ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԸ ՄԱՀԱՑԵԼ Է ԳԱՆԳՈՒՂԵՂԱՅԻՆ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը նախօրեին գրել էր, որ «Կոշ» ՔԿՀ-ում մահացել է դատապարտյալ, 46-ամյա Արտավազդ Գոհարյանը: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ Արտավազդի բերանից արյուն է եկել եւ ՔԿՀ աշխատակիցները ստիպված են եղել նրան շտապ տեղափոխել հիվանդանոց: Աշտարակի բժշկական կենտրոնում Արտավազդին հետազոտել են եւ ասել, թե որեւէ լուրջ խնդիր չկա: «Կոշ» ՔԿՀ-ի աշխատակիցները դատապարտյալին տեղափոխել են ՔԿՀ, եւ հաջորդ օրը Արտավազդը մահացել է: Ավելին՝ սա առաջին դեպքը չէ, որ քրեակատարողական հիմնարկներում անտարբերության կամ անհասկանալի պատճառներով դատապարտյալներ են մահանում: Իսկ մահվան դեպքերով քննության ընթացքում, ինչպես բոլոր դեպքերում, ՔԿՀ-ների պատասխանատուները ջրից չոր են դուրս գալիս:

Այսպիսով, առնվազն տարօրինակ ընթացք է ստանում դեպքը: Ինչպես է ստացվում, որ բժիշկները վստահեցնում են, թե դատապարտյալի կյանքին վտանգ չի սպառնում, իսկ մեկ օր հետո նա մահանում է: Արդյո՞ք կատարվածը բժիշկների անփութության հետեւանք է, թե մեկ այլ անհայտ պատճառով է տեղի ունեցել։ Հուսով ենք՝ կպարզի նախաքննությունը, որն իրականացնում է ՀՀ ոստիկանության Աշտարակի քննչական բաժինը:
Մինչ պաշտոնական քննության արդյունքների ի հայտ գալը, «Ժողովուրդ»-ը փորձեց որոշ հանգամանքներ պարզաբանել «Աշտարակ» բժշկական կենտրոնի տնօրեն Արթուր Հովհաննիսյանից, ով տեղյակ էր դատապարտյալի դեպքի մանրամասներին եւ վստահեցրեց, որ հիվանդանոցի բժիշկները որեւԷ սխալ թույլ չեն տվել: «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան, թե արդյոք բժիշկները որեւէ սխալ թույլ չեն տվել, Արթուր Հովհաննիսյանն ասաց. «Ինչ կատարվել է, եղել է ՔԿՀ-ի ներսում եւ դատապարտյալը մահացել է գանգուղեղային լուրջ վնասվածքների արդյունքում, իսկ թե ինչ կպարզի քննությունը՝ ոչինչ ասել չեմ կարող: Շտապօգնության կանչ է եղել քրեակատարողական հիմնարկ, ու հասկացել են, որ դատապարտյալը համապատասխան հետազոտության պետք է ենթարկվի: Նրան տեղափոխել են հիվանդանոց: Իրենց նշելով դատապարտյալի բերանից արյուն է եկել: Ստուգել ենք, ստամոքսին զոնդ է դրվել, ստամոքսի լվացում է կատարվել եւ ոչ մի արյան հետք չի եղել: Ավելի ուշ բժիշկները մտածել են՝ միգուցե դատապարտյալի ցավերը կապված են սրտի հետ, սակայն սիրտն էլ են ստուգել ու հասկացել, որ ոչ արյունահոսության եւ ոչ էլ շտապ վիրահատության խնդիր կա: Մեր բժիշկները ասել են, որ նրան պետք է պահել հսկողության տակ: Իսկ դատապարտյալին ուղեկցող ՔԿՀ աշխատակիցներն ասել են, որ նրան հետ կտանեն ՔԿՀ ու կհսկեն: Հաջորդ օրը ՔԿՀ-ից հերթական շտապօգնության կանչ է եղել ու մինչեւ մեր աշխատակիցները հասել են, դատապարտյալը մահացել է»:
Ըստ Աշտարակի ԲԿ-ի տնօրենի տեղեկությունների` դատապարտյալը ստամոքսի հետ կապված որեւէ խնդիր չի ունեցել, թոքերում արյուն չի եղել եւ իրենց հետազոտությունը ճիշտ է եղել: «Տեղեկացել եմ, որ դատապարտյալի մոտ հայտնաբերվել է գանգուղեղային տրավմա: Բայց պետք է ասեմ, որ մեզ մոտ ստուգման ընթացքում նա գանգուղեղային տրավմա չի ունեցել, իսկ թե դա երբ է ստացել եւ ինչ պայմաններում, ոչինչ չեմ կարող ասել, բայց գլխին լուրջ տրավմատիկ վնասվածքներ են եղել»,-շեշտեց ԲԿ-ի տնօրենը:
Ըստ տնօրենի` գանգուղեղային տրավման կարող է առաջանալ միայն կա՛մ վայր ընկնելու, կա՛մ հարվածի դեպքում:
Ինչ հարվածի կամ վայր ընկնելու մասին կարող է լինելը խոսքը: Այս հարցերի պատասխանը ստանալու նպատակով «Ժողովուրդ»-ը զրուցեց «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետ Ավետիք Ստեփանյանի հետ: Ըստ ՔԿՀ պետի` Արտավազդը դատապարտյալների աչքի առաջ ընկել է ու մահացել. «Իրականությունը դա է, քննություն է կատարվում, ու երբ դատաբժշկական փորձաքննության արդյունքները կլինեն, ըստ այդմ էլ կպարզվի, թե ինչ է եղել»:
Ավելին՝ ՔԿՀ-ը վստահեցրեց, թե ինքը հանգիստ է եւ որեւէ խնդիր չունի. «Ես չեմ կարող ասել՝ սա բժիշկների անփութությունն է, թե ոչ: Կրկնում եմ՝ երբ պարզ կլինի դատաբժշկական փորձաքննության արդյունքներն, այդ ամենով էլ մենք կշարժվենք: Մեզանից ինչ հասել է, մենք կարողացել ենք դատապարտյալին անել»:
Հ.Գ. Տարօրինակ է, որ ՔԿՀ-ներում մարդիկ վայր ընկնելուց մահանում են: Մարդիկ վայր են ընկնում նաեւ ՔԿՀ-տարածքից դուրս, բայց վիճակագրությունը դեռեւս վայր ընկնելու հետեւանքով որեւէ քաղաքացու մահ չի արձանագրել:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս