ԴԱՎԻԹԻ ԿՏԱԿՆԵՐԸ
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն, անդրադառնալով իր ունեցած անշարժ գույքի վերաբերյալ ԱԺ-ում պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հարցին, ասաց.«Ես չեմ ներկայացնի ձեզ Մոսկվայի կոմունալ բնակարանում իմ սենյակը, որն ինձ բաժին է հասել հորեղբորիցս: Նա կտակել է ինձ, եւ այնտեղ մինչեւ հիմա ապրում է հորեղբորս կինը: Ձեզ նաեւ չի հետաքրքրի իմ տատիկի կիսավարտ տունը, որը տատիկս ձեռք է բերել 70-ական թվականներին, իսկ ինձ՝ որպես կտակ, հասել է մինչեւ քաղաքականությամբ զբաղվելը: Երեւի ձեզ չի հետաքրքրում այն սենյակը, որտեղ ես ապրել եմ 8 տարեկանից սկսած, որը հանդիսանում է իմ սեփականությունը, չի հետաքրքրի 800 քմ հողատարածքը Դիլիջանում, որը բաց աճուրդով ձեռք եմ բերել երեք տարի առաջ: Կարծում եմ՝ ամենաշատը ձեզ կարող է հետաքրքրել երկու տարածք՝ այն տունը, որտեղ ես եմ ապրում, եւ այն բնակարանը, որտեղ ես տեղափոխվեցի նախարար եղած ժամանակ»:
ՇՇԻ՞, ԹԵ՞ ՇՇՄԵԼՈՒ ՄԵԼՈ
Հայաստանում ապակյա տարաների արտադրության իմաստով գրեթե մենաշնորհային դիրք ունեցող եւ հանրությանը որպես Շշի Մելո մականունով հայտնի ԲՀԿ-ական պատգամավորն իր ունեցվածքի եւ գույքի հայտարարագրում ոչ մի սեփականություն չի նշել: Նրա դրամական միջոցները կազմում են 663 մլն 862 հազար դրամ: Նա մեկ տարվա ընթացքում 70 մլն դրամից ավելի եկամուտ է ապահովել: Այդ ամենը գոյացել է աշխատավարձից, գույքը օտարելուց ստացված եկամուտներից, տրված փոխառություններից ստացված տոկոսից: Ի դեպ, բացի գույք չհայտարարագրելու սովորույթից, պատգամավորը նաեւ ԱԺ-ում չխոսելու սովորույթ էլ ունի եւ այսքան տարիների ընթացքում ընդամենը մեկ քաղաքական հայտարարություն է արել, երբ դիմում գրեց ՕԵԿ խմբակցության ղեկավարին` խմբակցությունից դուրս գալու վերաբերյալ. «Առաջինը ես եմ դիմում գրել ու դուրս եկել ՕԵԿ-ից, երբ իմացել եմ, որ իրենք դուրս են գալիս կոալիցիայից: Ես ուզեցել եմ մնալ կոալիցիայում»:
ՎԱՐՉԱՊԵՏԻՆ Է ԲՈՂՈՔՈՒՄ
«Յունիբանկ» ՓԲԸ-ի տնօրեն Վարդան Աթայանը «Հին Էրիվան հոլդինգ»-ի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանին ասել է. «Մեկ ա` դաբրոն ունեմ, շենքդ վերցնելու եմ»: Այս մասին երեկ հայտնեց Մանվել Տեր-Առաքելյանը, ով անդրադառնալով վարչապետ Հովիկ Աբրահամյանի արած այն հայտարարությանը, թե գործարար լինելը հեշտ բան չէ, եւ պետք է ամեն կերպ խրախուսել նրա աշխատանքը, ավելացրեց. «Պատկերացրե՛ք այսպիսի իրավիճակ. մի կողմում կանգնած է փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչ, մյուս կողմում՝ ֆինանսական կառույց: Իսկ այդ ֆինանսական կառույցի ներկայացուցիչը Դավիթ Հարությունյանի հարազատ եղբայրն է` Վահան Հարությունյանը: Դավիթ Հարությունյանն ու իր եղբայրը ինչ-որ գործողություններ անելուց առաջ պետք է մտածեն նաեւ իրենց հարազատների իմիջի մասին, իրենց անվան մասին»: