ՀԱՅԱԶԳԻ ԳՐՈՍՄԱՅՍՏԵՐՆԵՐԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ
Սենթ-Լուիս քաղաքում ավարտված Ամերիկայի տղամարդկանց եւ կանանց առաջնությունների եզրափակիչ մրցաշարերում փայլուն արդյունքի են հասել ԱՄՆ-ն ներկայացնող հայազգի գրոսմայստերներ Վարուժան Հակոբյանն ու Տաթեւ Աբրահամյանը: Դասական մրցաշարում նրանք երկուսն էլ բաժանել են 1-3 տեղերը եւ մասնակցել հաղթողին որոշող լրացուցիչ մրցամարտերին: Հայկական շախմատի ամերիկաբնակ վարպետներն անցկացրած առաջին մրցավեճերում կարողացել են հաղթահարել իրենց մրցակիցներ Ալեքսանդր Լենդերմանի եւ Աննա Զատոսկիխի արգելքները՝ իրավունք նվաճելով մասնակցելու չեմպիոնական մրցամարտերին: Որոշիչ դիմակայությունում, ցավոք, ե՛ւ Հակոբյանը, ե՛ւ Աբրահամյանը զիջել են մրցակիցներ Գատա Կամսկիին եւ Իրինա Կրաշին՝ արժանանալով արծաթե մեդալների:
ՋՈՒԼՖԱԼԱԿՅԱՆԸ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ Է
Երեկ հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոնի նյարդաբանական բաժանմունք: «Նաիրի» բժշկական կենտրոնի անեսթեզիոլոգիայի եւ վերակենդանացման ծառայության ղեկավար Անատոլի Գնունու խոսքով՝ Լեւոն Ջուլֆալակյանի վիճակը կայուն է, իսկ թե ինչ խնդիրներով է վերջինս տեղափոխվել «Նաիրի» բժշկական կենտրոն, պարզ չէ: Պարզ չէ նաեւ, թե երբ դուրս կգրվի մարզիչը բուժկենտրոնից:
100 ՈՒՍԱՆՈՂՆԵՐ
Երեկ տարբեր բուհերի շուրջ 100 ուսանողներ մասնակցում էին «Առաջնորդենք ապագան. գիտության երիտասարդացում» խորագրով երիտասարդ գիտնականների դպրոցի աշխատանքներին: Քննարկվում էին գիտության երիտասարդացման, ուսանողական ինքնակառավարումների մենեջմենթի, եվրոպական բարձրագույն կրթական դաշտում ուսանողների ներգրավվածության, չճանաչված երկրների քաղաքացիների բարձրագույն կրթության իրավունքի, բուհական ուսանողական շարժումներում արտասահմանցի ուսանողների ինտեգրման հարցերը: