ՀԱՐՑ. Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը տարեվերջյան ասուլիսում հայտարարեց, թե գազը եւ էլեկտրաէներգիան 2012-ի ընթացքում չեն թանկանա: Ուզում եմ հասկանալ, թե ինչից ելնելով է նման հավաստիացմամբ հանդես գալիս Արմեն Մովսիսյանը, երբ գազի սակագինը «Գազպրոմ»-ի քմահաճույքներով է պայմանավորվում, իսկ երկնագույն վառելիքի գնի աճը, ինչպես հայտնի է, չի կարող անփոփոխ թողնել հոսանքի ներկայումս գործող արժեքը:
ՊԱՏԱՍԽԱՆ. «Գազպրոմ» ընկերության հետ գոյություն ունի գազի գնի փոփոխության հստակ ընթացակարգ: Այդ ընթացակարգի համաձայն` մինչեւ տարեվերջ «Գազպրոմ»-ը պարտավոր է պաշտոնապես տեղեկացնել գազի նոր սակագին առաջարկելու իր մտադրության մասին: 2011 թվականի տարեվերջին «Գազպրոմ» ընկերությունը նման առաջարկությամբ հանդես չի եկել, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ 2012 թվականի ընթացքում գազի, հետեւաբար նաեւ էլեկտրաէներգիայի սակագների փոփոխություն տեղի չի ունենա:
նախարարության աշխատակազմի
ղեկավար Կարեն Ղահրամանյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Իսկ եթե «Գազպրոմ»-ն անակնկալ մատուցի՞… Այս դեպքում լավագույն տարբերակը գործող սակագինը պահպանելու միակ հնարավորությունն օգտագործելը կլինի, երբ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, գործող կարգի համաձայն, մի քանի շաբաթ պահանջի նոր սակագինը հաստատելու համար: