Armenian text to speach

ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՈՐՏԵՂԻ՞Ց ԿՈՆՅԱԿԻ ԳՈՒՄԱՐԸ

ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս), ով ԱԺ վերջին քառօրյայի ժամանակ փայլատակեց հարբելու եւ ոչ իշխանական պատգամավորների ելույթները խանգարելու իր տաղանդով, պարզվում է՝ չունի որեւէ ունեցվածք: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին տրված Մովսիսյանի հայտարարագրերում նշված է, որ նա ոչ տուն ունի, ոչ ավտոմեքենա, ոչ էլ անգամ բանկային հաշվին որեւէ գումար: Նա հայտարարագրել է միայն չոր աշխատավարձ՝ 3 մլն դրամի չափով: Հետաքրքիր է՝ նման համեստ պայմաններում ապրող ազնիվ ու օրինապաշտ պատգամավորը որտեղի՞ց էր գումար ճարել՝ ԱԺ-ում կոնյակ խմելու եւ հարբելու համար:

ԱՐԴԱՐԱՆՈՒՄ Է

Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Առաքել Մովսիսյանից պարզել, թե ինչու էր նախօրեին ՀՀ կառավարության ծրագրի քվեարկությանը ներկայացել ալկոհոլի ազդեցության տակ: Վերջինս նախ լսեց հարցը, այնուհետեւ հայտարարեց. «Դե հավայի գրում են, տենց բան չկա: Ես ոչ մի բան էլ չունեմ խոսելու, տենց բան չկա»: Այս խոսքերից հետո անջատեց հեռախոսը:

ՕԵԿ-ԱԿԱՆՆԵՐԻ ԱՅՑԸ

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ օրերս ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանի եղբայր՝ Արմեն Բաղդասարյանն ու ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը գնացել են Երեւանի Ագրարային համալսարան: Մեր տեղեկություններով՝ նրանք հանդիպել են համալսարանի ռեկտորի հետ եւ խնդրել՝ համալսարանի հարակից ավտոտնակները հատկացնել իրենց, քանի որ այնտեղ ինչ-որ բան են ցանկանում կառուցել: Թե որքանով է նրանց հաջողվել իրականացնել ցանկալի ծրագիրը, «Ժողովուրդ»-ը փորձեց տեղեկությունը ճշտել ՕԵԿ մամլո խոսնակ Արթուր Միսակյանից: «Նման բան չի եղել, նույնիսկ Արմեն Բաղդասարյանը Հայաստանում չէ: Ուղղակի մեր կուսակցության շենքի հարակից տարածքում ունենք նիստերի դահլիճ, որը կպած է շենքին, դա օրինական պատկանում է կուսակցությանը: Ընդամենն այդ դահլիճի վերակառուցումն է տեղի ունենալու, որեւէ ավտոտնակի կամ որեւէ այլ շինության, հարակից հողատարածքի մասին որեւէ խոսք ու խնդիր չկա»,-վստահեցրեց մամլո խոսնակը:

ՔՆՆԱՐԿՈՒՄ ԿԼԻՆԻ

Երկուշաբթի օրը ԱԺ-ում արտահերթ նիստ չի լինելու: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այդ օրը ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվելու է բյուջեի կատարողականը: Տեղեկություններ կան, որ հաշվետվությունը ներկայացնելու է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Չի բացառվում, որ Հ. Աբրահամյանի փոխարեն ԱԺ-ում այդ «գործն» անի ՀՀ կառավարության անդամներից մեկը: Քննարկմանը ներկա կլինեն նաեւ ԱԺ բոլոր խմբակցությունները:




Լրահոս