ԿԱՐԿՈՒՏԸ ԾԵԾԱԾ ՏԵՂՆ Է ԾԵԾՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Լոռու մարզում, մայիսի 24-ին տեղացած կարկուտի հետեւանքով խոշոր չափի վնասներ կրեցին մարզի մի քանի համայնքներ: Մասնավորապես տուժել են Լեջան, Մեծավան, Դսեղ, Ամրակից, Ագարակ, Ծաթեր եւ Բովաձոր գյուղերը: ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանը Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հետ միասին եղել են տուժած համայնքներում: Վնասի չափը դեռ ճշտվում է, որից հետո մարզպետարանը դիմելու է ՀՀ կառավարություն: Իսկ թե ինչո՞վ կօգնի կամ, առհասարակ, կօգնի՞ կառավարությունը, դեռ հայտնի չէ:

Կարկտահարված համայնքներում հիմնականում վնասվել են հացահատիկի, կարտոֆիլի ցանքատարածությունները եւ պտղատու այգիները: Օրինակ՝ միայն Ագարակում 175 հա հացահատիկի եւ 80 հա կարտոֆիլի ցանքատարածություններ են վնասվել, իսկ Լեջան համայնքում, նախնական տվյալներով, տեղացած կարկուտը վնասել է 140 հա հացահատիկի եւ 40 հա կարտոֆիլի ցանքատարածություն: Լեջանի գյուղապետ Սասուն Մարգարյանի խոսքով՝ գյուղի գրեթե բոլոր բնակիչները տուժել են:
Իսկ ինչո՞վ է օգնել ՀՀ գյուղնախարարը մարզ կատարած այցելության ժամանակ. «Ընդամենը հանձնարարվել է ստեղծել հանձնաժողով՝ վնասը հաշվարկելու, այն ներկայացնելու մարզպետարան, իսկ վերջինս էլ կառավարություն: Տեսնենք, թե ինչ արդյունք կստանանք: Մենք որեւէ մեկից դժգոհելու իրավունք չունենք»,-ասաց գյուղապետը:
Գյուղապետի պնդմամբ՝ Լեջանում ամեն տարի էլ կարկուտ լինում է: Այս տարվա նման եղավ նաեւ նախորդ տարի: «Ժողովուրդ»-ի հարցին՝ նախորդ տարի կառավարությունն ինչո՞վ օգնեց լեջանցիներին, Մարգարյանը պատասխանեց. «Նախորդ տարի «Տաշիր» հիմնադրամի կողմից միայն 1 մլն 400 հազար դրամի չափով հարկերի մասով զեղչվեց. մոտ 140 հա հացահատիկի համար: Բացի այդ, նույն հիմնադրամը ֆինանսապես աջակցեց եւ կարտոֆիլի ցանքատարածության յուրաքանչյուր 1000 մետրի դիմաց 15 կգ ազոտական պարարտանյութ ստացանք: Սակայն դա էլ այնքան քիչ էր, որ կեսին չհասավ: Մարզպետը միջամտել էր սուբսիդավորված պարարտանյութի համար, իսկ գումարն էլ տրամադրել էր «Տաշիր» հիմնադրամը: Իսկ ահա Ամրակից համայնքում տեղացած կարկուտը վնասել է հացահատիկի եւ կարտոֆիլի ցանքատարածությունները. հացահատիկը՝ 80 տոկոսի չափով, իսկ կարտոֆիլը՝ 30:
Փաստորեն ցրտահարությունն այս տարի Արարատյան դաշտի բերքը փչացրեց, իսկ կարկուտը Լոռու մարզում՝ հացահատիկն ու կարտոֆիլը: Գյուղացու հույսն էլ պետությունն է, բայց պարզվում է, որ ոչ պետական կազմակերպությունն է, ի դեմս «Տաշիր» հիմնադրամի, պետության փոխարեն օգնել գյուղացիներին:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս