Արդարադատության նախարարը` անչափահաս դատապարտյալների մոտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, այցելեց «Աբովյան» քրեակատարողականում պահվող անչափահաս դատապարտյալներին, մասնակցեց անչափահասների «Վերջին զանգի» միջոցառմանը:

Հովհաննես Մանուկյանը զրուցեց անչափահաս դատապարտյալների հետ, լսեց նրանց հուզող խնդիրներն ու ապագայի հետ կապված ծրագրերը: Շրջանավարտ դատապարտյալներին կոչ արեց շարունակել ուսումը և, օգնության կարիք ունենալու դեպքում, դիմել իրեն:

Նախարարի խոսքով՝ Հունիսի մեկը ստիպում է բոլորիս ևս մեկ անգամ վերաիմաստավորել մեր երեխաների նկատմամբ ունեցած վերաբերմունքը:

«Ես, որպես նոր ձևավորված Կառավարության անդամ, ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ մեր առաջնահերթություններից մեկը մեր երեխաների համար խաղաղ ու ապահով հայրենիք ստեղծելն է: Եթե մենք կարողանանք  որոշ ժամանակ անց մեր սերունդներին փոխանցել շատ ավելի կայուն ու ապահով Հայաստան, դա կնշանակի՝ մենք մեր առաքելությունը որոշ չափով կատարել ենք»,- ասաց Հովհաննես Մանուկյանը՝ կոչ անելով բոլորին Հայաստանի նորագույն պատմությունը կերտել ավելի մեծ հավատով ու ոգով:

Նախարարի խոսքով՝ այսօր ավելի շատ պետք է մտածենք այն երեխաների մասին, ովքեր զրկված են ծնող ունենալու բերկրանքից, մայրական սիրուց ու քնքշանքից, այն երեխաների մասին, որոնք ճակատագրի բերումով գտնվում են քրեակատարողական հիմնարկներում, այն երեխաների մասին, որոնք ծանր սոցիալական վիճակում են:

«Մենք պետք է փորձենք մեր ունեցած ուժերի սահմանում մի փոքր ավելի պայծառ դարձնել այդ երեխաների կյանքը»,- ասաց Հովհաննես Մանուկյանը՝ բոլորին մաղթելով համբերություն և հավատ՝ ավելի լավ ապագա ունենալու նկատմամբ:  Նախարարը մասնակցեց «Իրավախախտում կատարած անչափահասների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի աջակցությամբ անչափահաս դատապարտյալների ձեռքով պատրաստված կավե հուշանվերների ու նկարների ցուցահանդես վաճառքին:

Օրվա կապակցությամբ նախարարն անչափահաս դատապարտյալներին ու դատապարտված կանանց երեխաներին նվերներ հանձնեց Նախարարության կողմից: Անչափահաս դատապարտյալների համար անակնկալ էին պատրաստել նաև «Կիմ Երիցյան» հասարակական կազմակերպությունը, «Մանչո Գրուպ» ՍՊԸ-ն, «Տոսպ» ԲԲԸ-ն ու «Հայ կոլա» ընկերությունը:




Լրահոս