Խորհրդարանական վեց խմբակցություններից հինգը երեկ բոյկոտեց Հովիկ Աբրահամյանի կառավարության ծրագրի քվեարկությունը. արդյունքում այն հաստատվեց 70 կողմ, 1 դեմ եւ 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: «Դեմ» էր անկախ պատգամավոր Խաչիկ Քոքոբելյանը, «ձեռնպահ»՝ Ալեքսանդր Արզումանյանն ու Հրանտ Բագրատյանը, ովքեր դե յուրե են «Ժառանգություն» եւ ՀԱԿ խմբակցության անդամ ու չենթարկվեցին այնտեղ կայացված որոշմանը: Կառավարության ծրագիրն ընդունվեց կեղծիքներով. տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես ՀՀԿ խմբակցության պատգամավորներից երկուսը քվեարկեցին իրենց բացակա ընկերների փոխարեն՝ այդպես ապահովելով 70 կողմ ձայնը:
Կառավարության ծրագրի քննարկումներն էապես տարբերվում էին նախորդ անգամներից. ոչ իշխանական ուժերի մոտ այլեւս չկա նախկին էնտուզիազմը, հետեւաբար՝ քիչ էին սուր ելույթները: Հիմնականում կառավարության հասցեին քննադատություն հնչեց խմբակցությունների անունից ելույթներում: Այնինչ, նախկինում՝ Տիգրան Սարգսյանի կառավարության ծրագրերի քննարկումների ժամանակ ԲՀԿ քաղաքական թիմի ողջ ներկայացուցիչները «հերթ էին կանգնում» վարչապետին ու նրա թիմին ամենակոշտ բառերով անարգանքի սյունին գամելու համար: Իսկ այս անգամ ԲՀԿ-ականներից միայն Ստեփան Մարգարյանի ու Նաիրա Զոհրաբյանի ելույթներն էին համեմատաբար կոշտ: «Գովեստի կենացները, որ երեկ ու այսօր հնչեցին այս դահլիճում, հնչել են նաեւ նախորդ կառավարության ներկայացրած բոլոր ծրագրերի ժամանակ: Հնչել են նույն մարդկանց կողմից, դեմքի նույն արտահայտությամբ: Հնչել են ծրագրերի օգտին, որոնք փառահեղորեն տապալվել են: Ուստի, պարոն վարչապետ, ինչքան քիչ ականջալուր լինեք քծնանքին եւ դատարկ գովաբանությանը, այնքան իրատեսական քայլերի շանս կունենանք»,-երեկ ասաց Նաիրա Զոհրաբյանը: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը հայտարարեց, թե նոր վարչապետը կողմնորոշվելու հնարավորություն ունի. «Կա՛մ կարճ ժամանակում ինքներդ հրաժարական եք տալու, կա՛մ հեռացնելու են ու դուք էլ ասելու եք, թե որոշեցի հեռացա: Իսկապես կողմնորոշվելու հարց ունեք»:
Դահլիճում կրքերը լարվեցին Լեւոն Զուրաբյանի ելույթի ժամանակ, երբ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավարը սկսեց ծաղրել իշխող մեծամասնությանն ու կառավարության անդամներին: Ու քանի որ այս անգամ իր ելույթը նա համեմել էր Աստվածաշնչից մեջբերումներով, ՀԱԿ-ի ու ՀՀԿ-ի միջեւ փոխհրաձգությունը հենց կրոնական հողի վրա ընթացավ: Հայտարարելով, որ ինչպես միշտ, ծանր պահերին օգնության է հասնում Աստվածաշունչը, Զուրաբյանը մեջբերեց. ««Չի կարող բարի ծառը չար պտուղ բերել, ոչ էլ չար ծառը բարի պտուղ բերել»: Իսկ մենք շատ լավ գիտենք, թե այս կառավարությունը որ ծառից է: Այդ ծառը կոչվում է Սերժ Սարգսյանի ղեկավարած հանրապետական ավազակապետական ռեժիմ, մի ռեժիմ, որը կեղծված ընտրությունների միջոցով երկրում յուրացրել է իշխանությունը, եւ որի միակ գործը տարիներ շարունակ եղել է ժողովրդի ունեզրկումն ու թալանը»: Նա խոսեց նոր կառավարության կադրերի մասին. «Ողջ հանրապետությունում պեղվել ու կառավարության անդամ են նշանակվել Հայաստանի ամենավարկաբեկված, ամենաօդիոզ եւ ամենակոռումպացված պետական պաշտոնյաները, ում հետեւից երկարաձգվում է անթիվ մեղադրանքների եւ հանցանքների մի ամբողջ շլեյֆ: … Բայց մինչեւ վերջերս կար մի հետաքրքիր երեւույթ. իշխանությունը… պահում էր իր առանցքային կոռուպցիոներներին ստվերում, իսկ առանցքային պաշտոններում «դեմ տալիս» քիչ թե շատ մարդկային դեմք ունեցող կրթված երիտասարդներին: Այսօր, կոռուպցիայի բրոնտոզավրների բացահայտ նշանակումը առանցքային պաշտոններում՝ կարեւոր շրջադարձային կետ է»: Իսկ վերջում նա կրկին դիմեց Աստվածաշնչի օգնությանը. ««Ամէն ծառ, որ բարի պտուղ չի տալիս, կտրում եւ կրակի մեջ է գցվում»: Ժամանակն է վարվել ըստ Աստվածաշնչի, եւ ազատել մեր ազգը այս կործանարար ռեժիմի ճանկերից: Ամեն»:
Զուրաբյանի ելույթը զայրացեց ՀՀԿ-ականներին. Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, թե Աստվածաշնչում նաեւ ասված է. «Խոզերի առաջ մարգարիտներ չեն փռում: Դուք ուր, կոռեկտությունն ուր»: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը մեջբերեց Տերունական աղոթքից եւ հայտարարեց. «Աստված ների ձեզ»: Եվ վերջապես, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Լեւոն Զուրաբյանին հռչակեց սատանա: «Սադայելն էլ սկսեց Աստվածաշնչից խոսել: Այս ինչ ժամանակներում ենք ապրում: Հիմա արդեն քաղաքական աղանդավորության մասին կարող ենք խոսել»:
Կառավարության ծրագրի քննարկումներից հետո ՀՀԿ-ում իսկական իրարանցում սկսվեց. երբ պարզվեց, որ 5 խմբակցությունները որոշել են բոյկոտել նիստը, ՀՀԿ-ն անցավ պատգամավորներին բերման ենթարկելու հայտնի մեթոդին: ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն ԱԺ դահլիճից սուրաց ՀՀԿ խմբակցության սենյակ ու աշխատակիցներին հրահանգեց. «Արագ, արագ զանգեք, թող գան: Բոլորին զանգեք արագ»: Հետո, վերադառնալով դահլիճ, Մելիքյանը սկսեց նայել՝ պատգամավորներից ով կա, ով չկա, եւ ինքն էլ իր հերթին սկսեց զանգել բացականերին: Վերջապես, ՀՀԿ-ին հաջողվեց բերման ենթարկել իր 73 պատգամավորներից 68-ին:
Ի դեպ, համեմատության համար նշենք, որ 2012թ. ԱԺ ընտրություններից հետո Տիգրան Սարգսյանի կառավարության ծրագրի հաստատմանը մասնակցել էր 123 պատգամավոր, որից կողմ էր քվեարկել 75-ը, դեմ՝ 47-ը, ձեռնպահ՝ 1-ը: 2013թ. կառավարության ծրագրի քվեարկությանը մասնակցել էր 117 պատգամավոր, որից 76-ը՝ կողմ, 41-ը՝ դեմ: Հիմա, փաստորեն, մասնակցել է 72 (իրականում՝ 71) պատգամավոր:
Հ.Գ. Ի դեպ, Հովիկ Աբրահամյանը բավականին ուշ եկավ ԱԺ, մասնակցելու կառավարության ծրագրի քննարկմանը: Մինչ վարչապետի ժամանելը, արդեն բավականին սուր ելույթներ ու քննարկումներ էին տեղի ունեցել:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ