««Պարտադիր» նշանակում է, որ պարտադիր լուծումներ պետք է գտնվեն, իսկ «չպարտադրված» նշանակում է, որ պետք է գտնվեն այնպիսի լուծումներ, որոնք յուրաքանչյուրին՝ անգամ երիտասարդին ցույց տան, որ իր համար դա ճանապարհ է»:
Դավիթ Հարությունյան Tert.am
Ինչ-որ բան հասկացա՞ք այս ասածից: Բովանդակությունն ու միտքը մենք էլ չհասկացանք, սակայն հասկանալի դարձավ, թե ինչու է ԱԺ նախագահ դարձել Գ. Սահակյանը: Ինչու են Դ. Հարությունյանին նշանակել ղեկավար-նախարար, Հ. Աբրահամյանին` վարչապետ: Երեւի նրա համար, որպեսզի Գ. Սահակյանին նմանակելով՝ նման խճճված մտքեր երկնեն: Հիմա ինչպե՞ս կարող է լինել «պարտադիր, բայց չպարտադրված»: Դա նույնն է, եթե ասեն, թե ՀՀԿ-ն, ասենք, պահպանողական, բայց լիբերալ կուսակցություն է՝ լիբերալ-պահպանողական: Ի դեպ, վերջին անհեթեթություննը գոնե ավելի խելքին մոտիկ է, քան «պարտադիր չպարտադրվածը»:
«Մենք խուսափել ենք գեղեցիկ բառերից… Մենք չենք զբաղվում նրանով, թե ով, ում բաջանաղը ինչով է զբաղվում… զոռբայությամբ իշխանություն չեն վերցնում եւ զոռբայության համար չեն տալիս»:
Վահրամ Բաղդասարյան 168.am
ՀՀԿ խմբակցության նորանշանակ ղեկավարն, անշուշտ, ինչ-որ բան խառնում է. իրենք երբեք էլ չեն խուսափել գեղեցիկ բառերից, Սերժ ու Տիգրան Սարգսյանները, Հովիկ Աբրահամյանն ու Գալուստ Սահակյանը եւ մյուսները վկա: Այլ հարց է, որ գեղեցիկ բառերի փոխարեն փողոցային բառերի պակաս շատ ՀՀԿ-ականների լեքսիկոնում երբեք չի էլ եղել: Իսկ բաջանաղներով ՀՀԿ-ականներն, ինչ խոսք, դեռ չեն հետաքրքրվում, սակայն դրա փոխարեն ակտիվորեն հետաքրքրվում են ընտանիքի անդամներով, աներձագներով, փեսաներով, քավոր-սանիկներով: Իշխանությունն էլ զոռբայությամբ վերցնում են, բայց զոռբայության համար չեն տալիս:
«Նախորդ կառավարության ծրագրի եւ այս կառավարության ծրագրի տարբերությունը տնտեսական աճի տեսանկյունից ընդամենը 1,5 տոկոս է: Արդյո՞ք այս 1.5 տոկոսն է, որ պետք է լուծի մեր խնդիրները»:
Հեղինե Բիշարյան Replik.am
ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավարն արտահայտում է ՕԵԿ-ի դիրքորոշումը՝ իրենք դեմ են Կառավարության ծրագրին, եւ դեմ են այն բանի համար, որ այդ ծրագիրը նման է նախորդ՝ Տիգրան Սարգսյանի կառավարության ծրագրին: Բայց չէ՞ որ Տիգրան Սարգսյանի վարչապետության օրոք ՕԵԿ-ը Սարգսյանի ծրագրին կողմ էր քվեարկել: Այդ դեպքում հիմա ինչո՞ւ են դեմ, ո՞ւմ են դեմ կամ ինչի՞ն են դեմ: Կարծում ենք, այս հարցերի պատասխանն ՕԵԿ-ը դեռ չունի, քանի որ իրենք էլ դեռ չեն կողմնորոշվել՝ ինչին են դեմ կամ կողմ, եւ ինչի համար… Ամեն դեպքում, նախորդ ծրագրին կողմ քվեարկելու պատճառը հաստատ 1,5 տոկոսի խաթր չէր:
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ