
Սիրիայի հայաշատ Հալեպ քաղաքի հիմնականում հայաբնակ Նոր գյուղ թաղամասում երեկվանից սկսված գերլարված իրադրությունը շարունակվում է:
Հալեպի լրատվական գրասենյակի տվյալներով՝ երեկ և այսօր Նոր Գյուղի շրջանում տագնապալի իրադրությունը շարունակվում է, և անթիվ ու անհամար հրասանդի արկեր և հրթիռներ են տեղացել:
Պայթած հրթիռների պատճառով արձանագրվել են հայ զոհեր ու վիրավորներ:
Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի տվյալներով՝ զոհվածներն են՝ Միսաք Պարգևի Բոշգեզենյանը և Ռահել Դավիթյանը:
Վիրավորների անունները չեն հաղորդվում:
Նոր Գյուղի հայությանը կոչ է արվում տներից դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, հեռու մնալ պատշգամբներից և պատուհաններից։
Մարդկային կորուստներից բացի արձանագրվել են նյութական լուրջ վնասներ, բնակարաններ են փլվել։
Անցնող 3 պատերազմական տարիների ընթացքում Սիրիայում տարբեր տեղեկություններով զոհվել է 130-180 հազար մարդ։ Ազգությամբ հայ զոհերի թիվն անցնում է 100-ը։