ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԱԶՈՒԹԻ ՄԱՍԻՆ ՉԻ ԽՈՍՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը փոշմանել է, որ համաձայնվել է ստանձնել այդ պաշտոնը: Բանն այն է, որ նախարար նշանակվելուց հետո կրկին ակտիվացել են խոսակցությունները, թե Զախարյանը ժամանակին անցնում էր «մազութի գործով», ավելին՝ նրա նկատմամբ քրեական գործ էր հարուցվել ու ինքը ստիպված է եղել այդ պատճառով լքել Հայաստանը: Այդ մասին գրում է ոչ միայն մամուլը, այլեւ՝ ընդդիմությունը բացահայտ խոսում է ԱԺ ամբիոնից, եւ Զախարյանը բավականին ծանր է տանում այդ ամենը: Երեկ «Ժողովուրդ»-ի թղթակիցը փորձել է Զախարյանից մեկնաբանություններ ստանալ «մազութի գործի» մասին, սակայն նախարարը հայտարարել է՝ «չեմ ուզում էդ մասին խոսել», եւ հրաժարվել պատասխանել մեր հնչեցրած հարցերին:

ՏԽՈՒՐ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ

Հայաստանի տնտեսությունը սկսել է դոփել տեղում: Իսկ սա նշանակում է, որ տնտեսությունը գնալով լճանում է՝ իր բոլոր բացասական հետեւանքներով հանդերձ: Հատկանշական է, որ Հայաստանում գնալով կրճատվում են սպառման ծավալները, ինչը հետեւանք է բնակչության թվի նվազման: Ավելին՝ փոփոխություններ չկան նաեւ արտաքին առեւտրաշրջանառության ծավալներում. այս տարվա առաջին չորս ամիսներին արտահանման ծավալներն աճել են 2.3, իսկ ներկրմանը՝ 1.3 տոկոսով. ցուցանիշներ, որոնք որեւէ լավ բանի մասին չեն խոսում:

ՈՒՄԻՑ Է ՊԱԿԱՍ

ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի՝ ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագիրը բավականին հետաքրքրական է: Մի կողմից՝ Մելքիյանը հայտարարագրում նշել է, որ ունի սեփական տուն, ավտոտնակ, երկու հողամաս, մյուս կողմից՝ հայտարարագրած տրանսպորտային միջոցը առավել քան համեստ է՝ ՈՒԱԶ 469, որն ավելի շատ հայտնի է «Վիլիս» անունով: Մելիքյանի բանկային հաշվին կա 11 մլն դրամ, 25 հազար ԱՄՆ դոլար եւ 10 հազար եվրո, բայց նախորդ տարվա ընթացքում այս պատգամավորը չի ունեցել որեւէ եկամուտ. նա ոչ աշխատավարձ է ստացել, ոչ նվիրատվություն։ Ի դեպ, 2012թ. մայիսին կայացած ԱԺ ընտրություններից հետո մինչեւ այս տարվա ապրիլը Գագիկ Մելիքյանը եղել է գործազուրկ: Ու անհասկանալի է, թե այսքան գումարն ինչպե՞ս է կուտակվել: Թեեւ, ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, Մելիքյանը զբաղվում է հողագործությամբ, եւ բերքի իրացումից մեծ եկամուտներ ունի:

ԱԶԱՏՎԵԼՈՒ Է

ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշում է կայացվելու ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանին պաշտոնից ազատելու մասին: Հիշեցնենք, որ նա նախկինում` Հ. Քուշկյանի օրոք, արդեն մեկ անգամ ազատվել էր այդ պաշտոնից, հետո Դ. Դումանյանի օրոք կրկին վերանշանակվել:




Լրահոս