Մայիսի 17-ից փակ է ռուս-վրացական Վերին Լարսի անցակետը, որն, ի դեպ, համարվում է Հայաստանը ՌԴ-ին կապող միակ ցամաքային գործող ճանապարհը: Այս անգամ պատճառը ոչ թե ռուս-վրացական հակամարտությունն է, այլ՝ Վրաստանի Գվելեթի-Դարիալ ավտոճանապարհին տեղի ունեցած փլվածքը: Ինչպես հաղորդել է Վրաստանի ՆԳ նախարարությունը, առաջիկա 1.5 ամիսներին ճանապարհը փակ կլինի: Ասել է թե՝ 1.5 ամիս Հայաստանը զրկված կլինի Ռուսաստան ուղեւորափոխադրում եւ ապրանքափոխադրում իրականացնելու հնարավորությունից՝ հայտնվելով չհայտարարված բլոկադայի մեջ:
Կատարվածն ուշագրավ է հատկապես Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության համատեքստում: Փաստորեն, ամենաանմեղ դեպքն անգամ կարող է պարզապես խաթարել ՄՄ անդամ երկրների հետ կապը: Պատահական չէ, որ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը մինչեւ Սերժ Սարգսյանի՝ 2013թ. սեպտեմբերի 3-ի հայտնի հայտարարությունը, պնդում էր՝ ՄՄ-ին ՀՀ անդամակցությունն անիմաստ ու անարդյունավետ է, քանի որ Հայաստանը ՄՄ անդամ երկրների հետ չունի ընդհանուր սահման: Այսօր, ըստ էության, բախվում ենք հենց անմիջական սահմանի բացակայության խնդրին:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը նշեց. «Մենք կոմունիկացիաների խնդիր ունենք, եւ նմանատիպ իրավիճակները հնարավոր է կրկնվեն բազմաթիվ անգամներ: Ու այս իրավիճակում մենք մտնում ենք տնտեսական մի գոտի, որի հետ հաղորդակցվելու առումով, փաստորեն, մենք խնդիրներ ունենք, երբ ամենաանմեղ պատճառով կապը կարող է երկարաժամկետ ընդհատվել: Սա եւս մեկ անգամ խոսում է այն մասին, որ Հայաստանը պետք է ընտրի տնտեսական զարգացման հուսալի ուղղություն»: Մարտիրոսյանի խոսքերով՝ Եվրոպայի հետ ՀՀ առեւտրաշրջանառությունը կատարվում է Վրաստանի տարածքով՝ դեպի Սեւ ծով, եւ այս հարցում «Հայաստանը խոշոր հաշվով խնդիրների առաջ չի կանգնել, այնինչ՝ ՌԴ-ի հետ ճանապարհը Վերին Լարսն է, եւ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա խնդիրների առաջ ենք կանգնել»: ՀԱԿ վարչության անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանն էլ նշեց, թե գործարարները, որոնք հույսեր ունեին ՄՄ-ին ՀՀ անդամակցությունից, շատ են անհանգստացած: «Սպասելիքները, որ կային ՄՄ-ից, հիմա խաթարվել են ու լուրջ պրոբլեմներ են առաջացել»,- նշեց նա:
Վերին Լարսի անցակետի՝ 1.5 ամսով փակվելը Հայաստանի տնտեսության վրա բացասական լուրջ հետեւանքներ կունենա: Վահագն Խաչատրյանն այս առումով նշեց. «Սա բացասական կանդրադառնա ե՛ւ սպասումների, ե՛ւ ծախսերի, ե՛ւ այսօրվա մատակարարման սահմանափակումների առումով: Մակրոտնտեսական ցուցանիշների վրա եւս բացասական ազդեցություն կթողնի սա»: Նրա կարծիքով. «Հիմա պետք է կա՛մ սպասեն մինչեւ անցակետը բացվի, բայց դեռ հարց է՝ իրոք 1.5 ամսում կկարողանան շահագործել այդ ճանապարհը, կա՛մ պետք է այլ ճանապարհ որոնեն, օրինակ՝ Սեւ ծովով դեպի Նովոռոսիյսկ, ինչը բավականին բարդ է ու բավականին թանկ»:
Վահագն Խաչատրյանի խոսքերով՝ ամեն անգամ նման որեւէ խնդրի դեպքում սկսում են խոսակցություններն այլընտրանքային ճանապարհների մասին: «Նախկինում Վերին Լարսի անցակետին զուգահեռ հնարավոր էր ՌԴ գնալ Հարավային Օսիայով: Այսօր այդ ճանապարհն էլ է փակ: Էդ հնարավորությունից էլ չենք կարող օգտվել՝ հաշվի առնելով ռուս-վրացական հարաբերությունները: Մենք այնպիսի միջավայրում ենք գտնվում, որ միայն ու միայն մեկ ճանապարհ կա: Մեր քաղաքական խողովակներն էլ են այդ ուղղությամբ տանում, որը շատ վտանգավոր է»,- նշեց նա:
Նկատենք, որ նախկինում, երբ ռուս-վրացական հարաբերությունների պատճառով փակվում էր Վերին Լարսի անցակետը, Հայաստանում կտրուկ գնաճ էր սկսվում, հիմնականում՝ վառելիքի ոլորտում: Բացի այդ, նկատվում էր նաեւ որոշակի ապրանքների դեֆիցիտ: Այսօր, ըստ էության, հայտնվել ենք հերթական խնդրի առաջ: Ճիշտ է, դեռ կտրուկ գնաճ չի նկատվել, սակայն դա հեռու չէ իրականություն դառնալուց:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ