ՀՀԿ ՀԱՄԱԳՈՒՄԱ՞Ր, ԹԵ՞ ՀՀԿ-Ի ԳՈՎԱԶԴ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պատահական չէ, որ ՀՀԿ համագումարները մամուլն ամեն անգամ նույնացնում է բրեժնեւյան ժամանակների ՍՄԿԿ պլենումների հետ: ՀՀԿ համագումարներում տիրող մթնոլորտը, առաջնորդի անձի պաշտամունքը, հնչող ելույթները գրեթե ամբողջությամբ կրկնում են ՍՄԿԿ պլենումները, միայն մեկ տարբերությամբ՝ այստեղ ուրիշ են գործող անձինք ու անունները: ՍՄԿԿ պլենումի ոճով էր նաեւ ՀՀԿ վերջին համագումարում Սերժ Սարգսյանի ելույթը:

«Տավուշի մարզի Գոշ գյուղի բնակիչ Արծրուն Հովսեփյանը ոչ թե պետք է մտածի՝ ում եւ ինչպես դիմի, որ սողանքից տուժած բնակարանի հարցը լուծում ստանա, այլ պետք է փնտրի իր շրջապատի Հանրապետականին՝ վստահ լինելով, որ նրա օգնությամբ իր մեծ ու փոքր խնդիրները կմտնեն մշակվող եւ իրականացվող քաղաքականության օրակարգ»,-այս խոսքերի հեղինակը երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձն է: Փաստորեն, Սերժ Սարգսյանը քաղաքացուն իր խնդիրները կարգավորելու համար ուղղորդում է ոչ թե պետական ատյաններ, այլ Հանրապետական կուսակցություն: Իսկ սա վկայում է, որ Ս.Սարգսյանն, ըստ էության, նույնացնում է պետությունն ու ՀՀԿ-ն, ճիշտ այնպես, ինչպես խորհրդային ժամանակներում էր՝ կուսակցական կառույցները նույն պետական ինստիտուտներն էին: Միաժամանակ այսպես նա զրոյացնում է պետական ինստիտուտների դերն ու նշանակությունը՝ առավելությունը տալով ՀՀԿ-ին: Եվս մեկ կարեւոր փաստ. հատկապես ավագ սերունդը լավ է հիշում, որ խորհրդային տարիներին մարդիկ կարիերա կարող էին անել միայն «պարտիական դառնալուց», այսինքն՝ կոմունիստական կուսակցության շարքերն ընդունվելուց հետո: Իր ելույթում Ս. Սարգսյանը հենց այս ոճն էր քարոզում՝ հասկացնելով, որ մարդիկ կարող են ինքնադրսեւորվել ՀՀԿ-ի միջոցով: «Փոխվում է նաեւ ՀՀԿ-ի ընկալումը հասարակության մեջ, հատկապես երիտասարդների շրջանում: Կուսակցությունը դառնում է այն կարեւոր խողովակներից մեկը, որի միջոցով ակտիվ քաղաքացիները կարողանում են իրենց ունակություններն ու գաղափարները հասցնել հասարակական կյանքի ամենատարբեր ոլորտներ, հասնել ինքնադրսեւորման ավելի բարձր աստիճանի»,- ասել է նա:
Ուշագրավ էին նաեւ քաղաքական համակարգի մասին Ս.Սարգսյանի հայտարարությունները: «ՀՀԿ-ն շարունակելու է ամրապնդել իր տեղն ու դերակատարությունը մեր երկրում, սակայն դա չի պատրաստվում անել այլ քաղաքական ուժերի հաշվին: Ավելին՝ ՀՀԿ-ն խրախուսելու է նաեւ այլ քաղաքական դերակատարների համախմբումը՝ քաջ գիտակցելով, որ ուժերի համադրումը, բյուրեղացումն ու միակցումը զարգացման օբյեկտիվ հրամայականն են»,- ասել է նա: Դժվար է ասել՝ քաղաքական դերակատարների համախմբումը խրախուսելու մասին խոսքերն ասելիս Ս.Սարգսյանն արդյո՞ք նկատի ուներ իր կոալիցիոն գործընկեր ՕԵԿ-ին ընդդիմադիր դաշտ գործուղելը: Ինչ վերաբերում է այլոց հաշվին ՀՀԿ-ի չամրապնդվելուն, ապա մինչեւ հիմա կատարվածը հուշում է հակառակի մասին. քաղաքական դաշտում հաստատվել է ՀՀԿ-ի բացարձակ մենաշնորհը, եւ դա արվել է վերջին տարիներին քաղաքական դաշտի նպատակաուղղված քայքայման ու ոչ իշխանական ուժերի միջեւ պառակտումներ սերմանելու շնորհիվ:
«Չկա մի ուժ, որ Հայաստանում կարող է անել ավելին, քան մենք՝ հանրապետականներս (առնվազն այսօր այդպես է)»,- ասել է Ս.Սարգսյանը: Սա, թերեւս, կարելի է համարել մեծամտության ու սնապարծության գագաթնակետ: Մանավանդ, երբ մարդիկ անզեն աչքով տեսնում եւ իրենց մաշկի վրա են զգում ՀՀԿ-ի՝ իշխանության տարիների ձախողումների հետեւանքները բոլոր բնագավառներում՝ ե՛ւ ներքաղաքական, ե՛ւ արտաքին քաղաքականության, ե՛ւ սոցիալ-տնտեսական առումով: Արդեն 16 տարի է՝ իշխանության գլխին կանգնած է ՀՀԿ-ն, ուստի՝ դժվար է միանշանակ պնդել, որ մյուս ուժերը չեն կարող անել ավելին, քան ՀՀԿ-ն, երբ որեւէ մեկի վրա նման պարտականություն չի դրվել: Անգամ նախկին կոալիցիոն կուսակցությունները իշխանության մեջ այնքան ներգրավված չեն եղել, որ հնարավորություն ունենային իրենց «ուժերը փորձել» ու ծրագրերն առաջ տանել: Այնպես որ, նման կատեգորիկ հայտարարություններն այնքան էլ սիրուն չեն:
Ի դեպ, ՀՀԿ-ի ներուժի մասին են վկայում վերջին կադրային նշանակումները. որքան էլ ՀՀԿ համագումարում Ս.Սարգսյանը պնդի, թե իրենց «կադրային պահուստը բազմապատիկ ավելին է, քան ոմանց կարող է թվալ», նոր կառավարության կազմը ցույց տվեց հակառակը. թարմ ուժերի փոխարեն կառավարություն վերադարձան հին ու վարկաբեկված կադրերը: Ու եթե ՀՀԿ-ի կադրային պահուստը բազմապատիկ է, ապա հետաքրքիր է՝ կառավարության կազմում ինչո՞ւ են նույն դեմքերը:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս