ԳԵՂԱՇԵՆՈՒՄ ՇՈՒՐՋՕՐՅԱ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Կոտայքի մարզի Գեղաշեն համայնքում արդեն երկու շաբաթ է, ինչ արձանագրված բրուցելոզ տեսակի հիվանդության պատճառով շարունակվում է շուրջօրյա հսկողությունը, ինչի պատճառով հարկադիր սպանդի է ենթարկվել ավելի քան 70 խոշոր եղջերավոր կենդանի: ՀՀ ԳՆ ՍԱՊԾ անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Կոտայքի նորանշանակ մարզպետ Արամ Հարությունյանի հրահանգով ստեղծվել է աշխատանքային խումբ, որն էլ կհաշվարկի տուժածների կրած վնասի չափը եւ դրամական օգնություն կտրամադրի: Համայնքում շուրջօրյա հսկողություն է սահմանվել:

Գեղաշենում արձանագրված բրուցելոզի հետեւանքով հայտնաբերվել էր նաեւ 17 հիվանդ: «Ժողովուրդ»-ը ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացավ, որ բրուցելոզով հիվանդները բուժվել են, եւ հիմա չկան նման հիվանդներ:
Նշենք, որ 1990-ական թվականների վերջերից, ՀՀ-ի պետական բյուջեից ամենամյա ֆինանսավորման շնորհիվ «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրի շրջանակներում իրականացվել են գյուղատնտեսական կենդանիների կանխարգելիչ եւ ախտորոշիչ միջոցառումներ, որոնցում ընդգրկվել է նաեւ բրուցելոզ հիվանդության նկատմամբ խոշոր եւ մանր եղջերավոր կենդանիների ախտորոշումը:
Ի դեպ, ՀՀ կառավարությունը պատվաստանյութերի ձեռքբերման համար նախորդ տարի հատկացրել է 510 մլն դրամ, իսկ այս տարի՝ 594 մլն դրամ: Այս գումարով 10 միջոցառում է իրականացվում, որից ութը՝ կանխարգելիչ, իսկ երկուսը՝ ախտորոշիչ, վերջինի մեջ է մտնում նաեւ բրուցելոզը:
«Հատկացված 594 մլն դրամի 10 տոկոսը միայն բրուցելոզի համար նախատեսված միջոցառմանն է ծախսվում: Ծրագիրն իր մեջ ներառում է անասնահամաճարակային կանխարգելիչ միջոցառում: Հիմա պետության կողմից ընտրվել է տասը հիվանդություն, որոնք մեր հանրապետությունում առաջնային են համարվում, եւ որը պետք է իրականացվի պետպատվերի շրջանակներում: Բրուցելոզի մասով ընտրել է ախտորոշում տարբերակը, որովհետեւ վարակվածության տոկոսը չի գերզանցում երկու տոկոսը: Կա ռիսկերի մեթոդաբանություն, թե որ դեպքում կարելի է պատվաստման մասին մտածել: Դա որոշում են մասնագետները: Եթե երկու տոկոսից ավելի չի, ուրմեն իմաստ չունի»,-ներկայացրեց Հովհաննես Մկրտչյանը:
Զրույցի վերջում, Մկրտչյանից տեղեկացանք, որ Սյունիքի մարզում բրուցելոզ հիվանդության դեմ պայքարի նպատակով իրականացված մանր եղջերավոր կենդանիների պատվաստման փորձնական ծրագրի արդյունքների ամփոփումից եւ միջազգային փորձից ելնելով անհրաժեշտության դեպքում ՀՀ-ում կիրականացվեն գյուղատնտեսական կենդանիների բրուցելոզ հիվանդության դեմ պատվաստումներ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս