ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՎԵՐԱԾՎՈՒՄ ԵՆ ԱՎԱԶԱՀԱՆՔԵՐԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն, որ Արարատյան դաշտավայրը կանգնած է անապատացման վտանգի առջեւ, արդեն իսկ ակնհայտ է ոչ միայն մասնագետների, այլ անգամ իշխանությունների համար: Հիշեցնենք, որ երկու ամիս առաջ Տիգրան Սարգսյանի կառավարությունը մի շարք արգելող եւ սահմանափակող որոշումներ կայացրեց Արմավիրի եւ Արարատի մարզերում արտեզյան ջրերի հորատանցքերի շինթույլտվությունների հետ կապված: Բացի այդ, ընդերքի ջրերի անխնա վատնման փաստերով հարուցվել են մի քանի քրեական գործեր, որոնք գտնվում են դատախազությունում:

Ոռոգման նպատակով օգտագործվող ընդերքային ջրերի սակավության արդյունքում տուժում են գյուղացիները, որոնք, պարզապես, չեն կարողանում մշակել իրենց գյուղնշանակության հողատարածքները: Ավելին` նրանք ստիպված իրենց հողերը ցածր գներով վաճառում են, իսկ այն գնողներն էլ դրանք վերածում են ավազահանքերի: Արդյունքում` Արարատյան դաշտավայրի մի քանի տասնյակ համայնքների գյուղնշանակության հողերն այսօր վերածվել են անապատի եւ ճահճուտների:
ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանի համայնքների բնակիչները տասնամյակներ շարունակ մշակել են իրենց հողատարածքները: Սակայն վերջին երեք տարիներին ջուր չունենալու պատճառով նրանք ստիպված իրենց հողատարածքները ցածր գներով վաճառում են: Բանն այն է, որ այդ տարածքում հիմնականում ավազային հողեր են: Իսկ ավազը, ինչպես հայտնի է, պահանջարկ ունեցող շինանյութ է: Այդ պատճառով էլ շատ տնտեսվարողներ գնած հողատարածքների զգալի մասը վերածել են ավազահանքերի:
Սակայն ոչ բոլորն են բարեխիղճ. հայտնի է, որ որոշ ավազահանքեր գրունտային ջրերի բարձր մակարդակի պատճառով լցվում են ջրով եւ վերածվում ճահիճների: Եվ ահա թե ինչ պատկեր ունենք այսօր. ավազահանքերի շահագործումից հետո հողատարածքները կամ անապատացած են կամ էլ` ճահճանման լճակների վերածված: Այս լճերից օգտվում են միայն հարակից համայնքների բնակիչները, ովքեր սիրում են ձկնորսությամբ զբաղվել:
Ի դեպ, անապատացած հողատարածքներն այլեւս չեն կարող օգտագործվել գյուղատնտեսական նշանակությամբ, քանի որ դրանք չեն վերականգնվում:
Մինչդեռ ընդերքի մասին ՀՀ օրենքի համաձայն՝ հանքավայրերի շահագործումից հետո պարտադիր է կատարել բուսական շերտի վերականգնում` ռեկուլտիվացիա: Տեղեկացնենք, որ հանքավայրերի փակվելուց հետո հողատարածքների ռեկուլտիվացիայի համար միակ պատասխանատուն Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունն է: Եթե տնտեսվարողի կողմից այն չվերականգնվի, ապա նախարարությունը պարտավոր է սեփական նախաձեռնությամբ բնության եւ շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի հաշվին ռեկուլտիվացնել շահագործված եւ լքված տարածքը:
«Ժողովուրդ»-ն առաջիկայում կներկայացնի, թե որ ընկերություններն են շահագործում այս ավազի հանքերը: Եվ կպարզի` դրանք օրինակա՞ն են գործում, թե՞ ոչ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս