Armenian text to speach

ՄԱՐԶԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՉՈՒՆԻ
Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Վերին Կարմիրաղբյուր համայնքի ղեկավար Կամո Չոբանյանից տեղեկացանք, որ իրենց համայնքի բնակիչ, շուրջ մեկ ամիս Ադրբեջանում գերության մեջ ացկացրած եւ խոշտանգված 77-ամյա Մամիկոն Խոջոյանի դին տեղափոխվել է Երեւան: Գյուղապետն ասաց, որ մայիսի 20-ին մահացած Մամիկոն Խոջոյանի մարմինը հետազոտության կենթարկվի, եւ ՀՀ առողջապահության նախարարությունը պաշտոնապես կհայտնի մահվան ստույգ պատճառը:

Հիշեցնենք, որ Մամիկոն Խոջոյանը Ադրբեջանի տարածքում հայտնվել էր 2014 թվականի հունվարի 28-ին, եւ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ Հայաստան էր վերադարձվել մարտի 4-ին: Կամո Չոբանյանի խոսքերով՝ ադրբեջանական գերությունից վերադառնալուց հետո Մամիկոն Խոջոյանը շատ էր տանջվում ցավերից, նա համագյուղացիներին չէր ճանաչում, կորցրել էր հիշողությունը: Համայնքապետի վկայությամբ` Մամիկոնը թեեւ հոգեկան հիվանդ էր, սակայն մինչ Ադրբեջանի տարածքում հայտնվելը ֆիզիկական ցավեր չէր ունեցել:
Հիշեցնենք, որ Մամիկոն Խոջոյանի գերեվարության դեպքից կարճ ժամանակ անց գերի էր ընկել նույն համայնքի մեկ այլ բնակիչ` 22-ամյա Արսեն Խոջոյանը: «Ժողովուրդ»-ը համայնքապետից հետաքրքրվեց, թե ինչպես է վերջինիս առողջական վիճակը: Գյուղապետն ասաց,որ Արսենը նոր է դուրս գրվել հիվանդանոցից եւ նրա առողջական վիճակը նորմալ է: Կամո Չոբանյանը, սակայն, մտավախություն հայտնեց, որ ադրբեջանցիները նրա առողջության նկատմամբ էլ կարող էին ոտնձգություն կատարել,որը կարող է բացահայտվել, օրինակ,մեկ տարի անց:
Մեր դիտարկմանը, որ միեւնույն, այն էլ՝ ոչ սահմանամերձ Կարմիր Աղբյուր համայնքից կարճ ժամանակահատվածում երկու հոգու` ադրբեջանական սահմանը հատելու եւ գերի ընկնելու իրողությունը, մեղմ ասած, մտահոգիչ եւ հարցահարույց է՝ Կ. Չոբանյանը հակադարձեց` նշելով, որ իրենց գյուղն իրականում սահմանամերձ է: Գյուղապետն ասաց, որ իրենց հողերը սահմանից 1 կմ հեռավորության վրա են գտնվում, եւ իրականում Վերին Կարմիրաղբյուրը սահմանամերձ համայնք է: Նրա խոսքերով՝ իրենք Ադրբեջանի տարածքին ավելի մոտ են գտնվում, քան, օրինակ, Արծվաբերդը, սակայն ի տարբերություն Արծվաբերդի, Վերին Կարմիրաղբյուրը չի համարվում սահմանամերձ գյուղ:
Կամո Չոբանյանը նշեց, որ համայնքը պաշտոնապես սահմանամերձ ճանաչելու դեպքում իրենք ազատվելու են հողի հարկից եւ այդ հարկի գումարի չափով համայնքը պետական բյուջեից լրավճար է ստանալու: Գյուղապետը հայտնեց, որ վերջերս գերմանական դոնոր մի կազմակերպություն Բերդի տարածաշրջանի սահմանամերձ համայնքներում խմելու ջրագծերի շինարարության ծրագիր է ֆինանսավորում: Վերին Կարմիրաղբյուր համայնքը եւս ունի խմելու ջրի մատակարարման բարելավման հիմնահարց: Բայց քանի որ գյուղը չունի սահմանամերձի կարգավիճակ, չի կարողացել օգտվել այդ ծրագրից: Գյուղապետը հույս ունի, որ Ադրբեջանին սահմանակից Վերին Կարմիրաղբյուրը մի օր կստանա սահմանամերձի կարգավիճակ:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս