ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՎԱՂԵՄԻ ԸՆԿԵՐՆԵՐ

Երեկ տեղեկություններ էին տարածվել, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի եւ ԱԱԾ ղեկավար Գորիկ Հակոբյանի փոխհարաբերությունները վերջին ժամանակահատվածում լարվել են: «Ժողովուրդ»-ն այս առիթով զրուցեց ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հետ:
-Պարոն Երիցյան, ինչո՞ւ են «լարվել» Ձեր եւ ԱԱԾ ղեկավար Գորիկ Հակոբյանի փոխհարաբերությունները:
-Գիտեք ինչ, ես արդեն նման տեղեկություններին անլուրջ եմ վերաբերվում, քանի որ ես եւ Գորիկ Հակոբյանը մտերիմ ընկերներ ենք:
-Նշվում է նաեւ, որ ԱԱԾ ուշադրության կենտրոնում է արտակարգ իրավիճակների նախարարության հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության գործունեությունը, որից էլ ենթադրելի է, որ Գ. Հակոբյանի եւ Ձեր փոխհարաբերությունները «վատացել» են:
-Արդեն զարմանում եմ, որ նման տեղեկություններ եմ լսում, որվհետեւ իրականում նման գործ չկա, որպեսզի ԱԱԾ-ն ուսումնասիրի: Ես չգիտեմ, թե դա ում երազանքն է, ում ցանկությունն է: Երբ մարդիկ պարապ են մնում սկսում են նման անհիմն ենթադրություններ անել: Կրկնում եմ՝ Գորիկ Հակոբյանն իմ վաղեմի եւ լավ ընկերն է: Ես իրեն հարգանքով եմ վերաբերվում, իրականում մեր հարաբերությունները շատ նորմալ են:

ԽԱԲԵԼ Է

«Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ Երեւանի ոսկու շուկայի տնօրեն Վաղարշ Աբրահամյանը ամիսներ առաջ խոստացել էր շուկայի էլեկտրաէներգիայի ենթակայան կառուցել, յուրաքանչյուր հարկում զուգարաններ սարքել, սակայն չիրականացրեց իր խոստումը: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ շուկայի աշխատակիցներից: Ըստ նրանց՝ որեւէ աշխատանք չի իրականացվում այդ ուղղությամբ: Հիշեցնենք, որ Վ. Աբրահամյանն ամիսներ առաջ բարձրացրել էր ոսկու եւ թանկարժեք քարերի արտադրամասերի վարձավճարներն՝ այն պատճառաբանությամբ, որ այդ գումարով շուկայի համար զուգարաններ եւ լույսի ենթակայան է կառուցելու:
Տեղեկացնենք նաեւ, որ շուկայի ոսկերիչները դեռ շարունակում են իրենց ոսկերչական գործիքները վաճառելը եւ արտադրամասերի հանձնումը: Պատճառը՝ առեւտրի նվազումն է եւ բարձր վարձավճարները:

ՉԵՆ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ

Տեւական ժամանակ է, ինչ ՀՀ մարզերի մի շարք համայնքներ գյուղմթերքի իրացման խնդրի առաջ են կանգնած: Գյուղացիները չեն կարողանում նույնիսկ իրենց բերքի ինքնարժեքը ստանալ: Վերջին երկու ամիսների ընթացքում ՀՀ Արագածոտնի մարզի մի շարք համայնքների բնակիչներ ստիպված են եղել իրենց կարտոֆիլը վաճառել գյուղ գնացած վրացիներին: «Ժողովուրդ»-ը ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից տեղեկացավ, որ այս տարվա ապրիլ եւ մայիս ամիսներին Ավստրիայից, Բելգիայից, Գերմանիայից, Նիդեռլանդներից, Շոտլանդիայից եւ Չեխայից մեր հանրապետություն է մտել 1960 տոննա սերմացու կարտոֆիլ: Իսկ Հայաստանից ապրիլ եւ մայիս ամիսներին 6 հազար 923 տոննա կարտոֆիլ է արտահանվել Ռուսաստանի Դաշնություն եւ Վրաստան:




Լրահոս