ՀԱՑԱՎԱՆՈՒՄ ՄԻ ԿՏՈՐ ՀԱՑ ՎԱՍՏԱԿԵԼԸ ԽՆԴԻՐ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեեւ Կոտայքի նախկին մարզպետ, ՀՀԿ-ական Կովալենկո Շահգալդյանն իր պաշտոնավարման տարիներին ամեն պատեհ առիթի հայտարարում էր, թե ինքն ուշադիր է եւ հետաքրքրված մարզի յուրաքանչյուր բնակչի հոգսերով, «Ժողովուրդ»-ը, լինելով մարզի Հացավան համայնքում, հակառակ պատկերն արձանագրեց: Նշենք, որ Հացավանում շատ է սոցիալապես ծանր պայմաններում ապրող ընտանիքների թիվը: Ու թեեւ այս համայնքի հետ անմիջական կապ ունեն մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ` ԱԺ պատգամավոր Արտաշես Գեղամյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը (նրանք այստեղ առանձնատուն ունեն), այնուամենայնիվ գյուղը մատնված է անուշադրության: Սրան զուգահեռ ավելանում է գյուղից հեռացողների թիվը եւ արագորեն նվազում դպրոցի աշակերտների քանակը:

«Ժողովուրդ»-ը, լինելով Հացավանում, նկատեց, որ գյուղամիջյան ճանապարհներն անհարթ են, քարքարոտ ու փոսառատ: Գյուղի բուժքրոջ` տիկին Շուշաննայի պնդմամբ` տարիներ առաջ Հացավանի փողոցները մարդկանցով ու երեխաներով լիքն էին, իսկ հիմա դատարկ են: «Քայլելիս, երբ մարդ եմ տեսնում, շատ եմ ուրախանում: Ծերերն են շատ գյուղում, իսկ երիտասարդները հեռացել են»,-խորը հառաչելով ասաց բուժքույրը: Բոլորի հոգսերով մտահոգ տիկինը մտնելով յուրաքանչյուր հացավանցու տուն մինչեւ չոգեւորի, չի դուրս գալիս:
Հացավանի համայնքապետ Սասուն Գրիգորյանը եւս մեծ ցավով նշեց, որ գյուղից հեռացող մարդկանց թիվն ավելացել է, իսկ դպրոցի աշակերտների քանակը, նախկին 200-ի փոխարեն, դարձել է 40: Պատճառը աշխատատեղերի համատարած բացակայությունն է, ինչի համար էլ հացավանցիները հեռանում են:
Հացավանի 53-ամյա բնակչուհի Թագուհի Խաչատրյանն իր ամուսնու եւ մինուճար որդու հետ ապրում է խարխլված տանիքով ու խոնավացած պատերով տնակում: Այս փոքրիկ ընտանիքը չունի եկամտի եւ ոչ մի աղբյուր. ապրում են հարեւանների եւ համագյուղացիների օգնությամբ: «Հաց, ուտելիք են տալիս եւ մի կերպ յոլա ենք գնում: Գյուղացիների մի մասը մեզ օգնելու նպատակով գումարի դիմաց խնդրել է իրենց անասուններին տանել արոտավայր ու արածացնել: Դրանով գոնե այս շրջանում կարողանում ենք հաց, մակարոն գնել, որ սոված չմնանք»,-ներկայացրեց Թագուհին:
Խաչատրյանների մինուճար որդին՝ Մարզպետը, հինգերորդ դասարանից սկսած գումարի դիմաց աշխատել է համագյուղացիների տներում: «Տանում աշխատեցնում են եւ 1000, կամ էլ 2000 դրամ վճարում: Ուրիշ աշխատող չպահելու համար խղճում են ու Մարզպետին ասում»,- լրացրեց 53-ամյա հացավանցին: Իսկ տարվա մյուս ամիսներին ընտանիքը սոված չմնալու համար ստիպված գյուղի փոքրիկ խանութից «նիսյա»-ով գնումներ է կատարում եւ ամիսներ անց այն մարում:
Բացի այդ, Թագուհին ունի առողջական խնդիրներ. նրան պետք է շտապ վիրահատել: Թագուհու ամուսինը` Հարութը (նրա կեղծանունն է Պելե: Համագյուղացիները նրան այդպես են անվանում, քանի որ լավ ֆուտբոլ է խաղում), մտավոր թերզարգացած է, ինչի համար էլ վերջերս ստացել է հաշմանդամության երրորդ կարգ: «Բայց պետք է երկրորդ կարգ ստանար, քանի որ միաժամանակ նաեւ չի լսում»,-նշեց Թագուհին:
Հարութն ունի նաեւ հոգեմետ դեղերի կարիք, սակայն գումար չունենալու պատճառով չի կարողանում ձեռք բերել: Իսկ վերջերս ստացած հաշմանդամության կարգը բավարար չէ դեղերն անվճար ստանալու համար:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս