ՀԱՅԱՍՏԱՆԸ` ՄՄ, ԵՄ, ԵՏՄ ԲԵՐՄՈՒՆԴՅԱՆ ԵՌԱՆԿՅՈՒՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընդամենը մի քանի օրից, հունիսի 3-ին, լրանալու է 10 ամիսն այն պահից, երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց Հայաստանի աշխարհաքաղաքական նոր վեկտորի մասին: Նախորդ տարվա սեպտեմբերի 3-ին, ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը նախաստորագրել հրաժարվելուց եւ Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու մասին հայտարարություններից հետո Սերժ Սարգսյանը փութաջանորեն լծվեց այդ գործին: Անգամ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեք ամիս անց՝ դեկտեմբերին Հայաստան կատարած այցի ժամանակ կես կատակ կես լուրջ ասել էր, որ ՄՄ-ին անդամակցելու հարցում Հայաստանն այնքան եռանդուն է գործում, որ անգամ իրենք չեն հասնում ՀՀ հետեւից:

Սերժ Սարգսյանի՝ նման շտապողականության պատճառը մեկն էր՝ Հայաստանը Մաքսային միության մյուս երկրների հետ միասին ցանկանում էր դառնալ Եվրասիական միության հիմնադիր անդամներից մեկը: Միաժամանակ, դա լավ հնարավորություն էր ՌԴ իշխանություններին իր նվիրվածությունը ցույց տալու համար:
Միայն թե պարզվում է, որ այդ շտապողականությունն անիմաստ էր՝ Հայաստանը չի հասցնի ստորագրել Եվրասիական միության հիմնադրման փաստաթղթերի տակ: Հայաստանը չի հասցրել անգամ անդամակցել Մաքսային միությանը, թեեւ՝ նախկին կառավարության անդամները ՄՄ-ին անդամակցելու փաստաթղթերի ստորագրման կոնկրետ ամսաթվեր էին հրապարակում: Այսօր անգամ ռուս փորձագետներն են բաց տեքստով նշում՝ ուկրաինական ճգնաժամն, ըստ էության, խառնել է խաղաքարտերը: Եթե նկատի ունենանք, որ ՄՄ անդամ երկրներից՝ մասնավորապես Ղազախստանն այնքան էլ շահագրգռված չէ Հայաստանի՝ ՄՄ-ին ու Եվրասիական միությանն անդամակցելուն, ապա կարելի է ենթադրել՝ այդ ծրագրի ապագան, իրոք, մշուշոտ է: Գոնե՝ այս պահին:

Իրենցով են անում
Ուկրաինական ճգնաժամն ու դրա հետեւանքով ՌԴ-ում ստեղծված իրավիճակը, կարծես թե հույսեր են ներշնչել ԵՄ անդամ երկրներին: Նրանք փորձում են օգտագործել այս իրավիճակը՝ Հայաստանին կրկին դեպի Եվրոպա տանելու համար: Պատահական չէ, որ Արեւելյան գործընկերության ծրագրի 10-ամյակի կապակցությամբ երեկ հրավիրած քննարկումների ժամանակ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան հայտարարել է, թե Ֆրանսիայի նախագահ Օլանդի հայտարարությունը՝ ԵՄ ասոցացման շրջանակում Հայաստանին բացառիկ մոտեցում ցուցաբերելու մասին, ուժեղ էր ու համոզիչ: «Ինչ վերաբերում է Եվրոպական միությանը, ապա ես ակնկալում եմ, որ մենք մեր համատեղ պարտավորությունները կիրականացնենք: Իմ կարծիքով՝ որպես երկկողմ համագործակցության անկյունաքար՝ Վիլնյուսում արձանագրած Արեւելյան գործընկերության մեր ծրագիրը շատ կարեւոր նախաձեռնություն կլինի, որը պետք է փորձենք իրականացնել միասին»,- ասել է նա: Իսկ դիտարկմանը, թե, այնուամենայնիվ, փոքր-ինչ անհասկանալի է, թե Հայաստանն ու ԵՄ համագործակցությունը ինչպիսի ձեւաչափում է լինելու, Հրիստեան մեկնաբանել է. «Մենք հիմա խորհրդակցություններ ենք անցկացնում Հայաստանի իշխանությունների հետ՝ ինչպես իրականացնել Վիլնյուսյան փաթեթը: Սա Հայաստանի իշխանությունների, ԵՄ հաստատությունների եւ ԵՄ պետությունների կողմից մի վարժանք է, որը պետք է փորձենք իրականացնել: Անկախ նրանից, թե այս խորհրդակցություններն ինչպիսի արդյունք կունենան, ամենակարեւորը Վիլնյուսի գագաթաժողովի փաթեթի իրականացումն է»:
Հետաքրքրականն այն է, որ Հայաստանը դեռ չի արձագանքել այս իրադարձություններին: Միայն վարչապետ Հովիկ Աբրահամյանն է երեկ ԱԺ-ում կառավարության ծրագիրը ներկայացնելու ժամանակ, պատգամավորների հարցերին պատասխանելիս ասել, որ ԵՄ-ի հետ հարաբերությունները շարունակելու են ամրապնդել, եւ նոյեմբերին Վիլնյուսում արված hայտարարության արդյունքում պետք է «ճանապարհային քարտեզ» կազմեն: Ըստ Աբրահամյանի՝ իրենք փորձելու են առաջ տանել «եւ-եւ»-ի քաղաքականությունը՝ միաժամանակ ամրապնդելով հարաբերությունները Մաքսային միության հետ:
Եւս մեկ կարեւոր հանգամանք. ՄՄ-ին անդամակցելուց հետո անհասկանալի է, թե ինչ է լինելու ԼՂՀ-ի հետ: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Զարգացման եւ ինտեգրացիայի դեպարտամենտի Միջազգային գործակցության բաժնի պետ Անտոն Ազարովը վերջերս, ի պատասխան հարցին, թե Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցությունից հետո որտեղով է անցնելու միության ընդհանուր սահմանը, արդյոք ՀՀ եւ ԼՂՀ միջեւ մաքսակետ լինելու է, թե Ղարաբաղը, փաստորեն, դառնալու է Եվրասիական միության անդամ, Ազարովը ասել էր. «Պատասխանեմ միանշանակ. Մաքսային միությանը կամ մեր որեւէ միությանը ԼՂՀ անդամակցության հարցն անգամ չի էլ քննարկվում, միության սահմանները անցնելու են ՀՀ ներկայումս ընդունված սահմաններով»: Թե այս հարցում ո՞րն է Հայաստանի դիրքորոշումը, պաշտոնական Երեւանը ոչ միայն լռում է, այլեւ՝ ինչպես ԱԺ-ում հայտարարեց Հովիկ Աբրահամյանը. «Ինչ վերաբերում է Ղարաբաղին, կխնդրեի այդ թեմայով քիչ խոսել: Մենք ցանկանում ենք, որ ամեն ինչ մեր ցանկացածի պես լինի: Բայց որքան շատ ենք մենք այդ մասին խոսում, այնքան շատանում են խոչընդոտները»:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս