ՉԷԻՆ ՀԱՄԸՆԿՆՈՒՄ
Մայիսի 25-ի կեսգիշերին «Արմենիա» հեռուստաընկերությամբ ցուցադրվում էր «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի հերթական թողարկումը, որի ընթացքում Սաթիկ Սեյրանյանի հարցերին պատախանում էր վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում այդ հեռուստաընկերության հաղորդումները ստացվում են արբանյակային կապով: Ու երեւի թե դա էր պատճառը, որ հաղորդման ընթացքում կադրերը եւ մասնակիցների ձայները չէին համընկնում: Հաճախ կադրում երեւում էր խոսող Հովիկ Աբրահամյանը, սակայն լսվում էր Սաթիկ Սեյրանյանի ձայնը, կամ՝ հակառակը:
Ո. ՍԱՐԳՍՅԱՆ
ԹԱՆԿԱՑԵԼ ԵՆ
Լարսի ավտոճանապարհին տեղի ունեցած փլվածքի հետեւանքով Հայաստան-Ռուսաստան ավիատոմսերը կտրուկ թանկացել են: Այս մասին Armlur.am-ը տեղեկացավ առավել խոշոր ավիաընկերությունների ավիատոմսերի վաճառքի կետերից: Պարզվեց, որ այս պահի դրությամբ Երեւան-Կրասնոդար բոլոր էժան տոմսերը՝ միջինը՝ 40.000 դրամ, արդեն վաճառվել են, եւ 45.000 դրամ արժողությամբ տոմս մինչեւ հունիսի 9-ը չի գտնվի: Հիշեցնենք, որ մայիսի 17-ին ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն էր ստացվել, որ ժամը 09.20-ին Գվելեթի-Դարիալ (Ներքին Լարս) ավտոճանապարհի միջնամասում՝ Թերեք գետի ափին, տեղի է ունեցել փլվածք, ինչի հետեւանքով ավելի քան մեկ ամիս ճանապարհի այդ հատվածը փակ է լինելու:
ՆԿԱՏՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՔ
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրամաններ է ստորագրել, համաձայն որոնց՝ ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով ոչ պատշաճ կատարելու համար ՀՀ ԿԳՆ մի շարք ուսումնական հաստատությունների ղեկավարներ ստացել են կարգապահական տույժ՝ «նկատողություն»: Աշոտյանի մեկ այլ հրամանով՝ Երեւանի երաժշտական թիվ 13 հատուկ դպրոցի տնօրեն Սամվել Երանյանի նկատմամբ կիրառվել է «խիստ նկատողություն» կարգապահական տույժը, որի համար հիմք են ծառայել ՀՀ վերահսկիչ պալատի եւ ՀՀ ֆինանսների նախարարության վերահսկիչ, վերստուգիչ վարչության հայտնաբերած թերությունների ու խախտումների մասին արձանագրությունները: Ի դեպ, հանձնարարվել է նաեւ Արմավիրի Տիգրան Մեծի անվան ռազմամարզական հատուկ վարժարանի տնօրենին՝ հաշվապահի նկատմամբ կիրառել կարգապահական տույժ՝ «խիստ նկատողություն»: