ԱՊՐԵԼ ԿՈՊԵԿՆԵՐՈՎ
«Ժողովուրդ»-ի խմբագրություն է դիմել կենսաթոշակառու Ռայա Մուրադյանը, ով մեր թերթի միջոցով դիմում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը՝ խնդրելով վերադարձնել ժամանակին խնայդրամարկղում կուտակած իր գումարները:
«Ամենօրյա իմ հոգսերը, մարմնական ցավն ու հիվանդությունները ստիպեցին ինձ, որպեսզի ներկայանամ ներքոհիշյալ թեմայով: Թեմա, որը տարիներ շարունակ ինձ անհանգստացնում է:
Տարիներ առաջ ինձ եւ ընտանիքիս անդամներին զրկելով բարեկեցիկ կյանքի շատ վայելքներից, կոպեկ-կոպեկ տնտեսելով ռուբլիներս՝ հանձնեցի սովետական խնայդրամարկղին: Հանձնեցի այն հույոսվ, որպեսզի «սեւ օրվա» համար խնայողությունս ծախսեմ: Իսկ «սեւ օրերը» վաղուց են բախել իմ սրտի դռները: Ավաղ, անկախացած Հայաստանի խնայդրամարկղի դռները փակեցին ինձ նմանների առջեւ…
Ես ու ամուսինս վաղուց ի վեր թոշակառուներ ենք ու մեր միակ օգնող, խնամյալի (աղջիկ) աշխատավարձը շատ քիչ է մեր ծախսերը հոգալու համար: Ես ու ամուսինս ունենք առողջական խաթարումներ, հիվանդ ենք մի շարք հիվանդություններով: Հարկադրված ենք կախման մեջ լինել դեղատներից, բժշկական սպասարկման, կոնսուլտացիաների ծառայություններից…: Վատնում ենք ահռելի գումարներ հատկապես մեր դեղերի համար: Ավելի շատ գումար վատնում ենք դեղորայքի, քան սննդամթերքի համար: Ինչպես գոյատեւենք սուղ միջոցներով, երբ չունենք մեզ սատարող եւ օգնող ոչ մեկը: Մեր տարիքը եւ հիվանդությունները պարտադրում են մեզ, որպեսզի մշտապես մտահոգվենք պետությանը «պարտք» տված մեր փողերի (ավանդներ) մասին: Ցավոք, չկա որեւէ հույս, որ երբեւէ կստանանք այդ գումարները: Ըստ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, պարտադրանքի իմ տարիքը շատ է հեռու եւ երկար պետք է սպասեմ իմ ավանդի ձեռք բերմանը: Ուրեմն… հեռանամ այս կյանքից եւ քրտինքով վաստակածս թողնեմ պետական բյուջեին, որն ըստ ցանկացածի կարող է ծախսել…: Արդյոք կա՞ որեւէ երկիր, որ չվերադարձնի ավանդատուի գումարը: Բացառությամբ Թուրքիայի:
Հայաստանի կառավարության հարգելի նախագահ, վարչապետ եւ այլք… խնդրում եմ ձեզ ժամանակ տրամադրեք եւ մտահոգվեք նաեւ ինձ նմանների հարցերով: Գոնե, ի սեր Աստծո, գթացեք մեզ եւ դրական լուծում տվեք Ձեր որոշումներով, որպեսզի մեր արդար վաստակով կարողանանք գոյատեւել՝ ստանալով խնայդրամարկղի իմ փողերը: Իսկ իմ կյանքը երկարատեւ չէ՝ նկատի ունենալով հիվանդությունները: Գութ եմ հայցում Ձեզանից եւ գոհացուցիչ պատասխան»:
Ռայա Մուրադյան
Երեւան, Էրեբունի վարչական շրջան