ԲԼԹ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հավատա՞լ, թե՞ չհավատալ, հավանություն տա՞լ այս ծրագրին, թե՞ ոչ: Այս հարցի պատասխանը, կարծում եմ, պետք է պայմանավորված լինի նաեւ ծրագրի բովանդակությունից»:

 

Կորյուն Նահապետյան Armlur.am

ՀՀԿ-ական պատգամավորներն արդեն սկսել են շեքսպիրյան ոգով խոսել, շեքսպիրյան ոճով հարցեր տալ. լինե՞լ, թե՞ չլինել, հավատա՞լ, թե՞ չհավատալ, հավանություն տա՞լ, թե՞ չտալ։ Ահա թե ինչումն է խնդիրը: Ձեռքի հետ էլ Կորյուն Նահապետյանը, հավանաբար, ուզում է ցույց տալ, թե դասական գրականությունից էլ է հասկանում, ինչպես նաեւ՝ քաղաքականությունից, քանի որ «Հավատանք, որ փոխենք»-ը ՀՀԿ-ի կարգախոսն է, հետեւաբար «հավատալ, թե չհավատալ»-ն էլ դառնում է ՀՀԿ-ի շեքսպիրյան REMIX: Իսկ պատասխանն էլ պարզ է՝ անկախ կառավարության նոր ծրագրի բովանդակությունից՝ հավատալ ու վերջ:

 

«Առաջին անգամ կառավարությունն արձանագրում է կարեւոր մի դրույթ, որ իր գերխնդիրը հանդիսանում է ՀՀ քաղաքացին… Մարդն ասում ա՝ սկսում եմ մեզանից, քաղաքական կամք եք ուզում, սա է: Ինչի՞, որեւէ մեկը կասկածո՞ւմ է»։

Վարդան Այվազյան Armlur.am

Փաստորեն, «հավատալ, թե չհավատալ» չկա, հավատում ենք անվերապահորեն, հավատում ենք, որ փոխենք, կասկածներն անթույլատրելի են: Լավ է, որ ՀՀԿ-ական պատգամավորն այս արտահայտությունն անելուց հետո մի հատ էլ, ոնց ընդունված է խոսակցական լեզվով ասած՝ «քուչում», չասեց՝ «կասկածող ըլներ…»: Բայց կասկածողներն իրականում շատ-շատ կարող են լինել մանավանդ այն հարցում, որ ՀՀ կառավարության համար գերխնդիրը կարող է հանդիսանալ ՀՀ քաղաքացին: Պարզապես չտեսնված ու չլսված բան է, անհավատալի: Այնպես որ, Այվազյանը ճիշտ կաներ՝ հարցը հակառակ ձեւակերպեր՝ «ինչի՞, որեւէ մեկը հավատո՞ւմ է»:

 
«Դա ցույց է տալիս հետագա քաղաքական նպատակների հիերարխիան, որոնք արձանագրված են ծրագրում՝ մասնավորապես ստեղծել նպաստավոր պայմաններ արտագաղթի կրճատման եւ աղքատության նվազման համար…»:

Խոսրով Հարությունյան 168.am

ՀՀԿ խմբակցության պատգամավորը նկատի ունի նոր կառավարության նոր ծրագիրը, որն իբր պետք է նպաստի արտագաղթի կրճատմանն ու աղքատության նվազմանը: Հայաստանի երրորդ հանրապետության պատմության ընթացքում բոլոր քաղաքական ուժերն ու կառավարություններն էլ իրենց ծրագրերում նպատակ են ունեցել նպաստել արտագաղթի կրճատմանն ու աղքատության նվազմանը, սակայն այդ անիծյալ արտագաղթն ու աղքատությունը ոչ միայն չեն կրճատվում, այլեւ ավելանում են: Այստեղից հետեւություն. բոլոր նմանատիպ հայտարարությունները, այդ թվում՝ Խ. Հարությունյանի այս հայտարարությունը, դեմագոգիայի ժանրից են:

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ




Լրահոս