Երեկ ուշ երեկոյան Էրեբունի Բ/Կ տեղափոխված 22-ամյա Վանուշ Ալեքսանյանի վիճակը, բուժող բժշկի փոխանցմամբ, շարունակում է մնալ կայուն ծանր:
Հիշեցնենք, որ Ալեքսանյանը հիվանդանոց է տեղափոխվել դանակահարվելուց հետո` ծայրահեղ ծանր վիճակում: Դեպքը տեղի է ունեցել Նուբարաշեն 11 փողոցի 11 շենքի բակում, և լուրեր են պտտվել, թե դանակահարողը եղել է Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդին` Սեդրակ Օսիպյանը:
Ինչպես Armlur.am-ի թղթակցին հայտնեցին վերոնշյալ շենքի բնակիչները, հասակակից երիտասարդները Սովետաշենի բնակիչներ են, և նախկինում իրենց շենքի մոտ նրանց վեճերին կամ հավանական ծեծկռտուքների ականատես չեն եղել:
«Ուշ երեկոյան էր, որ աղմուկ լսեցինք, բայց ոչ մեկին չկարողացանք տեսնել: Այս վարդագույն խանութի դիմաց է եղել (ցույց են տալիս լուսանկարում պատկերված խանութը):
Բայց տղաներին չենք տեսել, ոչ էլ նախկինում էստեղ լուրջ կռիվներ կամ վեճեր են եղել: Հանգիստ փողոց է: Իրանք մեր փողոցից էլ չեն»,- մեզ հետ զրույցում ասացին բնակիչները, և հարցին, թե ինչ գիտեն դանակահարության մասնակիցների մասին, ասացին, որ նրանց չեն ճանաչում:
Տաթև Հարությունյան