսին չկա: Հակառակը` պատկան կառույցի ներկայացուցիչները թողնում են, որպեսզի կենդանին վարակվի, հետո ախտորոշեն հիվանդությունը, ենթարկեն սպանդի` մեծ վնաս հասցնելով գյուղացու գրպանին եւ չփոխհատուցեն: Հետաքրքիր է, թե այդ դեպքում որն է հարկատուների հաշվին ապրող ԳՆ-ի դերը որպես պետական մարմին: Պարզվում է, սակայն, որ իր պարտականությունները չկատարող ԳՆ պետք է, իսկ գյուղացիների անասուններին պատվաստել պետք չէ: «Մեր երկիրը տոկոսային հարաբերությամբ այն երկիրը չէ, որտեղ բրուցելոզով հիվանդ կենդանիների քանակը մեծ է: Պատվաստման աշխատանքները միայն խորհրդային տարիներին են իրականացվել: Հիմա նպատակահարմար չէ»,-պարզաբանում է Մկրտչյանը:
Եվ ահա, չինովնիկների որոշման արդյունքում հիվանդությունը տարածվել է Գեղաշեն համայնքում, իսկ մինչ այդ էլ` մարտի սկզբին ՀՀ-ում պլանային ստուգումների ընթացքում բրուցելոզի դեպքեր արձանագրվեցին Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում, որտեղ 38 գլուխ անասուն ենթարկվեց հարկադիր սպանդի: Ի դեպ, պլանային ստուգումները սովորաբար սկսվում են մարտ ամսին, բայց քանի որ նախորդ տարի գրանցվել են նման հիվանդության մի քանի դեպքեր, հետազոտությունն այս տարի մի փոքր վաղ է սկսվել: «Պատվաստում բրուցելոզի դեմ մեր գյուղում երբեւէ չի իրականացվել: Սիբիրախտի եւ մյուս հիվանդությունների դեմ պարտադիր կատարվում է, բայց կոնկրետ սրա դեպքում` չի արվել»,-«Ժողովուրդ»-ին հայտնեց Գեղաշենի գյուղապետ Ա. Հովհաննիսյանը: Գյուղապետի խոսքով՝ առկա հիվանդության պատճառով տուժեց ավելի քան քսան ընտանիք. «Փոխհատուցման մասով աշխատանքներ ենք իրականացնում: Տեսնենք, թե ինչով կարող ենք օգտակար լինել մարդկանց»:
Հ.Գ. Զավեշտ է ու փաստ, որ անցյալ տարի ՀՀ կառավարությունը պատվաստանյութերի ձեռքբերման համար հատկացրել է 510 մլն դրամ, իսկ այս տարի՝ 594 մլն դրամ: Իսկ ԳՆ նպատակահարմար չի համարում պատվաստելը: Այդ դեպքում ինչի են պետք պատվաստանյութի գնման համար պետբյուջից հատկացումներ անելը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս