ԳԵԲԵԼՍՅԱՆ ՏԵՌՈՐԻ ՍՊԱՍԵԼԻՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության երեկվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանն աչքալուսանք է տվել. այսուհետ իրենք լրատվամիջոցներով լայնամասշտաբ արշավ են սկսելու: Իսկ նպատակն այսպես է մեկնաբանել. «Որպեսզի մեր քաղաքացիներն իրազեկված լինեն, թե ինչպիսի ծառայություններ ենք մենք նրանց մատուցում եւ ինչպիսի փոփոխություններ ենք իրականացնում այդ ծառայությունների որակը բարձրացնելու համար, որպեսզի այն իրավունքները, որոնք ունեն մեր քաղաքացիները, իրացվեն ամբողջությամբ»:
Այլ կերպ ասած` այսուհետ իշխանական «պրոպագանդան» ամեն օր քաղաքացիներին համոզելու է, թե որքան լավ կյանքով ենք ապրում մենք. որ Հայաստանը վերածվել է երկիր-դրախտավայրի` իր հետեւում թողնելով անգամ գերզարգացած պետություններին: Ու ոչինչ, որ շարքային քաղաքացին իր մաշկի վրա չի զգում այդ լավ կյանքը կամ պետության մատուցած ծառայությունների բարձր որակը: Իշխանություններին դա այնքան էլ չի հետաքրքրում: Կարեւորը` նախընտրական այս շրջանում հասարակությանը համոզելն ու ամպագոռգոռ թվեր ներկայացնելն է: Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում տեղեկացրել էր, որ Տիգրան Սարգսյանը խորհրդակցության էր հրավիրել ՀՀԿ-ական նախարարներին ու հանձնարարել` առանձնացնել իրենց ոլորտում գրանցված հաջողությունները` նախընտրական քարոզչության ժամանակ օգտագործելու համար: Հիմա, փաստորեն, Տիգրան Սարգսյանը կամաց-կամաց իրագործում է այդ ծրագիրը` տարբեր «վեկտորներով»:
Հասկանալի է, որ առաջիկայում, այս ամենից բացի, ՀՀԿ-ն փորձելու է նաեւ ներկայացնել հաշվետվություն, թե որքանով է իրագործել իր` 2007թ. նախընտրական ծրագիրը: Իսկ այնտեղ նախատեսված է 2007-2012թթ. ունենալ աշխատավարձերի աճ` 2 անգամ, կենսաթոշակների ու նպաստների աճ` 2,5 անգամ, իսկ աղքատությունն էլ կրճատել 1,5 անգամ: Թե որքանով է կրճատվել աղքատությունը, լավագույնս ապացուցում է պաշտոնական վիճակագրությունը. եթե 2006թ. աղքատ էր ՀՀ բնակչության 26,5 տոկոսը, ապա այսօր աղքատությունը դարձել է 30 տոկոս: այսինքն` այսօր աղքատ է համարվում յուրաքանչյուր երրորդ քաղաքացին:
Ինչ վերաբերում է աշխատավարձերի բարձրացմանը, ապա այս տարիներին գրանցվել է զուտ թվաբանական աճ: Եթե 2006թ. ամսական նվազագույն աշխատավարձը եղել է 15 հազար դրամ, ապա 2010թ. այն հասել է 30 հազարի: Սակայն եթե այս տվյալները դիտարկում ես համեմատության մեջ, ապա պարզ է դառնում` աշխատավարձի իրական բարձրացում տեղի չի ունեցել: Բանն այն է, որ աշխատավարձերի բարձրացմանը զուգահեռ նաեւ լուրջ գնաճ է գրանցվել: Եթե 2006թ. գնաճը կազմել է 5,2 տոկոս, ապա 2010-ին` 9,4, իսկ 2011թ.` 7,7 տոկոս: Այսինքն` թեեւ մի կողմից ավելացել են քաղաքացու եկամուտները, մյուս կողմից` սոսկալի գնաճն աշխատավարձի բարձրացման էֆեկտը հավասարեցրել է 0-ի: Ի դեպ, եւս մեկ ուշագրավ հանգամանք. օրերս ԱՎԾ հրապարակած տեղեկանքի համաձայն` 2011թ. համեմատ կյանքը թանկացել է 12,9 տոկոսով, ընդ որում, պարենային ապրանքները թանկացել են 21,4 տոկոսով: Իսկ անցած տարվա դեկտեմբերի համեմատ, ըստ նույն տեղեկանքի, գները աճել են 3,6 տոկոսով: Ընդ որում, սա ամենաբարձր ցուցանիշն է անցած 7 տարիների ընթացքում:
Այս ամենի ֆոնին ուշագրավ է նաեւ մեկ այլ հանգամանք: 2011թ. մարտի 11-ին խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել էր. «Մեր ժողովուրդը, արդեն մայիս-հունիս ամիսներից սկսած, պետք է զգա իր կենցաղային հոգսերի թեթեւացում, մարդիկ պետք է տեսնեն, որ սննդի եւ հատկապես գյուղմթերքի անասելի բարձր գները վերադառնում են իրենց աչքին սովոր մակարդակին: Սա խնդիր է, որ մենք պետք է անպայման լուծենք` կանգ չառնելով որեւէ դժվարության առջեւ… Եթե մեծ, լուրջ ծրագիր է ձախողվել, անպայման պետք է հետեւանքներ լինեն, այլապես բոլորս էլ գիտենք, որ ձախողված ծրագրերի արդարացման համար պատասխանատուները կարող են տասից ավելի արդարացումներ բերել: Մեզ արդարացում պետք չէ»: Այդ խորհրդակցությունից ամիսներ անց դեռեւս ոչ միայն գների նվազում չարձանագրվեց, այլեւ ընդհակառակը, գնաճն ավելի սաստկացավ, ու դա է փաստում պաշտոնական վիճակագրությունը: Այսինքն` Սերժ Սարգսյանի հանձնարարականը նրա ենթականերից որեւէ մեկն այդպես էլ «բանի տեղ չդրեց»:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս