ՀԱՐՑ. Տրանսպորտի եւ կապի նախարարությունում, ինչպես հայտնի է, արտոնագրված է շուրջ 8.000 տրանսպորտային միջոց տաքսի ծառայություն մատուցելու համար: Հարկային մարմիններում հաշվառված է 5.000-ը: Պետությանը չվճարվող եկամտահարկն ու սոցվճարները մոտավոր հաշվարկներով տարեկան մի քանի միլիարդ դրամի են հասնում: Ի՞նչ է նախատեսվում դրանք կրճատելու ուղղությամբ:
ՊԱՏԱՍԽԱՆ. Տրանսպորտի եւ կապի նախարարության պաշտոնական կայքէջում լիցենզավորված տաքսի ծառայությունների մասին եղած տեղեկատվությունը լրիվ հստակ է, եւ ներկայացված են իրական թվեր: Իսկ այն հարցին, թե ինչու են տրանսպորտի եւ կապի նախարարության թիվն ու հարկային տեսչության թիվը տարբեր, ապա անհրաժեշտ է հարկայինից ճշտել: Հնարավոր է` թվային մի քանի փոփոխություններ լինեն, օրինակ` լինում են դեպքեր, երբ տաքսի ծառայություններ մատուցող ընկերությունները դիմում են նախարարություն եւ լիցենզիայի ուժը կորցրած են ճանաչում, պակասեցնում են քանակը կամ ընդհանրապես գործունեությունը դադարեցնում են, եւ այդ մասին կայքում հստակ տվյալները դրվում են: Այս պահին 8039 տաքսի ծառայություններ մատուցող ընկերություններին նախարարության կողմից տրվել են ներդիրներ (որոնց հիման վրա իրենք պետք է գնան պետավտոտեսչություն եւ ստանան դեղին համարներ), որից 6533-ը կազմակերպությունների մեքենաներ են, 1506-ը` անհատների:
խոսնակ Սուսան Տոնոյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Եթե խոսքն ընդամենը մի քանի տասնյակ մեքենայի մասին լիներ, ապա միգուցե չարժեր կենտրոնանալ տրանսպորտի նախարարության եւ պետեկամուտների կոմիտեի թվերի տարբերության վրա: Այս դեպքում, սակայն, անհամամասնությունը չափազանց մեծ է եւ անհանգստացնող: