ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆՆ ԷԼ ԿՏԱՊԱԼՎԻ

Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսմամբ` Հայաստանի իշխանությունները ոչ միայն չեն կարողանա ապահովել նոր կառավարության ծրագրով նախատեսված առնվազն 5 տոկոս տնտեսական աճը, այլեւ տնտեսությունն ավելի քիչ կաճի, քան այս ապրիլին կանխատեսել է հիմնադրամը՝ 4.3 տոկոս: «Ազատության» հետ զրույցում ՀՀ-ում ԱՄՀ-ի ներկայացուցիչ Տերեսա Դաբան այս կանխատեսումը հիմնավորել է նաեւ Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությամբ: «Այժմ ԱՄՀ-ի գնահատականն այն է, որ այս տարի Ռուսաստանում տնտեսական աճը կլինի 0 տոկոս, այսինքն՝ աճ չի լինի։ Եվ սա իր ազդեցությունը կունենա նաեւ Հայաստանի տնտեսության վրա»: Այսպիսով, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը եւ նրան տնտեսության փրկության գործառույթը վստահած Սերժ Սարգսյանը հերթական անգամ ձախողում կունենան: Մեզ մնում է սպասել, թե ինչպես դա կանդրադառնա յուրաքանչյուրիս վրա:

 

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ խիստ խոսակցություն է ունեցել Կառավարության ծրագրի ընդունման օրը ԱԺ-ում հարբած ՀՀԿ-ական պատգամավորների՝ Առաքել Մովսիսյանի եւ Արայիկ Գրիգորյանի հետ: Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Աբրահամյանը բավականին կոպիտ խոսքերով նախատել է նրանց՝ ասելով, թե ամեն ինչ չափ ու սահման է ունենում, եւ չափի մեջ է գեղեցիկ: Սակայն ՀՀԿ-ականներն իրենց պաշտոնական ելույթներում փորձում են համոզել, թե իրենց գործընկերները հարբած չեն եղել: Երեկ ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասել է. «Երեկ մեր խմբակցությունը դահլիճում էր գրեթե ողջ կազմով, եւ ոչ սթափ, հարբած վիճակում ոչ ոքի չենք տեսել: Չգիտեմ՝ ինչպես մեկնաբանել այն, ինչն անձամբ չեմ տեսել: Եթե դա կառավարության ծրագրի քվեարկությունից հետո լիներ, հնարավոր էր: Իսկ քվեարկությունից առաջ մենք միշտ սթափ ենք: Եվ այդ սթափությունը դուք նկատել եք»:

 

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Ռուստամ Գասպարյանը շարունակում է «Ազատամարտի նվիրյալների միություն» ՀԿ կազմավորման աշխատանքներով զբաղվել: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուները փոխանցում են, որ Ռ. Գասպարյանը որոշել է դա անել միայնակ՝ առանց իր կուսակից Ռուբեն Գեւորգյանի (Ծաղիկ Ռուբո): Վերջինս խաղից դուրս է մնացել: «Ժողովուրդ»-ը փորձեց տեղեկությունը ճշտել ազատամարտիկ պատգամավոր Ռուստամ Գասպարյանից, ով ասաց, թե իրենք զբաղված են ազատամարտիկ տղաների հոգսերը հոգալով. «Նախ՝ մի բան եմ ուզում նշել, որ մենք Երկրապահ չենք ուզում ստեղծել, քանի որ ԵԿՄ կա: Մենք ուղղակի մեր կռված ընկերներով հավաքվում ենք: Որեւէ բան չենք ստեղծում, կառույց չենք ձեւավորում, հավաքվում ենք, հասկանալու՝ ինչով կարող ենք մեր ընկերներին օգնել»: Հարցին՝ Ռ. Գեւորգյանին «հանե՞լ» են իրենց շարքերից, Գասպարյանը պատասխանեց. «Էդ իրեն հարցրեք, ես էդ մասին բան չեմ կարող ասել»:

 

«Լույս» հիմնադրամը՝ խավարի մեջ. «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից ստեղծված «Լույս» հիմնադրամը, որը իրավաբանորեն գրանցված է իր տան հասցեով, առաջիկայում կդադարեցնի իր գործունեությունը: Նշենք, որ այդ հիմնադրամը զբաղվում էր ֆինանսական միջոցների հայթայթմամբ եւ մեծածավալ գրանտներ բերում Հայաստան, որի օգնությամբ մինչ օրս հայազգի շուրջ 300 ուսանող կարողացել է աշխարհի առաջատար բուհերում սովորել: Իհարկե, այս օրերին բոլորը հիշում են Տիգրան Սարգսյանի վարչապետության շրջանի ձախողումները, որոնք իրապես շատ էին, սակայն քչերն են մտաբերում Տ. Սարգսյանի՝ թերեւս մի քանի դրական նախաձեռնությունները, որոնցից մեկը, թերեւս, շնորհալի ուսանողներին արտերկրում սովորելու հնարավորություն ընձեռող «Լույս» հիմնադրամն էր: 6 տարի առաջ ձեւավորված այդ հիմնադրամը ՀՀ նոր վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ հետաքրքրություն չի առաջացնում:




Լրահոս