Վ. Օսիպյանի ազգականի կողմից դանակահարված անձը վերակենդանացման բաժանմունքում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էինք, երեկ ուշ երեկոյան Նուբարաշեն 11 փողոցի 11 շենքի բակում դանակահարվել է  22-ամյա Վանուշ Ալեքսանյանը:

Նրան տեղափոխել են Էրեբունի բժշկական կենտրոն՝ ծանր վիճակով:

Ինչպես armlur.am-ին հայտնեց հիվանդանոցի՝ Անհետաձգելի բուժօգնության բաժանմունքի թերապիայի գծով ընդունարանի բաժնի վարիչ Հասմիկ Սաիյանը, Ալեքսանյանին անմիջապես տեղափոխել են վիրահատարան, որտեղ հեռացրել են փայծաղը, կարել են լյարդի ու ստամոքսի պատռվածքները:

«Լուսադեմին Ալեքսանյանին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք: Այս պահի դրույթամբ  հետվիրահատական վիճակ է, Ալեքսանյանի վիճակը կայուն ծանր է»,-տեղեկացրեց բժիշկը` հավելելով, որ Վանուշ Ալեքսանյանը ստացել է դանակի մեկ հարված, որը վնասել է փայծաղը, հաստ աղին ստամոքսն ու լյարդը:

«Նա մի քանի օր կմնա վերակենդանացման բաժանմունքում և կազդուրվելու դեպքում կտեղափոխվի հիվանդասենյակ»,- եզրափակեց բժիշկը:

Հիշեցնենք, որ շրջանառվող լուրերի համաձայն` դանակահարության մեղավորը եղել է Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբոր որդին: Վալերի Օսիպյանը, սակայն, հերքել է շրջանառվող լուրերը:

Տաթև Հարությունյան




Լրահոս