ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՎՐԱ ՃՆՇՈՒՄՆԵՐ ՉԵՆ ԳՈՐԾԱԴՐՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

23 ընտրատարածքից ընտրված ԱԺ պատգամավոր Կարեն Բոթոյանը պատասխանել է Armlur.am-ի մի քանի հարցերին:

-Պարոն Բոթոյան, նախօրեին հայտարարել էիք, որ դուրս եք եկել ԱԺ ՕԵԿ խմբակցությունից: Ինչո՞ւ:
-Ես արդեն հայտարարել եմ, որ դուրս եմ գալիս եւ Կառավարության ծրագրին կողմ եմ քվեարկել:
-Այնուամենայնիվ, ինչո՞ւ կայացրեցիք նման որոշում. համենայնդեպս, երեկ Դուք պատճառների մասին ոչինչ չասացիք:
-Ուշադիր եթե լսեք իմ խոսքը, ես պատասխանել եմ: Շնորհակալություն:
-Բայց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտարարել է, որ Ձեր նկատմամբ ճշումներ են գործադրվել ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի միջոցով: Իսկապե՞ս այդքան դաժան էին այդ ճնշումները:
-(Ծիծաղում է Ս. Գ) Ես Գագիկ Խաչատրյանի հետ երբեք անձամբ չեմ հանդիպել, չեմ զրուցել: Եվ եթե ես իրեն չեմ տեսել, ինչպե՞ս կարող էր նա ինձ որեւէ բան ասել կամ պարտադրել: Ուղղակի ծիծաղելի է: Ու, ընդհանրապես, որեւէ ճնշում իմ նկատմամբ չի եղել, որեւէ մեկը ինձ որեւէ բան անգամ չի հուշել: ՕԵԿ խմբակցությունից դուրս գալու որոշումն իմն է եղել եւ ես արել եմ իմ հայտարարությունը: Ուզում եմ ձեզ հիշեցնել, որ ես ԱԺ պատգամավոր եմ ընտրվել մեծամասնական ընտրակարգով թիվ 23 ընտրատարածքից եւ բավականին անելիքներ ունեմ իմ ընտրատարածքում: Մի հարց տամ ձեզ՝ կհիշե՞ք որեւէ մեկին, որ ընդդիմադիր պատգամավոր է եղել մեծամասնական ընտրակարգով ընտրված:
-Ոչ: Ուզում եք ասել, որ ընդդիմադիր դարձած ՕԵԿ-ում այլեւս անհնա՞ր էր իրագործել Ձեր ընտրատարածքին վերաբերող խնդիրների լուծումը:
-Ես իմ ընտրատարածքում առկա բազմաթիվ խնդիրների լուծման ճանապարհը տեսնում եմ ՀՀ կառավարության հետ համագործակցության միջոցով: Միայն օրենսդիր մարմնում աշխատելը բավարար չէ մարզերում առկա խնդիրները կարգավորելու համար, դրա համար էլ ասում եմ, որ պետք է կառավարության հետ համագործակցել:
-Այսինքն՝ հետագա համագործակցության հա՞րցն էիք քննարկում նորանշանակ վարչապետի հետ ԱԺ դահլիճում՝ ի տես բոլորի:
-Հովիկ Աբրահամյանը բազմիցս հայտարարել է, որ առաջարկում է բոլորին համագործակցել ՀՀ Կառավարության հետ: Եվ ես զարմանում եմ, որ իմ ու վարչապետի զրույցն այդքան անսպասելի թվաց: Ես ՀՀ վարչապետի հետ քննարկում էի մեր հետագա համագործակցությանն առնչվող հարցեր, որոնք վերաբերում են իմ ընտրատարածքին:
-Իսկ Դուք ի՞նչ բիզնեսներ ունեք, որոնց միջոցով հնարավոր կլիներ Ձեզ ճնշել:
-Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ բիզնես չունեմ: Չեմ էլ ունեցել: Ոչ էլ բաժնետեր եմ եղել երբեւէ: Ավելին՝ իմ ընտանիքի անդամների անունով գրանցված բիզնեսներ էլ չունեմ, որ գոնե դրանից կառչեն: Եթե որեւէ մեկը շատ ցանկանում է պարզել իմ ասածը, հանգիստ կարող է անել՝ ես խաբելու ոչինչ չունեմ:
Շարունակությունը Armlur.am-ում

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս