Հայ-ուկրաինական լավ հարաբերությունների մասին դեռ վաղ է խոսել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 27-ին շնորհավորական ուղերձ հղեց Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյին: Ուղերձում նախագահը կարևորեց հայ-ուկրաինական փոխգործակցության համաչափ զարգացումը, առևտրատնտեսական փոխշահավետ համագործակցության ակտիվացումը և հումանիտար կապերը շարունակաբար ընդլայնելու երկու երկրների հանձնառությունը: 

Armlur.am-ը  ռազմավարական և ազգային հետազոտությունների  հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանից փորձեց պարզել` Ուկրաինայի  նախագահական ընտրություններից հետո հայ-ուկրաինական հարաբերությունների զարգացում սպասվում է, թե՝ ոչ:

Քաղաքագետը կարծում է, որ դեռ վաղ է դրական առաջընթացի մասին խոսելը, քանի որ Հայաստանում Ուկրանիայի դեսպանը դեռ չի վերադարձել Երևան:

«Չեմ կարծում, թե Ուկրաինան պատրաստ է, Հայաստանն էլ իր հերթին խճճվել է Ռուսաստանի հետ հարաբերություններում»,-  ասաց քաղաքագետը:

Բացի Ռուսաստանի հետ խճճված հարաբերություններ ունենալուց` Մանվել Սարգսյանը հիշեցնում է մեկ այլ փաստ ևս. Հայաստանը ստորագրելու է Եվրասիական միության անդամակցության մասին պայմանագիրը: «Հայ-ուկրաինական հարաբերություններն այս պահին վատ են, սրանից այն կողմ ավելի վատ չի լինում»,- վստահեցնում է Մանվել Սարգսյանը:

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի` Պորոշենկոյին ուղղված շնորհավորանքին, Մանվել Սարգսյանն ասաց, որ այլ հարց է,թե Սարգսյանի շնորհավորանքն Ուկրաինան ինչպես  է ընկալում:

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանն էլ կարծում է, որ հայ – ուկրաինաիան քաղաքական և տնտեսական հարաբերությունների կարգավորման համար երկար ժամանակ է անհրաժեշտ: Բացի այդ` Ուկրաինան իրավիճակը պետք է շտկի  հարավարևելյան շրջաններում: «Ասել է թե՝ Ուկրաինայի հետ  սերտ հարաբերություններ հաստատելու համար այդ երկրի մթնոլորտն առայժմ բարենպաստ չէ»,- վստահեցնում է տնտեսագետը:

Հայ-ուկրաինական տնտեսական հարաբերությունների մասին խոսելիս էլ տնտեսագետն ասաց, որ Ուկրաինայի հետ Հայաստանն այդքան էլ մեծ ապրանքաշրջանառություն, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա չի ունեցել:

Բոստանջյանը համաձայն  չէ, որ ՄԱԿ-ում Հայաստանի` Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը դեմ քվեարկելը  բացասաբար է ազդել հայ-ուկրաինական  թե´ քաղաքական, թե´ տնտեսական հարաբերությունների  վրա:

«Ուկրաինայի ղեկավարությունը հասկանում է, որ ՀՀ-ն այլընտրանք չուներ, քանի որ Ռուսաստանի հետ Հայաստանը սերտ կապեր ունի»,- եզրափակեց  տնտեսագետը:

Սոնա Դավթյան




Լրահոս