ՊԱՅՔԱՐԵԼՈՒ Է
Երեւանի քաղաքապետարանն, ի վերջո, որոշել է պայքարել կրծողների դեմ: Մայրաքաղաքի վարչական շրջաններում դեռատիզացիայի տարեկան աշխատանքներում մասնագիտացված կառույցները շարունակում են կրծողների դեմ պայքարի լրացուցիչ միջոցառումները: Գարնան եւ աշնան ամիսներին, որպես կանոն, կրծողների քանակի զգալի աճ է արձանագրվում, ինչով էլ պայմանավորված է դեռատիզացիայի լրացուցիչ աշխատանքների իրականացումը: Գործընթացին տեղերում աջակցում են համատիրությունների աշխատակիցները. նրանք հատուկ ուշադրություն են դարձնում բազմաբնակարան շենքերի աղբախցերին, շքամուտքերի տարածքներին եւ բակերի խնդրահարույց հատվածներին:
ՔԱՆԴՈՒՄ ԵՆ ՍԱՐՔԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ
Հանրապետությունում բիզնեսի պաշտպանվածության հարցում կան գլոբալ խնդիրներ: Այս համոզմանն է Արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Գագիկ Մակարյանը, ում խոսքերով` պատճառը դատական համակարգի հաճախակի դարձած ոչ արդար որոշումների կայացումն է, ինչպես նաեւ այլ կառույցների որդեգրած քաղաքականությունն այն ուղղությամբ, որ իրենց բիզնեսը հիմնելու փոխարեն, քանդում են ուրիշների ստեղծածը: Գագիկ Մակարյանը` որպես ասվածի վառ օրինակ, ներկայացրեց «Հին Էրիվան» հոլդինգի եւ «Յունիբանկ» ՍՊԸ-ի միջեւ առաջացած դատական վեճը, որը, Մակարյանի գնահատմամբ, ավելի սրվեց անօրինական թղթերի ձեւակերպումից, ինչն արվել է անգամ պետական կառույցների կողմից: ««Յունիբանկ»-ի դրսեւորած մոտեցումներից կարելի է ենթադրել, որ նպատակ ունի ուրիշի անշարժ գույքը գրավելու, քանի որ գրավի առարկան էլ շատ գրավիչ է: Եթե քաղաքացին չի կարողանում վճարել վարկերը, այդ թիվն անվերջ աճում է»,- իր խոսքում նշեց Մակարյանը, միաժամանակ զարմանք հայտնելով, թե ինչպե՞ս կարող է Կենտրոնական բանկը չմիջամտել դատական այս վեճին: «Որոշ բանկեր իրենց պարազիտային վիճակի մեջ են պահում: Պարոն Ջավադյանին էլ խորհուրդ եմ տալիս հետեւել վիճակին, քանի որ բանկերը քերթելու տոկոսներ են դնում իրենց վարկառուների վրա»,- ասաց Արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահը: Վերջինս հայտնեց նաեւ, որ իրենք պաշտպանելու են «Հին Էրիվան» հոլդինգի շահերը, քանի որ գիտակցում են առկա անօրինական վիճակը, որի մեջ հայտնվել է «Հին Էրիվանը»:
ԱՄԱՌԸ ԹԵ՞Ժ Է ԼԻՆԵԼՈՒ, ԹԵ՞ ՈՉ
Օրերս պարզ դարձավ, որ գիտնականների կանխատեսման համաձայն` այս տարվա ամռանը Եվրոպայի եւ Եվրասիայի տարածքում անոմալ շոգ եղանակ է գրանցվելու: Բացի այդ, սպասվում են չորություններ: Եթե գերմանացի գիտնականների կանխատեսումները հաստատվեն, ապա առաջիկա ամառը կարող է դառնալ օդերեւութաբանական դիտարկումների պատմության մեջ ամենաշոգը: Այս առիթով armlur.am-ը կապ հաստատեց ԱԻՆ Հիդրոմետ ծառայության պետի տեղակալ Գագիկ Սուրենյանի հետ, ում փոխանցմամբ պարզվեց, որ, հակառակը, ըստ առաջիկա կանխատեսումների` Հայաստանին շոգ ամառ չի սպասվում: Սուրենյանը հայտնեց, որ վերջնական տեսությունը պատրաստ կլինի մայիսի 26-ին: