Հայտնի քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը ստեղծագործական պրպտումների մեջ է: Ֆլորա Մարտիրոսյանի հուշարձանը քանդակելուց հետո արվեստագետը մի քանի էսքիզների վրա է աշխատում: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում քանդակագործն ասաց, որ նամակով դիմել է ՀՀ պաշտպանության նախարարությանը եւ խնդրել քաղաքում տեղադրել Մոնթե Մելքոնյանի արձանը:
Թեեւ Արցախում արդեն կա լեգենդար հերոս Մոնթե Մելքոնյանի քանդակը, որի հեղինակը նույնպես Լեւոն Թոքմաջյանն է, բայց ըստ քանդակագործի, Երեւանում եւս պետք է տեղադրել Մոնթեի արձանը, ինչի մասին, ի դեպ, երեւանցիները բազմիցս են բարձրաձայնել:
Սակայն միայն Մոնթե Մելքոնյանի արձանի մասին չի մտորում քանդակագործը: «Արդեն քանի տարի է՝ Գեւորգ 4-րդ կաթողիկոսի քանդակի էսքիզի վրա եմ աշխատում: Սպասում եմ` վեհափառը գա, իր համաձայնությունը տա, որ գործը տեղից շարժվի»,- անկեղծացավ քանդակագործը:
Իր մտահղացումներն իրականացնելու համար, ըստ քանդակագործի, անհրաժեշտ են ֆինանսական լուրջ միջոցներ: Թոքմաջյանը հիշեցնում է` անցել են այն ժամանակները, երբ պետությունն էր քանդակի պատվեր իջեցնում: Հիմա պետք է արվեստագետը բարեգործներ գտնի` իր գաղափարները կյանքի կոչելու համար:
Լեւոն Թոքմաջյանը Ֆլորա Մարտիրոսյանի քանդակից հետո որոշ հետեւություններ արել է: Քանդակագործը համոզված է` այդքան աղմուկ չէր բարձրանա, եթե Ֆլորա Մարտիրոսյանի ամուսինը, ով վախճանվել է օրեր առաջ, անհարկի չդժգոհեր: «Ամուսինն իմ կողքին էր, հարազատները տեղյակ էին, հետեւել էին քանդակի ստեղծման աշխատանքներին: Ինձ համար այդպես էլ մութ մնաց՝ ինչու նման կերպ պահեց իրեն Ֆլորա Մարտիրոսյանի ամուսինը: Դե եթե չէին հավանում, թող գային, հանեին տանեին»,- դառնությամբ ասաց արվեստագետը:
Ինչ վերաբերում է Մոնթե Մելքոնյանի արձանին, ապա այն ստեղծելիս Թոքմաջյանը կանի ամեն ինչ` տհաճ խոսակցություններից խուսափելու համար: «Պատվիրատուի «դաբրոն» որ ստանամ, մնացածը գիտեմ` ինչ կանեմ»,-վստահեցնում է քանդակագործը:
Խոսելով քանդակագործության խնդիրների, հատկապես երիտասարդ քանդակագործներին ոգեշնչելու մասին` Թոքմաջյանը խորհուրդ է տալիս չվհատվել, հավատով լցվել եւ շարունակել ստեղծագործել: Ի վերջո, ինչպես ասում էր Թումանյանը, էսպես չի մնա, ավելի լավ ժամանակներ կգան:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ