«Վիկիլիքսյան» հրապարակումներից հերթականը պատմում է ՀՀ-ում ԱՄՆ գործերի նախկին ժամանակավոր հավատարմատար Ջ.Փենինգոտնի եւ Սերժ Սարգսյանի ներկայացուցիչների միջեւ կայացած հանդիպման մասին: ՀՀ իշխանություններից այդ հանդիպմանը մասնակցել են Սերժ Սարգսյանի փեսան՝ Միքայել Մինասյանը, եւ օգնականը՝ Լեւոն Մարտիրոսյանը: 2007թ. աշնանը կայացած զրույցի կենտրոնում են եղել տիրող քաղաքական իրավիճակն ու հայ-թուրքական հարաբերությունները: Ամերիկացի դիվանագետի այս զեկուցագրով փաստվում է, որ մինչ նախագահական ընտրություններում «հաղթելը», Սերժ Սարգսյանն արդեն իսկ քայլեր էր ձեռնարկում Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման ուղղությամբ:
Փենինգտոնը տեղեկացնում է, որ Ս.Սարգսյանի խորհրդականների հետ իր հանդիպումը տեւել է ավելի քան 90 րոպե: Նրա մատուցմամբ՝ դա ամերիկացիների հետ Միքայել Մինասյանի առաջին հանդիպումն էր այն պահից ի վեր, երբ նա սկսել էր ներգրավվել հանրային կյանքին: Փենինգտոնը հայտնում է, որ «երկար ու արդյունավետ խոսակցության ընթացքում երկուսը բացատրեցին Սերժ Սարգսյանի ցանկությունը՝ Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու կապակցությամբ՝ նույնիսկ նախագահ դառնալուց առաջ»: Այստեղ հետաքրքիր է այն պարագան, որ Սերժ Սարգսյանը, փաստորեն, արդեն իսկ գիտեր, որ նախագահ է դառնալու եւ ձեռնամուխ էր եղել արտաքին քաղաքական բավականին լուրջ ձեռնարկման: Ինչեւէ, ամերիկացի դիվանագետը հավելում է, որ իշխանության ներկայացուցիչները «համաձայնել են իր այն դիտարկմանը, թե կառավարության՝ վերջին շրջանի գործողություններն ընդդեմ ընդդիմադիր գործիչների առաջին հերթին վնասում են իրենց հեղինակությունը, թեպետ միաժամանակ վստահ են, որ հարկային տեսչության գործողությունները լիովին հիմնավոր են»: Միքայել Մինասյանը հայտնել է նաեւ, որ «Ազատություն» ռադիոկայանի հաղորդումներն այնքան միակողմանի են ու թշնամական, որ ԱՄՆ կառավարությունը նույնիսկ չի էլ կարող պատկերացնել: Փաստորեն այս եղանակով Սերժ Սարգսյանի փեսան արդարացնում էր իշխանությունների անօրինական գործողությունները լրատվամիջոցի հանդեպ, թեպետ քննարկման ավարտին խոստացել էր խոսել նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Արմեն Գեւորգյանի հետ՝ ռադիոհաճախականության փոփոխման հարցին դրական ընթացք տալու համար:
Կողմերի հանդիպման հիմնական թեման եղել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը: Ամերիկացիները հաղորդել են, որ Թուրքիայի պաշտոնատար անձանցից տեղեկություններ են գալիս այն մասին, որ նրանք ցանկանում են կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ: Այդ կապակցությամբ ամերիկացիները հետաքրքրվել են` արդյոք Սերժ Սարգսյանը կարող է համաձայնել մինչեւ նախագահական ընտրությունները ընկած ժամանակահատվածում աշխատել այս հիմնահարցերի ուղղությամբ: Երկու խորհրդականները պնդել են, որ Սարգսյանը պատրաստակամ է ու ցանկանում է կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները: Նրանք, սակայն, նշել են, որ միջազգային հարաբերություններ վարելու սահմանադրական լիազորությունը պատկանում է ոչ թե վարչապետին, այլ նախագահին (Ս. Սարգսյանն այդ ժամանակ զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը-խմբ), ինչը սահմանափակում է վերջինի գործառնական հնարավորություններն. «Այն ենթադրությամբ, որ Սերժ Սարգսյանը կընտրվի նախագահ, Սարգսյանը խնդիր չի տեսնում Թուրքիայի կառավարության հետ քննարկումների գործընթաց սկսելու հարցում»: Մինասյանն արտահայտել է իր մտահոգությունը, որ ով էլ ՀՀ անունից հանդես գա հարաբերությունների կարգավորմամբ, պետք է խոսի Թուրքիայի կառավարության ամենաբարձր ներկայացուցիչների հետ. «Հայաստանը նախկինում ունեցել է նման փորձեր, երբ երկխոսության մեջ են մտել թուրքական կառավարության ներկայացուցիչների հետ, ապա ավելի ուշ հայտնաբերել, որ խոսակիցը ոչ մի իրական մանդատ չունի զրույցը շարունակելու կամ գործնական հողի վրա բերելու համար»: Մինասյանը, սակայն, հայտնել է, որ հաշվի առնելով ԱՄՆ-ի՝ միջնորդ դառնալու հանգամանքը, իրենք ստեղծված իրադրության հանդեպ վստահություն են ցուցաբերում:
Ամերիկացի դիավանագետը նկատել է. «Թե՛ հայկական, թե՛ թուրքական կողմը դիմացինի հայտարարությունները հաճախ տեսնում է լոկ սադրանքի ժանրում: Անկարայի դեսպանատունը պատրաստվում է դիմել թուրքական կառավարության ղեկավարներին, որ զերծ մնան սադրանքներից, եւ ողջունելի կլինի, որ Հայաստանն էլ նույն կերպ վարվի»: Դիվանագետի հաղորդմամբ՝ թուրքերին դուր չի եկել նույն ժամանակահատվածում ԱԳ նախարար Օսկանյանի նամակը՝ Նենսի Փելոսիին, ինչն ավելի եւս փաստել է, որ Հայաստանը շարունակում է իր նախկին քաղաքականությունն ու ցեղասպանությունը ճանաչող բանաձեւերի սատարումը Վաշինգտոնում ու ամբողջ աշխարհում: Վարչապետի խորհրդականներն այստեղ պահպանել են քար լռություն ու չեն մեկնաբանել: Ապա Մինասյանը սահուն անցում է կատարել հարաբերությունների հաստատման տնտեսական կողմերին՝ նկատելով. «Այն հսկայական առեւտուրը, որ իրականացվում է հայերի ու թուրքերի միջեւ Վրաստանի միջոցով, արդեն իսկ փաստում է, որ նորմալ հարաբերությունների հաստատումը խիստ պահանջված է, ինչի հիմքն էլ կա, եթե քաղաքական խնդիրները հնարավոր լինի լուծել»:
Հատկանշական է, որ այսօրինակ զրույցներին զուգահեռ՝ իշխանությունները սեփական լրատվամիջոցներով փորձում էին այնպիսի տպավորություն ստեղծել, թե Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությամբ հանդես եկող Տեր-Պետրոսյանը «թուրքամետ» է: Այդպես արտահայտվող Քոչարյանը մի՞թե տեղյակ չէր Սերժ Սարգսյանի «թրքասիրությունից», ով ամերիկացիների հետ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու շուրջ բանակցություններ էր վարում ու անուղղակիորեն խոստանում նախագահական աթոռին տիրանալուց հետո զարկ տալ այդ գործընթացին:
ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ