ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԸ ՄՆԱՑԵԼ Է ԻՆՔՆ ԻՐ ՀՈՒՅՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա Հայաստանի Հանրապետական կուսակցության 15-րդ համագումարը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ համագումարին որեւէ մեկին հատուկ հրավեր չի ուղարկվել: Այս անգամ ՀՀԿ-ականները որոշել են համագումարն անել իրենք իրենցով: ՀՀԿ կուսակցական հարցերով պատասխանատու Ռուբեն Թադեւոսյանը եւս «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը:

«Արտերկրի եւ ՀՀ կուսակցություններին մեր կողմից հրավեր չի ուղղարկվել, քանի որ դա մեր կուսակցության 15-րդ աշխատանքային համագումարն է: Հրավիրել ենք միայն ՀՀԿ խմբակցության անդամներին, այսինքն՝ մեր կուսակցության ներկայացուցիչներին»,-պարզաբանեց Ռ. Թադեւոսյանը:
Հիշեցնենք, որ իշխող կուսակցության նախորդ համագումարը տեղի է ունեցել 2012թ. դեկտեմբերին, որին մասնակցում էր նաեւ ՀՀԿ-ի այն ժամանակվա կոալիցիոն գործընկեր ՕԵԿ-ը` Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ: Այդ համագումարին մասնակցեցին նաեւ ԱԺ ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչները` ի դեմս գործարար հատվածի: Սակայն այս անգամ, փաստորեն, ՀՀԿ-ն միայնակ է:
«Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության նորաթուխ ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ՝ պարզելու, թե ինչո՞ւ որեւէ կուսակցություն չի մասնակցելու ՀՀԿ-ի համագումարին:

-Պարոն Բաղդասարյան, ի՞նչ հարցեր են քննարկվելու այսօր կայանալիք ՀՀԿ 15-րդ համագումարում:
-Սովորական համագումարի օրակարգ է, հաշվետվություն, ընտրություններ, այդպես որեւէ առանձնահատուկ բան չկա: Ծրագիրն է ներկայացվելու հիմնականում, դա է լինելու:
-Իսկ ինչո՞ւ այս անգամ ՀՀԿ-ն որեւէ այլ քաղաքական ուժի չի հրավիրել համագումարին: Ինչ-որ խնդի՞ր կա:
-Այդ հարցերով զբաղվել է գործադիրը, ես առայժմ, որպես շարքային պատգամավոր,պետք է ներկա գտնվեմ համագումարին: Կարծում եմ` որեւէ խնդիր չկա:
-Տեղյա՞կ եք` արդյոք ՀՀԿ-ն է ցանկացել միայնակ անցկացնել համագումարը, թե՞ հրավերներ եղել են, պարզապես կուսակցությունները ցանկություն չունեն ներկա գտնվել մի միջոցառման, որը կազմակերպել է ՀՀԿ-ն:
-Մենք երբեւէ դեպք չենք ունեցել, որ ՀՀԿ-ն հրավիրի մարդկանց ու իրենք չգան, ուղղակի այս անգամ այդպես է որոշվել: Իրականում նման բան չկա:
-Բայց անգամ Ձեր նախկին կոալիցիոն գործընկեր ՕԵԿ-ն է Ձեզ «լքել» ու թողել միայնակ: Դա նշանակում է, որ ՀՀԿ-ին այլեւս ոչ ոք չի վստահում:
-Բայց մենք չենք ժխտում, որ մենք միանձնյա ենք պատասխանատվություն վերցրել, մենք ենք այսօրվա պատասխանատվության տերը ու կարողանում ենք այդ պատասխանատվությունից չխուսափել: Մենք առայժմ կարիք չենք զգում նոր կոալիցիա կազմելու, ինչի՞ մասին է խոսքը: Մենք որեւէ անգամ չենք բացառել, որ ՕԵԿ-ը կոալիցիայից դուրս է եկել: Ու դա չի նշանակում, որ ՕԵԿ-ը դուրս է եկել կոալիցիայից ու մենք ինչ-որ պրոբլեմների մեջ ենք:
-Ըստ Ձեզ՝ այս ամենը չի նշանակո՞ւմ, որ ՀՀԿ-ն վստահության խնդիր ունի, այսինքն՝ որեւէ կուսակցություն չի ցանկանում ՀՀԿ-ի հետ իշխանությունը «կիսել», առավելեւս մասնակցել որեւէ հարցի քննարկման, որը ներկայացնում է Ձեր կուսակցությունը:
-Հանրապետականը վստահում է ինքն իրեն, ինձ թվում է, որ դա բավարար է: Եվ քանի որ մյուսները փոքրամասնություն են կազմում, իրենց ճնշված են զգում մեծամասնության մեջ: Բայց մենք մշտապես աշխատել ենք այնպես, որպեսզի մեր կոալիցիոն նախկին գործընկերները այդ ճնշվածությունը չզգան: Երեւի թե դո՛ւք պետք է իրենցից հարցնեք, թե ինչու են իրենք իրենց ճնշված վիճակում զգում, համենայնդեպս մենք գոհ ենք նաեւ մեր ընդդիմադիր գործընկերների համագործակցությունից: Մենք այդ առումով անգամ դժգոհություն չունենք, այս դաշտում մենք պետք է անպայման զգոն լինենք: Դա քաղաքական դաշտի համար ավելի օգտակար է: Ինչքան ընդդիմությունը ուժեղ է, այնքան իշխանությունն ավելի զգոն է լինում` ընդդիմության ավելի առողջ քննադատությունների դեպքում իշխանությունն ավելի ուշադիր է:
-Այնպիսի տպավորություն է, որ ՀՀԿ-ին այլեւս չի հաջողվում իրավիճակին հետեւել, քանզի որեւէ կուսակցություն չի հավատում ՀՀԿ-ին: Դա չի՞ հիասթափեցնում Ձեզ:
-Բացարձակապես նման բան չկա: Այս օրերը ցույց տվեցին, որ ՀՀԿ-ն հիասթափվելու որեւէ խնդիր չունի, ընդհակառակը՝ ավելի է համախմբված ու ըմբռնումով է մոտենում իրավիճակին: Այս ընթացքում համոզվեցինք նաեւ, որ գործ ունենք շատ լուրջ մարդկանց հետ ու այն խնդիրները, որոնք դրված են մեր առաջ պետք է իրագործել: Ու մենք արդեն դա անում ենք:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս