Այն, որ Հայաստանի քաղաքական դաշտի երկու առավել մեծաքանակ կուսակցությունների` ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ մշտապես առկա է խանդոտ մրցակցություն, գաղտնիք չէ: Անցած 4,5 տարիների ընթացքում ժամանակ առ ժամանակ այդ մրցակցությունը վերածվել է անհաշտ պայքարի, անգամ հակամարտության, սակայն որոշակի պիկի հասնելուց հետո, այնուամենայնիվ, կուսակցությունների լիդերներին հաջողվել է հաշտության եզրեր գտնել ու շարունակել համատեղ աշխատանքը կոալիցիայում:
Նման իրավիճակ ստեղծվեց նաեւ 2010-ին, երբ ԲՀԿ-ն հանդես եկավ գալիք ԱԺ-ում 50+1 տոկոս հավաքելու ամբիցիոզ հայտարարությամբ` բացահայտ կերպով ակնարկելով, որ առաջիկա նախագահական ընտրություններում տանելու է իր սեփական խաղը: Արդյունքում եղավ ՀՀԿ քսանամյակի Սերժ Սարգսյանի ելույթը, որտեղ նա բացահայտ կերպով հայտարարեց, որ ինքը որոշակի պահանջներ ունի ԲՀԿ-ից: Այդ պահանջները բավարարվեցին երկու ամիս անց` 2011թ. փետրվարի 17-ի կոալիցիոն հուշագրի թարմացմամբ, որտեղ ԲՀԿ-ն հստակ կերպով պարտավորվեց գալիք նախագահական ընտրություններում սատարել գործող նախագահին` ասել է թե` Սերժ Սարգսյանին: Դեռեւս այն ժամանակ Գագիկ Ծառուկյանի այդ ետքայլը շատերը որակեցին իբրեւ «ղազագիր»: Թեեւ ԲՀԿ-ականները դա փորձում էին ներկայացնել իբրեւ մարտավարական քայլ` ժամանակ շահելու եւ վերջնական որոշումն ընտրությունների ճիշտ նախօրյակին թողնելու համար, այդուհանդերձ, նման երկակի պահվածքն այնքան էլ լավ չանդրադարձավ կուսակցության վարկանիշի վրա: Կոնկրետ Սերժ Սարգսյանին սատարելու վերաբերյալ Գագիկ Ծառուկյանի տված` «այդ մասին հաջորդ դասին» պատասխանը «դասի»` այսինքն ընտրությունների մոտենալուն զուգահեռ գնալով արդեն սկսում է անլուրջ ընկալվել: Մանավանդ որ` չնայած վերջին ամիսներին բազմաթիվ ԲՀԿ-ականների թմրամոլության մեջ մեղադրելուն, Ծառուկյանին մոտ կանգնած հեղինակություններին կալանավորելուն, կուսակցությունից «գլխաքանակի» արտաշատյան արտահոսքին, ԲՀԿ առաջնորդն այդպես էլ բացատրություն չպահանջեց կոալիցիոն գործընկերոջից: Ընդամենը փորձեց կիսանեղացած «խաղեր տալ» ՀԱԿ-ի, «Ժառանգության» եւ ՀՅԴ-ի հետ` համամասնական ընտրակարգի անցնելու հարցում, ինչի համար եւս արժանացավ ՀՀԿ-ի կոշտ գնահատականին` անվանվելով քաղաքական փուչիկ, որը կարող է պայթեցվել ՀՀԿ ասեղից: Սակայն անգամ այս դեպքում ԲՀԿ-ն լեզվակռվից այն կողմ չգնաց` օրերս Սերժ Սարգսյանի մոտ կայացած կոալիցիոն նիստում վերջինիս խնդրելով թուլացնել կուսակցության հանդեպ ճնշումները եւ բոլոր հարցերը փակելով «ոնց ասես, նախագա՛հ ջան» արտահայտությամբ: Գուցե Ծառուկյանի նման պահվածքը պայմանավորված է Ռոբերտ Քոչարյանի հետ ունեցած ինչ-ինչ պայմանավորվածություններով, կամ էլ դրանց բացակայությամբ, գուցե սեփական բիզնեսը չկորցնելու մտավախությամբ, ամեն դեպքում ակնհայտ է, որ իրեն առյուծի հետ ասոցացնող Ծառուկյանի՝ վերջին շրջանի քաղաքական պահվածքն ավելի շատ այլ ասոցիացիաներ է առաջացնում:
ՈՒՐԻՇ ԱՍՈՑԻԱՑԻԱ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ