Վերջերս հայոց բանակի N զորամասերից մեկում ջրծաղիկի հետեւանքով մահացած Հայկ Խաչատրյանի մահվան պատճառները բացահայտելու համար պաշտպանության նախարարի հանձնարարությամբ բժշկական հանձնաժողով ձեւավորվեց: Այն պետք է բացահայտեր, թե իրականում ինչու է մահացել զինվորը: Սակայն երկար ժամանակ է` հանձնաժողովի գործունեության արդյունքներից որեւէ տեղեկություն չկա: Հիշեցնենք, որ ժամանակավոր այդ մարմինը ղեկավարում է ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, ՀՀ կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Բենիկ Հարությունյանը (այո՛, նա, ով «Ժողովուրդ» օրաթերթից 2,5 մլն դրամ է պահանջում): Երեկ փորձեցինք տեղեկանալ, թե ինչ է անում այդ հանձնաժողովը, չի ավարտել արդյոք աշխատանքը: Դիմեցինք Բենիկ Հարությունյանին, ով ասաց. «Ես ժամանակ չունեմ, ես բոլոր նյութերը տրամադրել եմ պաշտպանության նախարարության մամլո քարտուղարին, եւ դուք կարող եք նրանից բոլոր ինֆորմացիաները ճշտել: Մենք մեր մասով ավարտել ենք, բայց դեռ ես չեմ կարող ասել, այնտեղ նախաքննական մարմին է ստեղծվել, քննչական աշխատանք է տարվում եւ դատաբժշկական փորձագիտություն: Դրանից հետո` նյութերը պատրաստ լինելուց հետո, պետք է հանձնաժողովային քննարկում լինի, երբ է լինելու` ես ա՛յ դա չգիտեմ: Բայց կարծում եմ, որ այդ ժամանակ ինձ էլ երեւի կհրավիրեն, ես էլ կմասնակցեմ, իմ ինֆորմացիան ես տրամադրել եմ այնտեղ, որտեղ որ պետք է տայի»: Այսպիսով` Բենիկ Նիկոլաեւիչը մեզ չհայտնեց, թե ինչպես է ջրծաղիկը զինվորի մահվան պատճառ դարձել:
ԲԵՆԻԿՆ ԻՐ ԳՈՐԾՆ ԱՎԱՐՏԵՑ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ