«ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ»-Ն ԽԱԽՏԵԼ Է ՀՀ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ Պետական եկամուտների կոմիտեն մաքսային կանոնները խախտելու համար ընդամենը 100.000 դրամով տուգանում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը, այս օրերին մի շարք ջերմատներ եւ գործարաններ նույն ընկերության կամայականությունների պատճառով հայտնվել են սնանկացման եզրին:

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 16-ին Ռուսական «Գազպրոմ» ընկերության գլխավոր գրասենյակում ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերն ու ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների այն ժամանակվա նախարար Արմեն Մովսիսյանը ստորագրեցին համաձայնագիր «ՀայՌուսգազարդ»-ի բաժնետոմսերի 20% առքուվաճառքի մասին: Արդյունքում «Գազպրոմ»-ը դարձավ «ՀայՌուսգազարդ»-ի հարյուր տոկոսանոց սեփանակատերը, իսկ «ՀայՌուսգազարդ»-ը վերանվանվեց «Գազպրոմ-Արմենիա»:
Իսկ մինչ այդ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ բաժնետոմսերի առքուվաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասին գազային խայտառակ համաձայնագիրը մեծ աղմուկ բարձրացրեց Ազգային ժողովում, որի ոչ իշխանական ուժերը լքելով դահլիճը` չմասնակցեցին համաձայնագրի հաստատման քվեարկությանը: Եվ այլեւս Հայաստանի գազային ողջ համակարգի միանձնյա տերուտնօրենը վերջնականապես ազատ հնարավորություն ստացավ ՀՀ սպառողներին վիճելի որակի գազ մատակարարելու եւ դրա դիմաց աստղաբաշխական վարձավճարներ ներկայացնելու համար: Արդյունքում աննախադեպ, եւ հաճախ նաեւ չհիմնավորված բարձր վարձավճարները չկարողանալով վճարել` բազմաթիվ մանր եւ միջին տնտեսվարողներ հայտնվեցին սնանկացման եզրին:
Դեռեւս այս տարվա փետրվարի 4-ին «Հասառ» ՍՊԸ-ի տնօրեն Սամվել Հարությունյանը հայտարարել էր, որ արդեն 7 տարի պայքարում է «ՀայՌուսգազարդ» (ներկայում «Գազպրոմ Արմենիա») ընկերության կամայականությունների դեմ: Ըստ Ս.Հարությունյանի՝ ընկերությունն ապօրինաբար անջատել է 2500 քմ մակերեսով իր ջերմատան գազը, որի հետեւանքով մինչ օրս իրենց պատճառված միայն բերքի կորստից հասցված վնասը 85մլն դրամ է, իսկ զուտ ջերմատանը հասցված վնասը (չօգտագործման արդյունքում կոտրվել են ապակիները) գերազանցում է 100 մլն դրամը:
Բողոքի մեծ ալիք էր բարձրացրել նաեւ գործատուների միությունը: Իսկ ահա ՀՀ Արարատի մարզի «Ալիշան» պահածոների գործարանն արդեն փակվել է, քանի որ դադարեցվել էր գործարանի գազամատակարարումը: Հիշեցնենք` ամիսներ առաջ գործարանի տնօրենը բարձրաձայնել էր, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից արված հաշվարկները սխալ են եղել: «Եկան ու գազամատակարարումն անջատեցին: Դրա համար էլ չենք աշխատելու: Բայց ախր մենք պարտք չունենք կուտակած, ուղղակի ամեն ամիս գազի վարձը մեզանից ավելի են վերցնում: Օրինակ՝ դեկտեմբեր ամսվա համար մեր հաշվարկով պետք է վճարեինք 1 մլն 800 հազար դրամ, բայց արի ու տես, որ իրենք 6 տոկոս ավելի են գրել: Չեմ վճարելու, մինչեւ որ նորմալ չհաշվեն իմ սպառած գազի ծավալն ու գանձվող գումարի չափը: Ես վճարելու խնդիր չունեմ, բայց իրենք ավելի են գրում»,-զայրացած նշել էր գործարանի տնօրենը։
Երեկ հրապարակել էինք, որ գործարանը վեց ամիս փակված լինելու հետեւանքով կրում է խոշոր չափի վնասներ: Գործարանի հուսահատված տնօրենը տեւական ժամանակ է, ինչ սպասում է Էկոնոմիկայի նախարարության պատասխանին. «Տվյալ նախարարությունից խոստացել են, որ այս շաբաթվա վերջին դրական լուծում կտան հարցին»: Հավելենք, որ գործարանի տնօրենը դիմել էր նաեւ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությանը, բայց անօգուտ. ընդամենը նրա դիմումը վերահասցեագրել էին Էկոնոմիկայի նախարարություն: Իսկ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն շարունակում է լռել:
Այս ամենին հավելենք նաեւ այն, որ տասնյակ ջերմատներ «Գազպրոմ Արմենիա»-ի պատճառով դադարեցրել են իրենց գործունեությունը:
Եվ որ ուշագրավ է` այդ խնդիրը չի հուզում գյուղատնտեսության զարգացման մասին անվերջ ճառող կառավարությանը:
«Գազպրոմ Արմենիա»-ի նկատմամբ մինչ օրս կիրառված միակ տուգանքը կապված է ընկերության տնօրենի կողմից մաքսային կանոնները խախտելու հետ: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ ապրիլ ամսին «Գազպրոմ Արմենիա»-ն Հայաստան է ներմուծել մի շարք ապրանքատեսակներ, որոնց գերակշիռ մասը ընկերության տնօրեն Վարդան Հարությունյանն այդպես էլ չի հայտարարագրել: Արդյունքում մաքսային մարմնի կողմից «Գազպրոմ Արմենիա»-ի տնօրենի նկատմամբ կազմվել է մաքսային մարմնի կանոնները խախտելու մասին արձանագրություն եւ Վարդան Հարությունյանը տուգանվել է 50.000 դրամով: Նմանատիպ խախտում է արձանագրվել նաեւ ապրիլ ամսին, եւ դարձյալ տուգանքը կազմել էր 50.000 դրամ: Հետաքրքիր է, ինչ դրդապատճառներով է ընկերության տնօրենը ներմուծած ապրանքների մի մասը հայտարարագրել, իսկ մյուս մասը ոչ: Այս հարցերի պատասխանը ստանալու նպատակով «Ժողովուրդ»-ը զրուցեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Շուշան Սարդարյանի հետ, ով նշեց, որ տուգանքը եղել է զուտ տեխնիկական խնդիրների հետեւանքով:
Ամփոփելով` նշենք, որ այսօր փաստացիորեն «Գազպրոմ Արմենիա»-ն գտնվում է արտոնյալի կարգավիճակում, եւ վերը նշված տուգանքի դեպքը կրում է զուտ սիմվոլիկ բնույթ:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս