ՉԵՆ ԽԱՌՆՎԵԼ
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Ուկրաինայի հայերի միության գործադիր տնօրեն Դավիթ Մկրտչյանն, անդրադառնալով Ուկրաինայում մայիսի 25-ին կայացած նախագահական ընտրություններին, հայտնեց, որ իրենք չեն խառնվել այդ գործընթացին.«Մենք ասել ենք, որ ոչ մի կողմին էլ չենք սատարում եւ չենք խառնվել: Ըստ Դավիթ Մկրտչյանի՝ իրենք տեղեկություններ չունեն, թե, օրինակ, Օդեսայի կամ Դոնեցկի հայկական համայնքներում հայերն ինչ մասնակցություն են ցուցաբերել նախագահական ընտրություններին.«Միայն կարող եմ ասել, որ դեռ իրավիճակը շարունակում է լարված մնալ, հույս ունենք, որ ընտրություններից հետո գոնե լավ կլինի»:
ՆՈՐՆ ԱԶԱՏՈՒՄ Է
ՀՀ բնապահպանության նորանշանակ նախարար Արամայիս Գրիգորյանի այն հայտարարությունից հետո, թե ովքեր իսկապես ցանկություն ունեն աշխատելու` կաշխատեն, իսկ ովքեր չունեն՝ չեն աշխատի, նախարարության աշխատակիցները հայտնվել են ցայտնոտի մեջ: Այս հայտարարությունից հետո, նախարարության բարձր օղակի աշխատակիցներն իրենց անապահով են զգում: Ավելին՝ իրենց ցանկությունը սկսել են արտահայտել նորանշանակ նախարարի փիառն անելու տեսքով: Նշենք, որ նորանշանակ նախարարն արդեն աշխատանքից ազատել է 10 անկախ փորձագետների, ովքեր գործունեություն էին ծավալում 3 ամիսը մեկ, սակայն վարձատրվել են մյուս աշխատակիցների նման: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց Ա.Գրիգորյանի մամլո խոսնակ Թեհմինե Արզումանյանի հետ, ով ասաց, որ նախարարությունում այս պահին ոչ մի լարվածություն չկա:
ՀԻՆՆ ԱԶԱՏՈՒՄ Է
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ ՀՀ Կոտայքի մարզպետ, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը նշանակվելուց անմիջապես հետո մարզպետարանի աշխատակիցներին հավաքել է իր աշխատասենյակում եւ հրահանգել աշխատանքից ազատման դիմում գրել: Բանն այն է, որ նա մտադիր է իր հարազատներին ու ծանոթներին մարզպետարանում նշանակել աշխատանքի: Տեղեկությունը ճշտելու համար «Ժողովուրդ»-ը զրուցեց Արամ Հարությունյանի հետ, ով կարճ պատասխանեց. «Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Նման բան չկա»:
ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՊԱԿԱՍ Է
Երկու շաբաթ անընդմեջ անցկացված ԱԺ նիստերից հետո՝ այս շաբաթ էլ ԱԺ մշտական հանձնաժողովներում մեկնարկեցին 2013թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկումները: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս փաստը դժգոհություն է առաջացրել պատգամավորական շրջանակներում. բանն այն է, որ անընդմեջ քառօրյաները իրոք աշխատող պատգամավորների համար դարձել են տանջանք: Ու հիմա չի բացառվում, որ առաջիկա օրերին բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ խորհրդարանում պատգամավորների «սով» սկսվի, եւ դահլիճում լրագրողներն իրենց քանակով գերազանցեն օրենսդիրի ներկայացուցիչներին: