ԳՅՈՒՂԱՊԵՏԻ ԹԵԿՆԱԾՈՒԻՆ ՃՆՇՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Արագածոտնի մարզի Նոր Արթիկ համայնքում հունիսի 8-ին տեղի կունենան համայնքի ղեկավարի ընտրություններ: Գյուղապետի պաշտոնի համար այս պահի դրությամբ պայքարում են երեք հոգի՝ ԲՀԿ-ական Վարդգես Ներսիսյանը, ով նաեւ գյուղապետի տեղակալ է աշխատում, ՀՀԿ-ական Թաթուլ Գրիգորյանը եւ ՀՀԿ-ական Արտավազդ Վարդանյանը: Գործող համայնքապետ Տիգրան Դավթյանն այս անգամ չի առաջադրվելու: Նշենք, որ վերջինս Նոր Արթիկի բնակիչ չէ, Արմավիրի մարզի Լեռնագոգ համայնքից է: Այս եւ այլ թեմաների շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց գյուղապետի առաջադրված թեկնածու Արտավազդ Վարդանյանի հետ:

-Պարոն Վարդանյան, չորրորդ անգամ եք առաջադրում Ձեր թեկնածությունը:
-Երկու անգամ գյուղապետ եմ ընտրվել, իսկ երրորդ անգամ՝ ոչ:
-Ինչո՞ւ:
-Խոչընդոտներ շատ եղան: Կային ուժեր, որ չցանկացան եւ իրենց ուզած թեկնածուն անցավ: Մարզպետարան գոյություն ունի, ում հրահանգված է՝ նա էլ պետք է ընտրվի:
-Գուցե գյուղացիները չե՞ն վստահել Ձեզ:
-Ոչ ոք չի կարող ասել: Ժողովուրդն է գնահատում:
-Անուններ կտա՞ք: Նախորդ ընտրություններին ո՞վ է կանգնել Տ. Դավթյանի կողքին, մարզպետարանի՞ աշխատակից էր, թե՞ ավելի բարձր պաշտոնյա:
-Նման բաներ: Կարող եմ, բայց չեմ նշի:
-Քանի՞ ձայնով պարտվեցիք:
-Հիսունից ավելի էր:
-Իսկ հիմա ճնշում գործադրո՞ւմ են:
-Հա, բա ոնց չկա, ճնշում կա: Գյուղում մարդիկ կան, ովքեր այլ տեղերում աշխատում են եւ իրենց աշխատանքը չեն ցանկանում կորցնել, ինչի համար էլ ստիպված են ինձ չընտրել: Բայց ես այս անգամ ժողովրդի կամքով եմ առաջադրվել:
-Իսկ կոնկրետ Ձեզ «վերեւներից» ասե՞լ են, որ ինքնաբացարկ ներկայացնեք:
-Նման բան չեն ասել, շարունակելու եմ ընտրապայքարը:
-Իսկ մյուս թեկնածուների մասին ի՞նչ կասեք:
-ԲՀԿ-ական Վարդգես Ներսիսյանը գյուղապետի տեղակալ է աշխատում, իսկ էն մյուսը՝ Թաթուլ Գրիգորյանը, մեկ անգամ ընտրվեց, մի վեց ամիս աշխատեց ու թողեց գնաց խոպան: Հիմա նորից եկել է ու ուզում է գյուղապետ դառնալ: Իրենից հետո Արմավիրի մարզի Լեռնագոգ համայնքից ներկայիս գյուղապետ Տիգրան Դավթյանը եկավ ու մեզ գյուղապետ դարձավ:
-Ի՞նչ եք կարծում, ո՞ր թեկնածուն կհաղթի:
-Կարծում եմ՝ մարդիկ չեն ընտրի մյուսներին, որովհետեւ երկուսն էլ իրենց շատ են ցավեցրել: Իրենց անհիմն հայտարարություններով, տեղեկանք չտալով: Դե Թաթուլին էլ մենք վստահեցինք ու ընտրեցինք, բայց ընտրվեց հետո, հիասթափեցրեց մեզ ու վեց ամիս անց մեկնեց:
-Փաստորեն Ձեր ներկայիս գյուղապետը Ձեր համայնքի բնակիչ չէ:
-Չէ, մեր գյուղի բնակիչ չէ: Ախր, դու էս գյուղում չես ապրել, ընդհանրապես, քեզ ո՞նց են վստահել գյուղապետի պաշտոնը:
-Դուք ՀՀԿ-ական եք, կուսակցությունը Ձեզ չի՞ սատարելու:
-Փաստորեն չի օգնելու: Բայց ես 2003-ից ՀՀԿ-ական եմ: Ես վեց տարի գյուղապետ եմ աշխատել, տեղակալ չեմ պահել, իմ էրած գործն ինչ է, որ մի հատ էլ տեղակալ պահեմ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս