ՀՀԿ-Ի ԻՐԱԿԱՆ ԴԵՄՔԸ` ՀԱՐԲԱԾ ՈՒ ՀՂՓԱՑԱԾ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀԿ-ական պատգամավորներից մի քանիսն այնքան էին ոգեւորվել, որ որոշել էին մինչեւ կառավարության ծրագրի ընդունումը տոնել այդ իրադարձությունը:

Օրվա վերջում արդեն ՀՀԿ-ականներ Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը, Արայիկ Գրիգորյանը՝ Ավշարի Արայիկն ու Աշոտ Արսենյանը՝ Ջերմուկի Աշոտը, պարզապես հարբած վիճակում էին եւ չէին կարողանում իրենց տիրապետել: Հատկապես Մովսիսյանն Աժ դահլիճում ելույթների ժամանակ ռեպլիկներ էր «բաց թողնում», աղմկում ու կռվում գործընկերների հետ: Երեկ Մովսիսյանի հիմնական թիրախը ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էր, ում ելույթի ժամանակ նա սկսեց խանգարել: Ավելի ուշ, երբ Բիշարյանը վարման կարգի վերաբերյալ խոսում էր, նա ՕԵԿ-ականի վրա մատ էր թափ տալիս: Ա. Մովսիսյանը երեկ այնքան էր հարբած, որ դահլիճից դուրս գալուց նույնիսկ վայր ընկավ: Նրան օգնության հասավ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը ու բարձրացրեց` վիճակը փրկելու համար հայտարարելով, թե իբրեւ նրա ոտքը սայթաքել է: ՀՀԿ-ական պատգամավորները Մովսիսյանին թեւանցուկ տարան աշխատասենյակ, բայց կարճ ժամանակ անց Շմայսը կրկին հայտնվեց ԱԺ դահլիճում, եւ այդպես մի քանի անգամ:
Նույն վիճակում էր նաեւ Ա. Գրիգորյանը, ով էլ ԱԺ դահլիճ մտնելիս սայթաքեց, հետո սկսեց հայհոյել: Պատգամավորին գետնին տապալվելուց փրկեց եղբայրը՝ բնապահպանության նորանշանակ նախարար Արամայիս Գրիգորյանը: Դահլիճում իր տեղում նստելուց հետո նա սկսեց ջերմ զրուցել իր նախկին ֆրակցիոն գործընկերների՝ ՀՅԴ-ականների հետ: Իսկ դահլիճից դուրս գալուց էլ Գրիգորյանին օգնության հասավ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
«Ժողովուրդ»-ը ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանին հարցրեց, թե ինչպես է մեկնաբանում, որ ՀՀԿ-ական պատգամավորները ոչ սթափ վիճակում են. «Նման բան չկա: Բոլոր պատգամավորները սթափ վիճակում են, մանավանդ՝ ԱԺ դահլիճում»,- ակնհայտն անհնար որակելով վստահեցրեց խմբակցության քարտուղարը: Ինչ վերաբերում է ալկոհոլի բուրմունքին, Մելիքյանը հերքեց նաեւ դա. «Ես նման հոտ չեմ զգացել»: Այնինչ, ավելի ուշ, նույն Մելիքյանն ինքն էր հարբած պատգամավորներին թեւանցուկ հանում դահլիճից, որպեսզի վերջիններս կրկին չսայթաքեն ու չընկնեն:
Ի դեպ, նիստից հետո նաեւ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, թե ինքը տեղյակ չէ, որ ՀՀԿ-ական պատգամավորները հարբած են եղել. «Չէ, հարբած չէին, կարող ա, ես չգիտեմ: Ես լարված լսում էի պատգամավորների քննադատությունները, առաջարկությունները»,- փորձեց կուսակիցներին փրկել ԱԺ նախկին նախագահը: Թեեւ՝ Աբրահամյանն անձամբ դիտողություն էր արել նրանց: Երեկ ակնհայտ էր, որ հարբած պատգամավորների վարքը դուր չէր եկել նաեւ մնացած ՀՀԿ-ականներին, այդ թվում՝ կառավարության անդամներին, ովքեր մասնավոր զրույցներում չէին թաքցնում իրենց վատ վերաբերմունքը: Ստացվում է, որ սա է ՀՀԿ-ի իրական դեմքը: Եվ հարբած վիճակում նման «դեբոշ»-ներ սարքելով ՀՀԿ-ական պատգամավորներն առաջին հերթին վարկաբեկում են ոչ թե իրենց, այլ՝ Սերժ Սարգսյանին, Հովիկ Աբրահամյանին ու Գալուստ Սահակյանին:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս