ՀԱՐՑ. Խնդրում եմ տեղեկացնել, թե որն է հողամասի կառուցապատման իրավունքը: Արդյո՞ք կարող են պետության կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը տրամադրվել կառուցապատման իրավունքով:
Ալբերտ Հարությունյան (48 տարեկան, տնօրեն)
ՊԱՏԱՍԽԱՆ. Կառուցապատման իրավունքը անձի իրավունքն է այլ անձի պատկանող հողամասում` քաղաքաշինական նորմերի ու կանոնների, ինչպեu նաեւ հողամաuի նշանակության վերաբերյալ պահանջների պահպանմամբ՝ սահմանված կարգով կառուցել շենքեր եւ շինություններ, դրանք վերակառուցել կամ քանդել եւ կառուցապատման իրավունքի գործողության ժամկետի ընթացքում տիրապետել եւ օգտագործել այդ գույքը: (Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 2041-րդ հոդված): Հայտնում ենք նաեւ, որ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողերը կառուցապատման իրավունքով տրամադրվում են միայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերից:
ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Որքան էլ ցավալի է, բայց կարելի է ասել, որ մայրաքաղաքը հեղեղվել է ապօրինի կառույցներով, որոնք սնկի պես աճում են բակերում, կենտրոնական եւ ծայրամասային տարբեր փողոցներում եւ ամենուր:
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, համայնքի բնակիչներն իրավունք ունե՞ն մասնակցել ավագանու կողմից անցկացվող նիստերին, թե՞ ոչ:
Վարուժան Ստեփանյան (57 տարեկան, գյուղատնտես)
ՊԱՏԱՍԽԱՆ. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի համաձայն՝ համայնքի ավագանու նիստը դռնբաց է: Առանձին դեպքերում ավագանու նիստին ներկա անդամների ձայների երկու երրորդի որոշմամբ կարող է անցկացվել դռնփակ նիստ:
Բացի այդ, 2013 թվականի հունիսի 19-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունված «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-72-Ն օրենքի՝ համայնքի ավագանու նիստի օրակարգում հարց ընդգրկելու նախաձեռնությամբ կարող է հանդես գալ նաեւ համայնքում հաշվառված, տասնվեց տարին լրացած անձանց ոչ պակաս քան մեկ տոկոսը` տասը հազարից ավելի բնակիչ ունեցող համայնքներում, երկու տոկոսը` հազարից մինչեւ տասը հազար բնակիչ ունեցող համայնքներում, եւ չորս տոկոսը` մինչեւ հազար բնակիչ ունեցող համայնքներում: Ավագանու նիստի օրակարգում հարց ընդգրկելու նախաձեռնությունը ստորագրում են համայնքի՝ դրան կողմ բնակիչները եւ ներկայացնում են համայնքի ղեկավարին: Համայնքի բնակիչների նախաձեռնությունը պարտադիր կարգով ներկայացվում եւ քննարկվում է ավագանու նիստում ոչ ուշ քան համայնքի ղեկավարի կողմից դրա ստանալուց հետո` մեկ ամսվա ընթացքում:
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Իհարկե գովելի է, որ ավագանու նիստերն անցկացվում են դռնբաց եւ համայնքի բնակիչներն իրավունք ունեն ներկա գտնվելու դրանց: Գոնե այդ կերպ նրանք չնչին հնարավորություն կունենան իրենց հուզող հարցերի պատասխանները ստանալ: Իսկ դրանք միանշանակ բազմաթիվ են, ինչը փաստում են խմբագրություն ստացված դիմումներն ու ահազանգերը:
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, օտարերկրացին Հայաստանում ի՞նչ պայմաններով կարող է աշխատանքի անցնել: Կոնկրետ ի՞նչ փաստաթղթեր են պետք:
Դիանա Մինասյան (36 տարեկան, գործազուրկ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Այս հարցի պատասխանը տալիս է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 201-րդ հոդվածը, որի համաձայն` գործատուների կողմից առանց համապատասխան կացության կարգավիճակի կամ աշխատանքի թույլտվության օտարերկրացիներին աշխատանքի ընդունելն առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից մինչեւ 150-ապատիկի չափով: Քանի որ աշխատանքի թույլտվություն տրամադրող լիազոր մարմինը սահմանող ՀՀ կառավարության որոշումը դեռեւս ընդունված չէ, աշխատանքի թույլտվության պահանջի մասին վերոնշյալ դրույթը կսկսի գործել միայն այն պահից, երբ ընդունվի կառավարության համապատասխան որոշումը:
Այսինքն՝ օտարերկրացիները ՀՀ-ում առայժմ կարող են աշխատել առանց աշխատանքի թույլտվության: «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի համաձայն, «Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացիների համար սահմանվում են կացության հետեւյալ կարգավիճակները.
ա) ժամանակավոր.
բ) մշտական.
գ) հատուկ:
Հայաստանի Հանրապետության ժամանակավոր, մշտական եւ հատուկ կացության կարգավիճակները հաստատող փաստաթղթերն են համապատասխանաբար ժամանակավոր կացության քարտը, մշտական կացության քարտը եւ հատուկ անձնագիրը, որոնց ձեւերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»:
«Իրավունքի իրազեկում» ՀԿ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պաշտոնական վիճակագրության համաձայն` 2013թ. 2-րդ կիսամյակում ՀՀ-ում հաշվառման վերցված օտարերկրացիների թիվը կազմել է 1140 մարդ, որոնցից 571-ը ԱՊՀ պետությունների քաղաքացիներ են, իսկ 484-ը՝ Ռուսաստանի Դաշնության: