ԲԼԹ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կառավարության խնդիրը չէ աշխատատեղեր ստեղծելը, կառավարությունը պետք է պայմաններ ստեղծի, որ գործարաններն աշխատատեղեր ստեղծեն»:

Գարեգին Նուշիկյան Armlur.am

Սա ՀՀԿ-ական պատգամավորի տրամաբանությունն է, ու, հավանաբար, Հայաստանի երրորդ հանրապետության պատմության ընթացքում իշխանությունների բոլոր ներկայացուցիչները միշտ նույն տրամաբանությամբ են առաջնորդվել, դրա համար էլ մեր բոլոր կառավարությունների աշխատանքը եղել է ի վնաս ժողովրդի: Աշխատատեղ ստեղծելը թողնում են գործարարի վրա, իսկ եթե գործարարի առաջնային նպատակը սեփական գրպանը լցնելն ու աշխատողներին շահագործելն է, ո՞վ է դա վերահսկելու, կամ մի՞թե սա միայն գործարարների երկիր է, որ միայն գործարարը պիտի մտահոգվի աշխատատեղերի հարցով, իսկ կառավարությունը դիտորդի դերում մնա:

 
«Եթե չլինի, էն ժամանակ կմտածենք՝ ինչ պատասխան կտանք… Չեմ արդարացնում Տիգրան Սարգսյանին, անփորձ էր արտադրության մեջ, անփորձ արտահայտություններ էր անում»:

Լեռնիկ Ալեքսանյան «Առավոտ»

Նախկին վարչապետը լավ տնտեսագետ էր, ուներ լուրջ կրթություն եւ երկար տարիներ էլ ղեկավարել էր ՀՀ Կենտրոնական բանկը: Անհասկանալի է, թե ինչու է ՀՀԿ-ական պատգամավորը նրան անփորձ անվանում: Այդ դեպքում, ըստ նրա՝ ո՞վ է փորձառուն. Հովիկ Աբրահամյա՞նը, եւ ինչո՞վ է փորձ ձեռք բերել, լոլիկ աճեցնելո՞վ, թե՞ երկրի ջրային ռեսուրսների հաշվին ձկնաբուծական բիզնես հիմնադրելով: Ու ի՞նչ պետք է սպասել նման վարչապետից: Բայց ՀՀԿ-ական պատգամավորը դրա պատասխանն էլ նախօրոք ունի. «Եթե չլինի, էն ժամանակ կմտածենք՝ ինչ պատասխան տանք»: Երեւում է՝ Ալեքսանյանը «մի բան» մտածելու լավ փորձ ունի:

 
«Ինձ պրովոկացիոն հարցեր մի տվեք: Ես իրենց գործերին ծանոթ չեմ: Ես ծանոթ եմ մենակ էն գործերին, որոնցով ես ինքս անմիջականորեն զբաղվել եմ: Դրանց վերաբերյալ կարծիք կարող եմ հայտնել, իսկ մնացածի մասով չեմ կարող ասել»:

Կորյուն Փիլոյան 1in.am

Հետաքրքիր է՝ միայն Հայաստանո՞ւմ է, որ մարդը տարիներ շարունակ կարող է զբաղեցնել երկրի գլխավոր դատախազության կոռուպցիայի եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության պետի պաշտոնը, սակայն իր օրոք դատախազության աշխատակիցների գործերին ծանոթ չլինի: Բա այդ դեպքում ինչի՞ն էր ծանոթ, ինչո՞վ էր զբաղվում Կորյուն Փիլոյանը մինչեւ իր պաշտոնանկությունը: Միգուցե աշխատանքի՞ էլ չէր գնում, թե չէ գոնե տեղյակ կլիներ՝ իր իսկ աշխատած հիմնարկում գործերն անաչա՞ռ են քննվել, թե՞ ոչ: Իսկ իր մյուս նախկին կոլեգաներն իր գործերի պահով համամիտ են իր հետ, եթե ինքը միայն իր մասին է խոսում:

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ




Լրահոս