Ղարաբաղի հարցում որևէ փոխզիջում չի լինի. Գ. Սահակյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանը կստորագրի Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանագիրը: Այս մասին այսօր խորհրդարանում մի քանի լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

Ըստ նրա` Ս. Սարգսյանը կստորագրի պայմանագիրը, և Հայաստանը ԼՂՀ-ի հետ միասին՝ իր առևտրական, տնտեսական կապերի առումով նույնությամբ, կմասնակցի բոլոր այն գործընթացներին, ինչին մասնակցում է Հայաստանը:

«ԼՂՀ-ն Հայաստանի ամենակարևոր հոգևոր արժեքների մեջ է, բայց ինքն առանձին հանրապետություն է»,-հավելեց ԱԺ նախագահը: Այն դիտարկմանը, թե չկա՞ մտավախություն, որ Նազարբաևը կխոչընդոտի, Գ. Սահակյանը նշեց.

«Ոչ միայն Նազարբաևը չի խոչընդոտի, այլ նաև Եվրասիական միությունը որևէ նման ծրագիր չի կարող առաջացնել և ոչ էլ նման խնդիրներ կարող է քննարկվել: Մենք պետք է ուղերձները և լուրջ դիվանագիտական աշխատանքները իրարից տարբերենք»:

Գ. Սահակյանի խոսքով` ԼՂՀ-ն չի մտնելու Մաքսային միություն, որովհետև իրավական տեսակետից Արցախն աշխարհի կողմից ընդունված պետություն չէ: «Բայց կոնկրետ այս դեպքում Ղարաբաղը Հայաստանի հետ է, և կարծում եմ ավելի լավ պայմաններ է ստեղծում հետագա մեր խնդիրները լուծելու համար», – նշեց նա:

Նա հավելեց, որ Աստանայում Ս. Սարգսյանի պահվածքը շատ ճիշտ էր. «Դիվանագիտական առումով քայլը շատ ճիշտ էր: Ես չեմ կարծում, որ մենք պետք է անպայմանորեն ինչ-որ ձեւով հատկանշեինք Նազարբաևի ասածը և մտածեինք, որ Նազարբաևն է որոշելու մեր երկրի ճակատագիրը:  Որևէ փոխզիջում, ինչը կվերաբերի Ղարաբաղի հարցին, Հայաստանը այդ ճանապարհով չի գնա, և դա մեր դիանագիտական օրակարգում երբևէ չի լինի», -եզրափակեց նա:




Լրահոս