«Էդ. Նալբանդյանի և Բ. Սահակյանի հանդիպումը պայմանավորված չէ Նազարբաևի հայտարարությամբ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 31-ին  ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, արտգործնախարարության կենտրոնական ապարատի ղեկավար կազմն ու Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները ժամանել են Ստեփանակերտ և հանդիպել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ:

Armlur.am-ը ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանից  փորձեց պարզել`   արդյոք Էդվարդ Նալբանդյանի ու  Բակո Սահակյանի հանդիպումը պայմանավորված է եղել մայիսի 29-ին Աստանայում Եվրասիական միության հիմնադիր անդամ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի  հայտարարությամբ, այն է` Հայաստանը պետք է միանա Եվրասիական միությանը ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով, այսինքն` առանց Լեռնային Ղարաբաղի:

ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակի պարզաբանմամբ`  Էդվարդ Նալբանդյանի ու Բակո Սահակյանի այցն ամենևին պայմանավորված չէ Ղազախստանի նախագահի հայտարարությամբ:

«Սա հատուկ հանդիպում չի եղել, Հայաստանի արտգործնախարարության կենտրոնական ապարատի ղեկավար կազմն ու Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները  տարին  մեկ անգամ  այցելում են Արցախ: Իսկ այն, որ հանդիպումը տեղի է ունեցել Աստանայում կայացած հանդիպումից հետո` մայիսի 31-ին, ընդամենը զուգադիպություն է»,- մանրամասնեց Դավիթ Բաբայանը:

Հանդիպման ընթացքում, ինչպես տեղեկացրեց Դավիթ Բաբայանը, քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, Հայաստան-Արցախ արտգործնախարարությունների համագործակցությանն ու Արցախի ներքին կյանքին առնչվող հարցեր:

ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակից  փորձեցինք նաև պարզել` արդյոք  ԼՂ հարցը դիվանագիտական շրջանակներում սրվել է: Եթե այդպես է, ի՞նչ քայլեր պետք է  ձեռնարկի Հայաստանը:  Դավիթ Բաբայանի պարզաբանմամբ` Ադրբեջանը շարունակում է իր ապակառուցողական քաղաքականությունը, կոպտորեն խախտում զինադադարը, բայց ասել, որ  ԼՂ հակամարտության խնդրում արտառոց ինչ-որ գործընթացներ են տեղի ունենում, ճիշտ չէ:

«Բանակցային գործընթացի հիմնական նպատակը խաղաղ ճանապարհով արցախյան հակամարտության լուծումն է: Բայց  խոսել ԼՂ հակամարտության վերջնական կարգավորման մասին, վաղաժամ է»,-  մանրամասնեց ԼՂՀ նախագահը:

Արցախի Նախագահ Բակո Սահակյանն առանձնազրույց է ունեցել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։  

Armlur.am-ի հարցին` ինչ հարցեր են քննարկվել առանձնազրույցի  ժամանակ, Դավիթ Բաբայանը պատասխանեց. «Արտառոց որևէ բան չի քննարկվել, բոլոր հարցերը քննարկվել են  արտգործնախարարության կենտրոնական ապարատի ղեկավար կազմի ու Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների ներկայությամբ»:

Սոնա Դավթյան




Լրահոս