ՊԵԿ-Ն՝ ԸՆԴԴԵՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ
ՀՀ կառավարությունը դեռեւս 2013թ. որոշել էր հողօգտագործողների համար մատչելի գնով դիզելային վառելանյութ եւ ազոտական պարարտանյութ ձեռք բերելու նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացնել ավելի քան 3 մլրդ 16 մլն դրամ: Աջակցության շնորհիվ հանրապետություն ներկրվելիք ավելի քան 27 հազար տոննա ազոտական պարարտանյութի 50 կիլոգրամանոց ամեն մի պարկը հողօգտագործողին պետք է վաճառվեր 6 հազար դրամով, իսկ ավելի քան 17 մլն լիտր դիզելային վառելանյութի ամեն մի լիտրը` 350 դրամով: ՀՀ ֆինանսների նախարարին հանձնարարվել էր նաեւ ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով «Բերրիություն» ԱՄ Մասիսի շրջանային միավորում ՍՊԸ-ին երեք ամիս ժամկետով տրամադրել ավելի քան 3 մլրդ դրամի չափով բյուջետային վարկ: Ու մինչ կառավարությունը որոշումներ է կայացնում հնարավորինս կարգավորել գյուղատնտեսական ոլորտը, Պետական եկամուտների կոմիտեն ժամանակ չի կորցնում տուգանքի ենթարկել գյուղացու բեռը հնարավորինս թեթեւացնող ընկերություններին: Եվ այսպես, «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ «Բերրիություն» ԱՄ Մասիսի շրջանային միավորում ՍՊԸ-ի տնօրեն Սասուն Պողոսյանը ընկերության անունով ՀՀ է ներմուծել ազոտական պարարտանյութ, որը այդպես էլ չի հայտարարագրել` տուգանվելով 50.000 դրամ:
ԵԿԵՂԵՑՈՒ ԲԱԿՈՒՄ` ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ
Օրեր առաջ ՀՀ Արագածոտնի մարզի Մելիքգյուղ համայնքի եկեղեցու բակում տեղի են ունեցել «Մեգո-Գոլդ» ընկերության կողմից Թուխմանուկի ոսկու հանքավայրի երրորդ պոչամբարի կառուցման վերաբերյալ հանրային քննարկումներ: Այս անգամ էլ մելիքգյուղցիները բացասական եզրակացություն են տվել եւ չեն համաձայնվել: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ համայնքի ղեկավար Հակոբ Մկրտչյանից. «Մենք չհամաձայնվեցինք, որովհետեւ հանքավայրի պատճառով առանց այն էլ արոտավայր չունենք»: Բացի այդ, գյուղապետից տեղեկացանք, որ նախօրեին շուրջ տասը հոգի գնացել է Մելիքգյուղ եւ ոռոգման խմելու ջրից նմուշառում վերցրել. «Մարզպետարանից չէին, չգիտեմ, թե որտեղից էին: Հավանաբար փորձագետներ էին»: Հիշեցնենք, որ «Մեգո-Գոլդ» ընկերությունը տեւական ժամանակ է, ինչ փորձում է կառուցել Թուխմանուկի ոսկու հանքավայրի երրորդ պոչամբարը, սակայն գյուղի բնակիչները դեմ են ընկերության կողմից ներկայացրած նախագծին: Բանն այն է, որ Մելիքգյուղում ոսկու հանքավայրի շահագործման հետեւանքով արդեն առողջապահական եւ բնապահպանական լուրջ խնդիրներ կան:
ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼԸ ՉԻ ԵՆԹԱՐԿՎՈՒՄ ԲԺԻՇԿՆԵՐԻՆ
2013թ. մայիսի 15-ին նոյեմբերյանի N զորամասում Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ մեղադրվող, զինծառայող Դավիթ Խաչատրյանը դեռեւս չի քանդել բերանը եւ թույլ չի տալիս իրեն հսկող բժիշկներին որեւէ բժշկական միջամտություն իրականացնել: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց ամբաստանյալի եղբայրը՝ Վարդան Խաչատրյանը: «Բժիշկներն ասել են, եթե եղբայրս այլեւս թույլ չտա, իրենք պետք է մի բան անեն, որ սիստեմա միացնեն: Այլ ելք չունեն, եղբորս կյանքը վատնգված է ու օրեր առաջ ահավոր վատացել էր, դրա համար էլ հիմա նրանց հսկողության տակ է»: